Նիւ Եօրքում` Մանհեթենի հարաւում, բացւել է Առեւտրի համաշխարհային կենտրոնի մերձակայ մետրոյի կայարանը, որը փակ էր 17 տարի:
«alikonline.ir» - Նիւ Եօրքում` Մանհեթենի հարաւում, բացւել է Առեւտրի համաշխարհային կենտրոնի մերձակայ մետրոյի կայարանը, որը փակ էր 17 տարի: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը՝ յղում անելով «BBC»-ին:
Մետրոյի առաջին գծի «Cortlandt Street» կայարանը թաղւել Էր Առեւտրի համաշխարհային կենտրոնի երկւորեակ աշտարակների փլատակների տակ, որոնց մէջ մխրճւել էին ինքնաթիռները 2001 թւականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողութիւնների ընթացքում:
Այդ օրը զոհւեց շուրջ երեք հազար հոգի, վիրաւորւեցին հազարաւոր մարդիկ: 17 տարի անց կայարանը շահագործման է յանձնւել «World Trade Center» (WTC) նոր անւանումով:
«World Trade Center»-ը պարզապէս մետրոյի կայարան չէ: Այն Առեւտրի համաշխարհային կենտրոնը վերականգնելու նիւեօրքցիների ձգտման խորհրդանիշն է»,- ասել է «Metropolitan Transportation Authority»-ի ղեկավար Ջոզէֆ Լոտան: «New York Times»-ի տւեալներով նոր կայարանը Նիւ Եօրքի վրայ նստել է 181.8 մլ. դոլար: Այժմ այն հանդերձւած է նորագոյն տեխնիկայով, օրինակ՝ նոր օդափոխիչ համակարգով: Սիւների թւաքանակի նւազեցման շնորհիւ դրանում աւելի մեծ է տարածքը ուղեւորահոսքի համար: