Հա

Այլ

20/10/2018 - 12:20

Չինաստան-Ռուսաստան-Իրանի տնտեսութիւնն ուժեղ է ԱՄՆ-ի տնտեսութիւնից

Տեսնենք, թէ ինչպիսին է Իրանի տնտեսութիւնը, որով մինչեւ սեպտեմբեր այնքան «մտահոգւած էին» ԱՄՆ-ի եւ Իսրայէլի իշխանութիւնները: Ասել, թէ այդ ոլորտում իրանցիները խնդիրներ չունեն, չափազանցութիւն կը լինի: Բայց չնշել, որ չնայած ամէն տեսակի պատժամիջոցներին ու սպառնալիքներին, Իրանի տնտեսութիւնը կենդանի է եւ արագ զարգանում է, մեծ սխալ կը լինի: 

Սերգէյ Շաքարեանց

 

Տեսնենք, թէ ինչպիսին է Իրանի տնտեսութիւնը, որով մինչեւ սեպտեմբեր այնքան «մտահոգւած էին» ԱՄՆ-ի եւ Իսրայէլի իշխանութիւնները: Ասել, թէ այդ ոլորտում իրանցիները խնդիրներ չունեն, չափազանցութիւն կը լինի: Բայց չնշել, որ չնայած ամէն տեսակի պատժամիջոցներին ու սպառնալիքներին, Իրանի տնտեսութիւնը կենդանի է եւ արագ զարգանում է, մեծ սխալ կը լինի: Զարգացման բրազիլական բանկը նախատեսում է 1.2 մլրդ դոլարի վարկային գիծ բացել Իրանի հետ առեւտուրը շարունակելու եւ այնտեղ ներդրումներ անելու համար, յայտնել է Թեհրանում Բրազիլիայի դեսպան Ռոդրիգու Սանտուշը: Եւ դա այն դէպքում, որ Բրազիլիան տնտեսական գծով Լատինական Ամերիկայում առաջատարն է, միեւնոյն ժամանակ ԱՄՆ-ի կողմից ծայրայեղ «սեղմւած» պետութիւն: Բայց նոյնիսկ Բրազիլիան է հասկանում, որ իրենց համար Իրանն է հնարաւորութիւն, ոչ թե ԱՄՆ-ից ինչ-որ շահաբաժիններ: Եւ համաձայնենք, որ եթէ պատժամիջոցների տակ յայտնւած իրանական տնտեսութիւնը հեռանկարներ չունենար, ապա Լատինական Ամերիկայի առաջատար երկիրը կը գերադասեր յարաբերութիւնները չսրել Վաշինգտոնի հետ:

Այժմ վերցնենք... Հայաստանը: Չնայած աշխարհագրական մօտութեանը եւ Իրանի հետ առեւտրատնտեսական յարաբերութիւնները թափով զարգացնելու տրամաբանական լինելուն, Հայաստանի իշխանութիւններն այնպէս են ձեւացրել եւ ձեւացնում, ասես Իրանը Մարսի վրայ ինչ որ տեղ է: Իրանական տոմարով ընթացիկ 1397 թ. ֆինանսական տարւայ առաջին 4 ամսում (2018 թ. մարտի 21-յուլիսի 22) Իրանի եւ Հայաստանի ոչնաւթային ապրանքաշրջանառութիւնը կազմել է 132 768 տոննա 54.31 մլն. դոլար: Դա նշանակում է տոննայով աճ 24.48 %-ով եւ արժէքով աճ 24.79 %-ով՝ նախորդ տարւայ նոյն ժամանակամիջոցի համեմատութեամբ: Արտահանումը Իրանից Հայաստան եղել է 131 564 տոննա եւ 49 մլն. դոլարի, աճը՝ համապատասխանաբար 28.04 % եւ 29,88 % (տարեկան հաշւարկով): Իրանից արտահանման ցուցանիշով Հայաստանը եղել է 25-րդ տեղում: Իրանը Հայաստան է արտահանել տեխնիկա, մոնօկուլիար խցիկներ, պիստակ: Հայաստանն Իրան է արտահանել 5.31 մլն. դոլարի 1263 տ ապրանք, ինչը նախորդ տարւայ համեմատ պակաս է համապատասխանաբար 8.33 %-ով եւ 68.02 %-ով: Չորս ամսում Հայաստանը արտահանմամբ Իրանի համար եղել է 62-րդ տեղում: Արտահանւել են հիմնականում ոչխարներ, տրանսպորտային միջոցներ եւ դիզելային շարժիչներ:

Ռուս-իրանական ապրանքաշրջանառութեան մասին: Իրանական օրացոյցի նոյն 1397 թ. ֆինանսական տարւայ առաջին 4 ամսում ՌԴ-ի հետ Իրանի ապրանքաշրջանառութիւնը կազմել է 645 158 տոննա (546.24 մլն. դոլարի)՝ նախորդ տարւանից 33.93 %-ով (130.35 %) աւելի: Իրանից Ռուսաստան արտահանումը՝ 171 496 տոննա (93.56 մլն. դոլարի), աճը՝ 29.39 % (36.84 %): Այդ 4 ամսւայ ընթացքում Ռուսաստանը 21-րդ տեղում էր Իրանից ներմուծման ցուցանիշով: Իրանը Ռուսաստան էր արտահանում խնձոր, լոլիկ եւ կիւի: Իսկ Ռուսաստանն Իրանին մատակարարել է 473 662 տոննա ապրանք (452.68 մլն. դոլարի), աճը՝ 35.66 % (168.22 %), եւ Ռուսաստանը դարձել է Իրանի 8-րդ խոշոր մատակարարը (հիմնականում միջուկային ռեակտորների մասեր, ռադիոնավագնացական սարքաւորումներ, եգիպտացորեն):

Մի քանի խօսք Իրանի տնտեսութեան ածխաջրածնային հատւածի մասին: Նշեալ 4 ամսում հում նաւթի եւ նաւթամթերքների արտահանումից Իրանի եկամուտը հասել է 9.98 մլրդ դոլարի, որը նախորդ տարւայ նոյն ժամանակամիջոցի ցուցանիշը գերազանցում է 60.7 %-ով: Հում նաւթ վաճառւել է 8.3 մլրդ դոլարի (նախորդ տարի՝ մօտ 4.5 մլրդի): Աճը՝ 84.2 %: Նման թռիչքի գործօններից մէկը նաւթի վերջին թանկացումն էր: Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան եւ Հարաւային Կորէան հում նաւթ ներմուծող հիմնական երկրներից են եւ ստանում են Իրանից արտահանւող նաւթի 60 %-ը: Մնացած 40 %-ն ստանում են եւրոպացի գնորդները: Իսկ Իրանի ոչնաւթային արտահանումը 5 ամսում (2018 թ. մարտի 21-օգոստոսի 22) հասել է 19 մլրդ դոլարի: Նաւթի, գազի եւ կոնդենսատների արտահանումից ստացւած 3 մլրդ դոլարն արդէն ներդրւած է տնտեսութեան մէջ: Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնազար Խեմատին յայտնել է, որ 13 մլրդ դոլար է յատկացւել սննդամթերքի, դեղորայքի եւ բժշկական սարքաւորումների ներմուծման համար: Ծիծաղելի է, բայց փաստ. Իրանն ԱՄՆ-ին առաջարկում է նպաստել նաւթի գնի իջեցմանը համաշխարհային շուկայում: Իրանի նաւթի նախարար Բիջան Զանգանէն սեպտեմբերի 26-ին քննադատել է ԱՄՆ-ի նախագահին, որը նաւթ արտահանող երկրների կազմակերպութեան անդամ արաբական երկրներին սպառնացել էր եւ յորդորել, որ նրանք իջեցնեն նաւթի գինը. «Թրամփը փորձում է լրջօրէն պակասեցնել Իրանից նաւթի արտահանումը եւ ուզում, որ նաւթի գինը չբարձրանայ, բայց այդ երկու բանը միաժամանակ անհնար են: Եթէ նա ուզում է, որ նաւթի գները չաճեն, եւ շուկան չանկայունանայ, պէտք է դադարեցնի անհարկի եւ մերձաւորարեւելեան տարածաշրջանում լարւածութիւն առաջացնող միջամտութիւնը, չխոչընդոտի իրանական նաւթի հանոյթին եւ արտահանմանը»: Զանգանեն յիշեցրեց, որ Նիւ Եօրքում իր վերջին ելոյթում Ֆրանսիայի նախագահ Մակրոնն էլ է մեղադրել Թրամփին շուկան ապակայունացնող նրա քաղաքականութեան համար: Իսկ ամենամեծ անմտութիւնն այն է, որ մինչ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է մտցնում Իրանի հետ թանկարժէք մետաղների եւ աւտոմեքենաների առեւտրի նկատմամբ, իսկ նաւթի արտահանման պատժամիջոցները կը սկսւեն նոյեմբերի սկզբին, ամերիկեան վիճակագրական ասոցիացիան հաղորդել է, որ 2018-ի յուլիսին Իրանի եւ ԱՄՆ-ի առեւտրի ծաւալը 16.2 մլն.-ից հասել է 60.7 մլն. դոլարի՝ 2017-ի նոյն ժամանակահատւածի համեմատ աւելանալով 6 անգամ: Այսինքն, արգելելով, հիմնականում Եւրոպային, ինչպէս նաեւ աշխարհի այլ մասերի խամաճիկներին առեւտուր անել Իրանի հետ, Վաշինգտոնը միաժամանակ աւելացնում է Իրանի հետ իր առեւտրական համագործակցութեան տեմպերը: Հարց տանք, թէ դա ինչ են անւանում լուրջ մարդիկ: Ըստ վիճակագրական հաշւետւութեան, ԱՄՆ-ից Իրանի ներմուծումը յուլիսին կազմել է 35.7 մլն. դոլար՝ աւելանալով 5 անգամ (նախորդ տարւայ յուլիսի համեմատ): Իրանից ԱՄՆ ներմուծումն աւելացել է 7.5 անգամ եւ հասել 25 մլն. դոլարի: 2018 թ. առաջին 7 ամսում Իրանի եւ ԱՄՆ-ի առեւտրի ծաւալը կազմել է 155.6 մլն. դոլար՝ նախորդ տարւայ նոյն ժամանակամիջոցի համեմատ աւելանալով 80 %-ով, ընդ որում ԱՄՆ-ից Իրան արտահանումն աւելացել է 101 %-ով՝ հասնելով 95.4 մլն. դոլարի, իսկ Իրանից ներմուծումն աւելացել է 54 %-ով եւ հասել 60.2 մլն. դոլարի:

Տնտեսութեամբ Իրանը, իհարկէ, դեռ «ասիական վագր» չէ, բայց Իրանի տնտեսութիւնն անսպառ հնարաւորութիւնների ովկիանոս է, ունի դրական միտումների կայուն, առաջընթաց աճ, լիովին բավարար ՀՆԱ եւ այլն: Որոշ բաներ թւարկենք միայն 2018-ի սեպտեմբերից: Հնդկաստանի նաւթավերամշակող գործարանները իրանական նաւթը կը գնեն ռուփիով՝ օգտագործելով «UCO Bank»-ը եւ «IDBI Bank-ը» նոյեմբերի 4-ից, երբ ուժի մէջ կը մտնեն Իրանի դէմ ԱՄՆ-ի պատժամիջոցները: Հնդկաստանը մի օրով անգամ չի հրաժարւի իրանական նաւթից եւ գազից:

Սեպտեմբերին Իրանի հետ համագործակցութիւնը շարունակելու մասին յայտարարել է Թեհրանում Հարաւային Կորէայի նոր դեսպան Իւ Չան Հւանը: Նա նշել է, որ հարաւկորէական շատ ընկերութիւններ ուժեղ կախում ունեն իրանական նաւթից, այդ պատճառով քիմիական եւ նաւթաքիմիական արդիւնաբերութիւնը տուժելու է իրանական նաւթի պակասից: «Մենք աշխատում ենք հասնել Իրանի նկատմամբ ամերիկեան պատժամիջոցներից հրաժարւելուն, որպէսզի շարունակենք նաւթ գնել Իրանից»,- յայտարարել է դեսպանը:

Թուրքիան Իրանին առաջարկել է համատեղ բանկ ստեղծել առեւտրին աջակցելու համար: «Համատեղ բանկի ստեղծումը, որի միջոցով մեր երկրները կարող են երկկողմ առեւտուր եւ գործարարութիւն վարել առանց ամերիկեան դոլարի, կը դառնայ վերջին քայլը տնտեսական յարաբերութիւնների զարգացման համար»,- ասել է իրանա-թուրքական գործարար խորհրդի թուրք ներկայացուցիչ Իւմիթ Քիլերը: Իսկ Ռուսաստանում մինչեւ ընթացիկ տարւայ վերջը Կազանում կը բացւի իրանական «Մելլի» բանկի դուստր մասնաճիւղը: Իր հերթին Իրանի կառավարութիւնը մեղմացրել է արտարժոյթի ներկրման կանոնները եւ ներմուծման իրաւունք ունեցող փոխանակման կէտերին ու այլ անձանց թոյլատրել երկիր ներկրել օտարերկրեայ թղթադրամներ ու ոսկի՝ մաքսային ընթացակարգին հետեւելուց եւ տուրքերն ու աւելացւած արժէքի հարկը վճարելուց յետոյ:

Վերջապէս, Իրանի խորհրդարանը յաւանութիւն է տւել 12 նոր յատուկ տնտեսական գօտի (ՀՏԳ) եւ 8 նոր ազատ առեւտրի գօտի (ԱԱԳ) ստեղծելու օրինագծին: Այդ առթիւ յիշեցնենք, որ Իրանում արդէն կան 8 ԱԱԳ եւ 26 ՀՏԳ: Նոր ԱԱԳ-ներ են կազմակերպւելու Գոլեստան, Արդեբիլ, Սիստան-Բելուջստան, Խորմոզգան եւ Բուշեր օստաններում, ինչպէս նաեւ արեւմտեան Էլամ, Քրդստան եւ Քերմանշահ օստաններում: Ներկայումս Իրանի ԱԱԳ-ներում գործում է մօտ 1500 արդիւնաբերական միաւոր, ՀՏԳ-ներում վիթխարի ներդրումներ են արւել:

Ինչպէս տեսնում ենք, աշխարհը պատրաստւում է ոչ միայն Իրանի դէմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին, այլեւ հիմնական առեւտրային գործարքների ապադոլարայնացմանը: Թող որ առայժմ Իրանի նաւթի եւ նաւթամթերքների գծով: Դժւարն սկսելն է: Սեպտեմբերի 26-ին Թեհրանում կայացաւ տարածաշրջանային անվտանգութեան հարցերով կոնֆերանս, որին մասնակցում էին Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը եւ Աֆղանստանը: Իրանի ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի (ԻԱԱԳ) քարտուղար, ծովակալ Շամխանին յայտարարեց, որ Ահւազի ահաբեկչութիւնը շատերին մերկացրեց. «Այդ միջադէպը մէկ անգամ եւս ցոյց տւեց նրանց երկակի չափանիշները, ովքեր յայտարարում են ահաբեկչութեան դէմ պայքարի մասին, եւ ցուցադրեց ահաբեկիչների այն կողմնակիցների իրական դէմքը, որոնք նոյնիսկ չդատապարտեցին այդ յանցագործութիւնը»: Շամխանին նշեց, որ ահաբեկիչներին ֆինանսապէս աջակցելը, ահաբեկչութիւնը որպէս գործիք օգտագործելը, տակֆիրիզմի գաղափարախօսութիւնն առաջ մղելը եւ այլ երկրների գործերին միջամտելը ահաբեկչութեան դէմ պայքարում երկակի չափանիշների օրինակներ են: Նա առաջարկեց տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերին համապատասխան ստեղծել տարածաշրջանի անվտանգութեան կառուցւածք օտարերկրացիների միջամտութեանը վերջ տալու եւ միակողմանիութեանը դիմակայելու համար:

Կոնֆերանսում ելոյթ ունեցած ՌԴ անվտանգութեան խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը տեռորիզմն անւանեց ընդհանուր թշնամի եւ առաջարկեց միաւորւել դրան դիմակայելու համար: Նա նաեւ ասաց, որ Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական ներկայութիւնը միայն խորացրել է այդ երկրում անվտանգութեան ճգնաժամը. «2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողութիւններից յետոյ ԱՄՆ-ը ներխուժեց Աֆղանստան թալիբների վարչակարգը տապալելու համար, սակայն 17 տարի անց թալիբներն աւելի դաժան են դարձել»: Աֆղանստանի ազգային անվտանգութեան խորհրդական Խամդուլա Մոհիդը յայտարարեց, որ քանի դեռ ահաբեկիչներն Աֆղանստանում փող եւ զէնք են ստանում, նրանց դէմ ցանկացած պայքար արիւնաւէտ չի լինի: Հնդկաստանի ազգային անվտանգութեան խորհրդական Աջիտ Կումար Դովալը եւս յայտարարեց, որ թմրանիւթերից ստացւող փողերը Կենտրոնական Ասիայում ահաբեկիչներին դարձնում են աւելի ուժեղ, ուստի անհրաժեշտ է նրանց փողերի աղբիւրը կրճատելու մեխանիզմ մշակել: Չինաստանի ներկայացուցիչը ահաբեկիչների եւ ծայրահեղականութեան դէմ պայքարում հետախուզական տւեալներ փոխանակելու կոչ արեց եւ նշեց, որ իր երկիրը պատրաստ է ակտիւացնելու Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան (ՇՀԿ) հնարաւորութիւնները ահաբեկչութեան եւ ծայրահեղական խմբաւորումների սպառնալիքներին դիմակայելու համար: Շամխանին յիշեցրեց, որ Սիրիայում հազարաւոր ահաբեկիչներ կան, որոնք լուրջ սպառնալիք են տարածաշրջանի հետագայ անվտանգութեան համար: Եվ կան համոզիչ ապացոյցներ, որ ԴԱԷՇ-ի գլխաւոր ահաբեկիչներին ԱՄՆ-ը նետում է աշխարհի այլ մասեր:

Վերջում, ինչպէս հաղորդում են ԶԼՄ-ները, այդ երկրները պայմանաւորւել են արտատարածաշրջանային երկրների կողմից հովանաւորւող ահաբեկիչների տւեալների միջպետական միացեալ բազա ստեղծելու մասին: Վաշինգտոնը մտածելու բան ունի, մանաւանդ, եթե հանկարծ Պակիստանն էլ միանայ «Անվտանգութեան գծով թեհրանեան հնգեակին»: Դրա համար նախադրեալներ կան. Հնդկաստանը եւ Պակիստանը մասնակցում են ՇՀԿ-ի աշխատանքներին, որոնց շրջանակում կայ «Հակաահաբեկչական պայքար» թեման եւ կայ «Տարածաշրջանային հակաահաբեկչական կառոյց»՝ ՇՀԿ-ի մշտապէս գործող մարմին, որի կենտրոնակայանը գտնւում է Տաշքենդում:

«Իրատես»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։