Հա

Այլ

14/04/2019 - 08:10

ՆԱՍԱ-ն երկւորեակ եղբայրների օրինակով ապացուցել է, որ տիեզերքում գտնւելը փոխում է մարդու ֆիզիոլոգիան

ԱՄՆ Օդագնացութեան եւ տիեզերական տարածութեան հետազօտութիւնների ազգային գործակալութեան (ՆԱՍԱ) անցկացրած հետազօտութեան արդիւնքում հաստատւել է, որ տիեզերքում գտնւելու հետեւանքով մարդը կրում է ֆիզիոլոգիական փոփոխութիւններ:

«alikonline.ir» - ԱՄՆ Օդագնացութեան եւ տիեզերական տարածութեան հետազօտութիւնների ազգային գործակալութեան (ՆԱՍԱ) անցկացրած հետազօտութեան արդիւնքում հաստատւել է, որ տիեզերքում գտնւելու հետեւանքով մարդը կրում է ֆիզիոլոգիական փոփոխութիւններ:

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս նշում է «The Guardian»-ը, ՆԱՍԱ-ն հետազօտել է գենետիկօրէն նոյնանման երկւորեակ տիեզերագնացներ Մարկ եւ Սքոթ Քելիներին՝ նրանցից մէկին 11 ամսով ուղարկելով Միջազգային տիեզերակայան, իսկ միւսին թողնելով Երկրի վրայ, որպէսզի աւելի ուշ նրանց տւեալները համեմատւեն:

Մասնագէտների տասը թիմ մշտադիտարկել է ու վերլուծել Քելի երկւորեակների ֆիզիոլոգիային առնչւող ամէն դետալ՝ աղիքային բակտերիաներից մինչեւ գենային ակտիւութիւն ու կոգնիտիւ հնարաւորութիւններ:

Արդիւնքում պարզւել է, որ ՄՏԿ-ում մօտ մէկ տարի անցկացնելուց յետոյ Սքոթ Քելիի մօտ ի յայտ են եկել գենային ակտիւութեանն առնչւող փոփոխութիւններ: Գէներից որոշները կապ են ունեցել իմունային համակարգի հետ, որը տիեզերքում գտնւելու ժամանակ մեծ լարւածութեան տակ է յայտնւում:

Բացի այդ, փոխւել է Սքոթի ակնախնձորի չափսը, բարակել են ցանցաթաղանթի նեարդն ու ճակատի մաշկը: Բացասական փոփոխութիւններ են գրանցւել տիեզերագնացի կոգնիտիւ ունակութիւնների հարցում:

Սակայն ամենահետաքրքիրն այն է, թէ ինչ է պատահել Սքոթի տելոմերների`քրոմոսոմների ծայրերին գտնւող փոքրիկ մարմինների հետ: Տարիքին զուգահեռ տելոմերների երկարութիւնը կարճանում է, դա տեղի է ունենում նաեւ ֆիզիկական ստրեսի դէպքում: Սքոթի դէպքում տելոմերներն անսպասելիօրէն երկարել են, ինչը մասնագէտները չէին սպասում: Սակայն Երկիր վերադառնալուց յետոյ տղամարդու տելոմերները կրկին փոքրացել են՝ հաւասարւելով երկւորեակ եղբօր տելոմերների չափսին:

Մասնագէտները մանրամասնել են, որ Երկիր վերադառնալուց յետոյ ֆիզիոլոգիական փոփոխութիւնները վեց ամսւայ ընթացքում վերացել են:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։