Հա

Այլ

04/05/2019 - 09:30

Մերօրեայ Ռոբինզոն Կրուզոն. 2.5 տարի առանց էլեկտրականութեան ու տեխնոլոգիաների խրճիթում բնակւող իռլանդացին պնդում է, որ բացայայտել է կեանքի իմաստը

Իռլանդացի Մարկ Բոյլն ապրում է մերօրեայ Ռոբինզոն Կրուզոյի կեանքով. նա 2016 թ.-ի դեկտեմբերից ի վեր հրաժարւել է էլեկտրականութիւնից, համացանցից, ռադիոյից, հեռախօսից, երաժշտութիւնից, ժամացոյցից եւ ցանկացած բանից, որը հոսանքով է աշխատում:

«alikonline.ir» - Իռլանդացի Մարկ Բոյլն ապրում է մերօրեայ Ռոբինզոն Կրուզոյի կեանքով. նա 2016 թ.-ի դեկտեմբերից ի վեր հրաժարւել է էլեկտրականութիւնից, համացանցից, ռադիոյից, հեռախօսից, երաժշտութիւնից, ժամացոյցից եւ ցանկացած բանից, որը հոսանքով է աշխատում:

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս նշում է «Daily Mail»-ը, 38-ամեայ Մարկը մօտ 2.5 տարի առաջ ջնջել է սոցկայքերում իր բոլոր էջերը, չեղարկել կրեդիտ քարտը, ազատւել բոլոր տեսակի տեխնիկայից եւ տեղափոխւել Իռլանդիայի արեւմտեան Գոլուէյ քաղաքի մօտ սեփական ձեռքով կառուցած փայտէ տնակը, որտեղ պատրաստւում է անցկացնել կեանքի մնացած մասը:

Բոյլը հաւեր ու մեղուներ է պահում, հողատարածքի փոքրիկ բանջարանոցում սեփական բանջարեղէնն է աճեցնում, որով էլ սնւում է ամբողջ տարին: Նա անգամ հրաժարւել է ատամի մածուկից եւ լւացքի փոշուց եւ դրանք փոխարինել է այլընտրանքային բնական, ինքնաշէն տարբերակներով, բացի այդ, նա պնդում է, որ շուրջ 20 տարի բժշկի դիմելու կարիք չի ունեցել:

Չնայած ամէնին՝ տղամարդը շարունակում է թուղթ ու գրիչ օգտագործել: Արդէն լոյս է տեսել նրա՝ «Տան ճանապարհը. պատմութիւններ առանց տեխնոլոգիայի կեանքից» վերնագրով գիրքը, որում նա պատմում է իր փորձառութեան եւ կենսակերպի մասին:

Յատկանշական է, սակայն, այն, որ տղամարդը նախկինում մի քանի տարի ապրել է առանց գումարի եւ այնուհետեւ այդ մասին գիրք գրել, որի վաճառքից ստացւած գումարով էլ ձեռք է բերել այն հողատարածքը, որտեղ այժմ բնակւում է:

Երեսունութամեայ տղամարդը պատմել է պարբերականի լրագրողին, որ բարձրագոյն կրթութիւն է ստացել, ժամանակին Բրիսթոլում օրգանական սննդի ընկերութեան մենեջեր է եղել, ինչպէս նաեւ կախւածութիւն է ունեցել «Facebook» ու «Twitter» սոցկայքերից:

«Մեր կենսակերպի՝ կեանքի վրայ ունեցած ազդեցութիւնը դուր չէր գալիս ինձ: Ինդուստրիալիզմը ոչնչացնում է կեանքը երկրի երեսից, ովկիանոսները լի են պլաստիկով, մենք վերջին 50 տարիներին կորցրել ենք վայրի բնութեան 60%-ը: Ես ուզում էի վերադառնալ այն կեանքին, որը կար մինչ այդ»,- պատմել է Մարկը՝ յաւելելով, որ ժամանակակից կեանքի յարմարաւէտութիւնները նաեւ շատ ստրեսի պատճառ են դառնում:

«Ես լսել եմ ինչ-որ «Brexit»-ի մասին, բայց ուրախ եմ, որ այդ ամէնին մասնակից չեմ»,- ասել է տղամարդը՝ յաւելելով, որ բնութեանը մօտ գտնւելով՝ ներքին խաղաղութիւն է ձեռք բերել եւ աւելի շատ է կապւել իրեն շրջապատող մարդկանց հետ:

Տղամարդը խոստովանել է, որ խրճիթի կեանքն իր անյարմարութիւններն ունի. նա մշտապէս կարտոֆիլով եւ կանաչեղէնով է սնւում, կայծքարից կրակ ստանալու համար երկար ժամանակ է ծախսում եւ, ի լրումն այդ ամէնի, ընկերուհին լքել է նրան՝ յայտարարելով, որ նման կեանքն իր համար չէ:

Մարկը նաեւ պատմել է, որ Դուբլինում բնակւող իր նոր ընկերուհուն սիրային նամակներ է ուղարկում, ինչը, նրա կարծիքով, գերադասելի է բջջային հաղորդագրութիւններից: Բացի այդ, նա փաբ է յաճախում, որտեղ հանդիպում է ընկերներին, նոր ծանօթութիւններ հաստատում, իսկ իր հողատարածքում գրեթէ միշտ հիւրեր են լինում:

Մարկի խօսքով՝ ինքը բացայայտել է իր կեանքի իմաստը. «Ապրե՛լ: Զգալ կեանքն իր ամբողջ կախարդանքով, քանի որ այն լի է հրաշքներով, սակայն մենք յաճախ չափազանց զբաղւած ենք լինում այդ ամէնը գնահատելու համար»,- եզրափակել է իռլանդացին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։