Հա

Այլ

08/05/2019 - 09:40

Օրգանիզմում սպիտակուցի անբաւարարութեան 6 նշան

Սպիտակուցն անհրաժեշտ է օրգանիզմի բնականոն աշխատանքի համար, եւ նրա անբաւարարութիւնը կարող է արտայայտւել մի շարք ախտանիշներով:

«alikonline.ir» - Սպիտակուցն անհրաժեշտ է օրգանիզմի բնականոն աշխատանքի համար, եւ նրա անբաւարարութիւնը կարող է արտայայտւել մի շարք ախտանիշներով: Տեղեկացնում է «News.am»-ը:

 

Մազերի եւ եղունգների փխրունութիւն

Մաշկի, եղունգների եւ մազերի որակը կախւած է կերակրացանկում սպիտակուցի քանակութիւնից, քանի որ դրա անբաւարարութիւնը անմիջապէս արտացոլւում է մեր արտաքինի վրայ։ Եթէ օրգանիզմը բաւարար քանակութեամբ սպիտակուց չի ստանում, եղունգների, մազերի եւ մաշկի կառուցւածքը համալրող սպիտակուցների արտադրութիւնը դանդաղում է, եւ արդիւնքում՝ մազերը դառնում են բեկուն եւ խամրած, եղունգները շերտատւում են, իսկ մաշկը աւելի է հակւում բորբոքւելու։

 

Կտրւածքների եւ վէրքերի դանդաղ ապաքինում

Սպիտակուցը մկանային հիւսւածքի բջիջների, մաշկի եւ արեան կարեւոր տարրն է, ուստի եթէ սպիտակուցը կերակրացանկում չի բաւականացնում, վնասւած մաշկի վերականգնումը շատ աւելի ժամանակ է խլում, քան եթէ մարդը բաւականաչափ քանակութեամբ սպիտակուց ստանար։

 

Յաճախակի մրսածութիւն

Սպիտակուցը կարեւոր դեր է խաղում մեր իմունային համակարգի համար, եւ նրա անբաւարարութիւնը թուլացնում է օրգանիզմի իմունային պաշտպանութիւնը։ Երբ մարդիկ քիչ են սպիտակուցներ օգտագործում, նրանք դառնում եմ աւելի խոցելի վարակների հանդէպ։ Եթէ անընդհատ մրսում եւ հիւանդանում էք, վերանայէք ձեր կերակրացանկը եւ փորձեք աւելացնել սպիտակուցային սնունդը, ինչպէս նաեւ մրգերն ու բանջարեղէնները։

 

Անընդհատ քաղցի զգացողութիւն

Սպիտակուցի բաւարար քանակութիւնն ամենօրեայ կերակրացանկում ապահովում է կուշտ լինելու կայուն զգացողութիւն օրւայ ընթացքում. դա բացատրւում է մարսողական համակարգի կողմից սպիտակուցի իւրացման գործընթացի երկարատեւութեամբ։ Սպիտակուցի անբաւարարութեան դէպքում մարդը կարող է մշտական քաղցածութիւն զգալ։ Մասնագէտները խորհուրդ են տալիս սպիտակուցն օգտագործել օրական երեք անգամ՝ սպիտակուցային մթերքների ձեւով։ Հարկ է նաեւ ամէն օր օգտագործել բարդ ածխաջրեր եւ չյագեցած ճարպեր։

 

Յաճախակիացած այտուցներ

Մասնագէտների խօսքով՝ սպիտակուցի անբաւարարութեան ֆոնին խախտւում է օրգանիզմի ջրա-աղային հաւասարակշռութիւնը, ինչի հետեւանքով նրա հիւսւածքներում ջուր է կուտակւում։ Մշտական այտուցները սպիտակուցի անբաւարարութեան ամենատարածւած նշաններից են։ Նման այտուցներ կարող են առաջանալ որովայնի շրջանում, ձեռքերի վրայ, կոճերի եւ ոտնաթաթերի շրջանում։

 

Վատ տրամադրութիւն

Օրգանիզմի բջիջների միջեւ տեղեկատւութեան հաղորդման համար ուղեղն օգտագործում է միջնորդներ՝ նէյրոփոխանցողներ, որոնք կազմւած են ամինաթթուներից՝ սպիտակուցի շինանիւթերից։ Սպիտակուցի անբաւարարութեան պատճառով ուղեղում կարող են առաջանալ խախտումներ, որոնք արտայայտւում են վարքագծում՝ ճնշւած տրամադրութիւն, ընկճախտ, ագրեսիւութիւն։

 

Կերակրացանկում սպիտակուցի աղբիւր կարող են լինել այնպիսի մթերքներ, ինչպիսին են տաւարի միսը, հնդկահաւի միսը, հաւը, ոչ իւղոտ խոզի միսը, ձուկը, կաթնամթերքները, ձուն, լոբազգիները եւ այլ մթերքներ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։