Հա

Քաղաքական

14/03/2012

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ

altԱնցեալ չորեքշաբթի, մարտի 7-ին Նախիջեւանում տեղի ունեցաւ Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը (մասնակցութեամբ Ալի Աքբար Սալեհիի, Ահմեդ Դաւութօղլուի եւ Էլմար Մամեդեարովի):

Եռակողմ այս հանդիպումը երկրորդն էր, որ տեղի ունեցաւ երեք երկրների միջեւ. առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2011 թւականի ապրիլին՝ Ուրմիայում, ուր որոշւել էր, որ յաջորդ հանդիպումը գումարւի 2012 թւականի յունւարի 17-ին, որը յետաձգւեց փետրւարի կէսերին եւ ապա դարձեալ յետաձգւեց՝ մինչեւ որ մարտի 7-ին կայացաւ Նախիջեւանում:
Հարեւան երկրների համագործակցութիւնը նոր երեւոյթ չէ քաղաքական աշխարհում եւ այդ շարքում էլ նորութիւն չեն Իրան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ հանդիպումները, սակայն նման նիստեր ծրագրելը եւ ապա երկու անգամ անընդմէջ յետաձգելը հարցականների առիթ է ստեղծում:
Յիշեալ հանդիպումը տեղի ունեցաւ մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ մի կողմից Իրանի եւ Ադրբեջանի եւ միւս կողմից Իրանի եւ Թուրքիայի յարաբերութիւնները մի շարք ցնցումների են ենթարկւել:
Վերջերս Իրանի արտաքին գործերի նախարարութիւնը կանչեց Թեհրանում Ադրբեջանի դեսպանին՝ բացատրութիւններ պահանջելու այն հարցի մասին, թէ Ադրբեջանը օժանդակել է Իսրայէլին՝ Թեհրանում ատոմական գիտնականի սպանութեան հարցով, միւս կողմից էլ այն հարցով, որ Ադրբեջանը զրպարտել է Իրանին, թէ Իրանը Ադրբեջանում զբաղւած է տեռորիստական աշխատանքներով:
Իրան-Թուրքիա յարաբերութիւններն էլ վերջերս ազդւած են տարածաշրջանային իրադարձութիւններից, յատկապէս՝ Սիրիայի տագնապի պատճառով. սրան պէտք է աւելացնել նաեւ այն, որ Թուրքիան համաձայնւեց, որ ՆԱՏՕ-ի հակահրթիռային սարքերը տեղադրւեն իր երկրում (իհարկէ, Թուրքիան անգամներ յայտարարել է, որ այդ սարքերը սպառնալիք չեն հարեւան երկրների համար):
Այս երեք երկրներից՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնները աւելի լաւ վիճակում են գտնւում՝ Իրանի հետ ունեցած յարաբերութիւնների համեմատութեամբ: Ադրբեջանը Թուրքիային դիտում է որպէս ցեղակից մեծ եղբայր:
Ամէն պարագայում՝ բնական է, որ երեք սահմանակից երկրները համագործակցելու եւ անհարթութիւնները լուծելու նպատակով՝ հանդիպումներ եւ բանակցութիւններ ունենան:
Նախիջեւանի եռակողմ հանդիպման օրակարգերն էին երեք երկրների համագործակցութիւնների զարգացման հարցը՝ տնտեսական, առեւտրական, մշակութային եւ անվտանգութեան ոլորտներում:
Այդ հանդիպման աւարտից յետոյ՝ շաբաթ օրը մի հաղորդագրութիւն հրապարակւեց (տեսնել թուրքական «Դողան» լրատւական գործակալութեան կայքէջը՝ www.dha.com.tr), որով կողմերը համաձայնւել են պայքարել տեռորիզմի դէմ, սպառնալիք չբանեցնել միմեանց անվտանգութեան դէմ, համագործակցել էներգետիկայի, տուրիզմի եւ հաղորդակցութեան ասպարէզներում:
Յատկանշական է, որ այս եռակողմ հանդիպման օրակարգերից է եղել նաեւ Արցախի հիմնահարցը: Հայաստանի հետ յարաբերութիւնների եւ Արցախի հիմնահարցերը խնդիրներ են, որոնք ազդում են Թուրքիա-Ադրբեջան յարաբերութիւնների վրայ: Թուրքիան չի ցանկանում, որ Ադրբեջանը դժգոհ մնայ. այդ պատճառով՝ Արցախի հիմնահարցով կողմ է Ադրբեջանին:
Իսկ այդ երկու երկրները դարձեալ Արցախի հիմնահարցով փորձում են չբաւարարւել մինչ այժմ կատարւած աշխատանքներով եւ ձգտում են միջամուխ դարձնել այլ գործօններ: Իսկ Հայաստանի հետ յարաբերութիւնների հարցը եւ ընդհանրապէս հայկական գործօնը ազդակներ են, որոնք իրենց ազդեցութիւնն ունեն Թուրքիայի արտաքին քաղաքականութեան վրայ՝ աշխարհում, եւ տագնապների են ենթարկում այդ երկրին:
Ինչեւէ, աւարտւեց Իրան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ նիստը եւ յաջորդ հանդիպումը որոշւել է 2012 թւականի սեպտեմբերին՝ Վան քաղաքում, անշուշտ, եթէ տարբեր հանգամանքների բերումով չյետաձգւի նախորդի նման:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։