Հա

Քաղաքական

14/03/2012

alt«Panorama.am»- Վերջերս Ադրբեջանում ու Թուրքիայում գրեթէ միաժամանակեայ զօրավարժութիւններ սկսւեցին, ինչը փորձագէտների տարաբնոյթ մեկնաբանութիւններին արժանացան: Թեմայի շուրջ «Panorama.am»-ը զրուցեց փորձագէտների հետ:
Թուրքագէտ Լեւոն Յովսէփեանը կարծում է, որ Ադրբեջանում փետրւարին կայացած զօրավարժութիւնները համընկնում են տարածաշրջանային ռազմա-քաղաքական զարգացումների հետ, ուստի դրանց կայացումը ժամանակի առումով ուղղակի պատահական չէր:

«Զօրավարժութիւններից մի առ ժամանակ առաջ՝ փետրւարի 6-8-ը, Ադրբեջանում էր գտնւում Թուրքիայի զինւած ուժերի գլխաւոր շտաբի պետ զօր. Նեջդէթ Օզէլը: Ի դէպ, սա նրա առաջին այցն էր գլխաւոր շտաբի պետի պաշտօնում:
Ադրբեջանում կայացած զօրավարժութիւնը պէտք է դիտարկել թուրք-ադրբեջանական նախաձեռնութիւնների շրջագծում: Դեռ 2011 թւականի նոյեմբերին Ադրբեջանի խորհրդարանի Անվտանգութեան եւ պաշտպանութեան յանձնաժողովի անդամ Զախիդ Օրուջը հասկացրել էր թուրք-ադրբեջանական համատեղ զօրավարժութիւնների անհրաժեշտութեան մասին: 2010 թւականի օգոստոսին Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ ստորագրւած «Ռազմավարական գործընկերութեան ու փոխօգնութեան մասին» համաձայնագրի առաջին 9 յօդւածները վերաբերում են երկու երկրների ռազմա-քաղաքական ու անվտանգութեան, ռազմական գործակցութեան հարցերին, որոնց համաձայն՝ կողմերը իրականացնելու են նաեւ համատեղ պաշտպանական ծրագրաւորում, համատեղ զօրավարժութիւններ եւ այլն:
Գրեթէ միշտ թուրք բարձրաստիճան զինւորականների Բաքու այցելութեան ժամանակ ադրբեջանական կողմն անպայման յիշատակում է Լեռնային Ղարաբաղի խնդրի ռազմական լուծման մասին: Այս անգամ էլ Օզէլի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանութեան նախարար Սաֆար Աբիեւը կրկին յայտարարեց, որ «Եթէ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման ուղղութեամբ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերը որոշակի արդիւնքներ չտան, Ադրբեջանը ստիպւած կը լինի ազատել իր «բռնագրաււած տարածքները»՝ այլ միջոցներով:
Եւ կարելի է ասել, որ Ադրբեջանի նման ռազմատենչ յայտարարութիւններն ու վարքագիծը՝ արցախա-ադրբեջանական սահմանում, հաւանութիւն է ստանում եւ խրախուսւում Թուրքիայի կողմից: Չպէտք է մոռանալ մի կարեւոր հանգամանք եւս: Ադրբեջանի պաշտպանութեան նախարարի ռազմական խորհրդականի պաշտօնում պաշտօնավարում են թուրք բարձրաստիճան զինւորականներ, որոնց հիմնական պարտականութիւնների մէջ են մտնում օպերատիւ-մարտավարական խնդիրները: Պարզւում է, որ Թուրքիան պատասխանատւութիւն է կրում արցախա-ադրբեջանական սահմանում իրականացւող սադրիչ գործողութիւնների ու հրադադարի ռեժիմի բազմակի խախտումների համար:
Միւս կարեւոր գործօնը առկայ իրանա-ադրբեջանական լարւած յարաբերութիւններն են, որոնք աստիճանաբար է՛լ աւելի խորանալու միտումներ են դրսեւորում: Այս համատեքստում եւս պէտք է դիտարկել Թուրքիայի գլխաւոր շտաբի պետի այցը Ադրբեջան եւ նման զօրավարժութիւնների կայացումը: Այստեղ իրավիճակն ինչ-որ առումներով նմանւում է 2001 թւականին, երբ Իրանի հետ իր բարդ յարաբերութիւններում Ադրբեջանն ապաւինեց «աւագ եղբօր» աջակցութեանը: 2001 թւականի օգոստոսին Թուրքիայի զինւած ուժերի գլխաւոր շտաբի պետ Հ. Քըւրըքօղլուի Բաքու կատարած այցը հիմնականում կապ ունէր Ադրբեջանի ու Իրանի միջեւ միջադէպի հետ, երբ յուլիսին Կասպից ծովի հարաւային հատւածում նաւթի հետախուզական աշխատանքների ժամանակ Իրանի ջրային տարածքները խախտած ադրբեջանական նաւերը իրանական ռազմանաւերի ու ինքնաթիռների կողմից յետ մղւեցին այդ տարածքներից: Այդ միջադէպը զգալիօրէն լարել էր յարաբերութիւնները՝ Իրանի ու Ադրբեջանի միջեւ եւ Թուրքիայի գլխաւոր շտաբի պետի այցը նաեւ ցուցադրական նպատակ ունէր: Նոյնիսկ նրա այցից առաջ թուրքական օդուժի F-5 ռազմական ինքնաթիռները Բաքւում ցուցադրական թռիչքներ իրականացրեցին: Իրանական կողմը իր կտրուկ դժգոհութիւնը յայտնեց եւ Թուրքիայի կողմից նման պահւածքը որակեց որպէս միջամտութիւն՝ իրանա-ադրբեջանական յարաբերութիւններին: Ներկայ իրավիճակը այս առումով բաւական նման է, եթէ հաշւի առնենք վերջին շրջանում իրանա-ադրբեջանական լարւած յարաբերութիւնները»,- ասաց Լեւոն Յովսէփեանը:
Ռազմական փորձագէտ Արծրուն Յովհաննիսեանի համոզմամբ՝ երկու երկրներում էլ պարբերաբար զօրավարժութիւններ ընթանում են, սակայն հետաքրքրութիւն է առաջացնում այն փաստը, որ այս անգամ երկու երկրներում դրանց կայացումը «համընկաւ»:
«Միաժամանակ ընթացած թուրքական 3-րդ բանակի զօրավարժութիւնները Կարսի հատւածում եւս հետաքրքիր էին իրենց բնոյթով: Նախ աչքի էր ընկնում զօրավարժութեան տեղը՝ նորից ՀՀ սահմանին մօտ, յետոյ ուժերի ներգրաււածութիւնը՝ շուրջ 2000 զինծառայող: Սա զօրավարժութիւնների համար մեծ թիւ չէ. թուրքական աւելի քան 500.000-ոց բանակը շատ աւելի մեծամասշտաբ զօրավարժութիւններ է իրականացրել: Թուրքիայի նախագահի ներկայութիւնը նման զօրավարժութեանը աւելի քան հետաքրքիր էր: Զօրավարժութեան սցենարը շատ բան էր ասում մասնագէտներին: Հիմնականում կիրառւում էր լեռնային պայմաններում դեսանտի իջեցում, կարեւոր բարձունքների եւ հաղորդակցութեան ուղիների գրաւում եւ հակառակորդի թիկունքում համապատասխան դիւերսիոն (խափանարար) գործողութիւնների իրականացում: Լայնօրէն կիրառւում էին ուղղաթիռները, տրանսպորտային ինքնաթիռները, որոնք յաջողութեամբ դեսանտ էին իջեցնում, կրակային աջակցութիւն ցուցաբերում եւ բեռներ նետում: Նման պայմաններում մեծանում է լեռնային հրետանու եւ թեթեւ զրահամեքենաների կիրառութիւնը, ինչը յստակօրէն իրականացւում էր: Թուրքական բանակը փորձում էր ձմեռային պայմաններում լեռներում արագ գործողութիւններին իր պատրաստութիւնը ցոյց տալ: Սա յստակ հասցէականութիւն եւ նպատակ ունի: Ամենայն հաւանականութեամբ, գործողութիւնները բաժանւած էին՝ ադրբեջանական բանակը իրականացնում էր լայնամասշտաբ յարձակումը՝ ուժերի եւ միջոցների լայնածաւալ ընդգրկմամբ, իսկ թուրքական բանակը իրականացնում էր հարւածը ամենացաւոտ տեղերին՝ արագաշարժ դեսանտի միջոցով: Ադրբեջանական բանակի զօրավարժութեան մանրամասների մասին մինչ օրս դեռ ոչ մի տւեալ չկայ:
Այս տեսակէտից նաեւ հետաքրքիր էին Հայաստանում ռուսական զօրախմբի համապատասխան զօրավարժութիւնները՝ նոյնպէս լեռնային տեղանքում:
Իրականում, մենք շատ ենք տեսել ադրբեջանական բանակի «աննախադէպ» զօրավարժութիւններ: Մենք լաւ գիտենք, որ նման զօրավարժութիւնները հիմնականում ծրագրաւորւած են, նպատակ ունեն մի կողմից ստուգել, միւս կողմից բարձրացնել զօրքերի մարտունակութիւնը: Ամէն դէպքում՝ ամէն մի զօրավարժութիւն կարեւոր դեր է խաղում տւեալ բանակի մարտունակութեան բարձրացման համար: Այլ խնդիր է, որ յաճախ նման զօրավարժութիւնները իրականացւում են աւելի շատ հոգեբանական ազդեցութիւն թողնելու համար: Նրանք դա չեն էլ թաքցնում, որ կատարում են Հայաստանի վրայ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով: Իրականում, ադրբեջանական բանակի զօրավարժութիւնները յաճախ բոլորովին այլ պատկեր են ունենում: Հարթավայրային պայմաններում իրականացւող զօրավարժութիւնների ժամանակ զօրքը եւ զրահատեխնիկան շարժւում են հիմնականում արդէն հնացած մարտավարութեամբ՝ շղթայով: Այս մարտավարութիւնը ոչ միայն հնացել է, այլ նախեւառաջ անօգուտ է լեռնային պայմաններում գործելու համար եւ մասնաւորապէս մեծ ստորաբաժանումների եւ զօրամիաւորումների դէպքում: Իսկ մենք այլ բան գրեթէ չենք տեսել մինչեւ հիմա: Հետաքրքիր է նաեւ ձմեռային պայմաններում դրանց իրականացումը, նման բաներ յաճախ չեն լինում: Ամէն դէպքում՝ այս զօրավարժութիւնները դժւար թէ կտրուկ բարձրացնեն ադրբեջանական բանակի մարտունակութիւնը: Նման զօրավարժութիւններում փայլած դիւերսանտներն ու հետախոյզներն են, որ մնում են մեր խրամատներում, չեն կարողանում յետ գնալ: Իսկ ինչ մնում է նորագոյն տեխնիկային, կուզենայինք նշել մի քանի մանրուք: Նման զօրավարժութիւնների ժամանակ է, որ հին տեխնիկայի պայթիւնից զինւորներ են մահանում, բացայայտւում են մեծ դաւադրութիւնների արդիւնքները եւ այլն: Ադրբեջանական բանակի նորագոյն տեխնիկան իրականում ունի նաեւ այսպիսի կողմեր: 2008 թւականին իբր Իսրայէլից, իրականում Ղազախստանից գնւել են հրետանային զինատեսակներ, որոնցից մասնաւորապէս «Lynx»-ը ներկայացւում է որպէս նորագոյն, չտեսնւած եւ այլն: Ըստ յայտարարւած տւեալների՝ այն ադրբեջանական բանակի ամենահեռահար եւ ճշգրիտ զինատեսակն էր՝ շուրջ 150 կմ. հեռահարութեամբ: Իրականում, Ղազախստանում իսրայէլական ընկերութեան հետ համատեղ ստեղծւած համազարկային կրակի ռէակտիւ համակարգն ունի լուրջ թերամշակումներ: Նոյնիսկ Ղազախստանում այդ համակարգի հետ կապւած սկանդալի պատճառով՝ ձերբակալւել են պաշտպանութեան նախարարութեան բարձրաստիճան պաշտօնատարներ եւ ընկերութեան ներկայացուցիչը: Իսրայէլում այդ զէնքը վերամշակւում է: Սակայն, Ադրբեջանում այդ մասին ոչ մի արձագանգ:
Ադրբեջանական բանակի նորագոյն զէնքերից է խորհրդային S-300 համալիրի իբր նորագոյն եւ վերջին տարբերակ հանդիսացող ՊՄՈՒ-2 տարատեսակը, որը մի քանի հարիւր միլիոն դոլար արժեցաւ, սակայն իրականում գրեթէ ոչ մի առաւելութիւն չունի ՊՍ/ՊՄՈՒ տարատեսակից: Այդ համառուսաստանեան մակարդակի դաւադրութիւնն էլ իրականացնում է ադրբեջանցի Իգոր Աշուրբէյլին, որի ձեռքերը հասել են մինչեւ S-400 եւ այլն: Ադրբեջանական օդուժի, որը ի դէպ, որոշ մասնագէտների հաւաստմամբ՝ համարւում է շատ ուժեղ, լաւագոյն կործանիչն է ՄԻԳ-29 կործանիչը, որը իր մարտական յատկանիշերով մեր տարածաշրջանում ոչ մի անելիք չունի: Այն լաւագոյն դէպքում կարող է փորձել պաշտպանել Ափշերոնը ինչ-որ օդային յարձակումից: Ադրբեջանական բանակի նորագոյն զէնքերից են Ռուսաստանում, այսինքն՝ արտադրող երկրում մերժւած «Տիգր» զրահամեքենան եւ «T-90» հրասայլը: Վերջնիս ձեռքբերման հարցը, իհարկէ, դեռ քննարկման փուլում է:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։