Հա

Քաղաքական

12/03/2012 - 12:26

alt«Yerkirmedia.am» - Հայաստանում առաջիկայում սպասւող ընտրութիւններն արդէն իսկ յայտնւել են համաշխարհային հանրութեան ուշադրութեան կենտրոնում: Այդ հետաքրքրութիւնը նաեւ Հայաստանում տարբեր երկրների դեսպաննների ստիպում է հանդիպել քաղաքական ուժերի հետ եւ ճշգրտել նրանց դիրքորոշումները:

ՀՅԴ Բիւրոյի անդամ Վահան Յովհաննիսեանը եւ ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի ու քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը, Հայաստանում Անգլիայի նորանշանակ դեսպան Կատի Լիչի առաջարկով, նրան են ներկայացրել ոչ միայն կուսակցութեան դիրքորոշումները՝ ընտրական գործընթացների առնչութեամբ, այլեւ անդրադարձել են հայ-թուրքական արձանագրութիւններին եւ Լեռնային Ղարաբաղի բանակցութիւնների շուրջ վերջին զարգացումներին:

«Դաշնակցութիւնն ի սկզբանէ դէմ լինելով արձանագրութիւնների այն ձեւին, որ ներկայացւել էր, բացարձակապէս չի ժխտում Թուրքիայի հետ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման անհրաժեշտութիւնը: Բայց դա այնպէս պէտք է կատարւի, որ Հայաստանն աւելի վատ վիճակում չյայտնւի, քան հիմա է: Ակնյայտ է, որ Հայաստանը որոշակի գին վճարելու է, իսկ արձանագրութիւններից չվերցնելով ստորագրութիւնը՝ այդ գինն աւելի է բարձրանալու:
«Մինչեւ հիմա այս գործընթացի երաշխաւորը հանդիսացող միջազգային ուժերը Թուրքիայի պահւածքն արժանի քննադատութեան չեն ենթարկել»,- նշել է Վահան Յովհաննիսեանը:
Ղարաբաղեան հիմնախնդրի առնչութեամբ էլ Վահան Յովհաննիսեանը, Անգլիայի դեսպանին յիշեցնելով Եւրոխորհրդարանի բանաձեւը, ըստ որի՝ Եւրոմիութիւնը պէտք է ուղղակի առնչութիւն ունենայ չճանաչւած հանրապետութիւնների հետ, ասել է, որ կառոյցը պէտք է հետեւի բանաձեւին: Սակայն, միեւնոյն ժամանակ, Եւրոմիութիւնն չպէտք է փորձի Մինսկի խմբի անդամ որեւէ երկրի այլ երկրով փոխարինել՝ հերթափոխի կարգով:
«Հերթափոխի կարգով կը նշանակի կորցնել այն ամբողջ ժառանգականութիւնը, որ Մինսկի խումբը, որպէս ամենամասնագիտացւած քաղաքական կառոյց, կուտակել է 20 տարիների ընթացքում»,- ասել է Վ. Յովհաննիսեանը:
Աւելին՝ բանակցութիւնների յաջողութեան առումով Վ. Յովհաննիսեանը նաեւ կարեւորել է բանակցային գործընթացում ԼՂՀ-ի որպէս կողմ ներգրաւումը:
ՀՀ Ընտրական օրէնսգիրքը, նախորդի համեմատ, թէեւ բարելաււել է, բայց բացեր դեռեւս կան՝ օրէնսդրական բացեր: Դեսպանի հետ զրոյցում Վահան Յովհաննիսեանը յիշեցրել է Ընտրական օրէնսգրքի քննարկման ժամանակ Դաշնակցութեան մտահոգութիւնները:
«Մենք չենք թաքցրել մեր դժգոհութիւնն Ընտրական յանձնաժողովների ձեւաւորման նոր կարգից: Կան օրէնսդրական բացեր, որոնք կարող են նպաստել արատաւոր պրակտիկայի շարունակութեանը,- ասել է նա:
Հանդիպման աւարտից յետոյ՝ Վահան Յովհաննիսեանը դիտել տւեց, որ նորանշանակ դեսպանի համար կարեւոր էր ծանօթանալ յատկապէս ՀՅԴ-ի տեսակէտներին, քանի որ կուսակցութեան դիրքորոշումները՝ հայ-թուրքական արձանագրութիւնների, ինչպէս նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցով, խիստ կարեւորւում են՝ միջազգային ասպարէզում: Եւրոմիութեան քաղաքականութեան մէջ նկատելի փոփոխութիւններ են կատարւում, եւ հայաստանեան քաղաքական ուժերի դիրքորոշումները շատ կարեւոր են հիմնական դերակատար երկրների համար:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։