Հա

Քաղաքական

10/03/2012 - 11:22

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

altՌուսաստանեան ընտրութիւնները ոչ-պակաս հետաքրքրութիւն են առաջացնում Հայաստանում, քան՝ բուն հայաստանեան ընտրութիւնները: Պատճառը պարզ է, Հայաստանի համար ռուսաստանեան ընտրութիւնների արդիւնքներն ունեն կենսական նշանակութիւն: Ռուսաստանը Հայաստանի թիւ մէկ քաղաքական եւ տնտեսական դաշնակիցն է: Որեւէ փոփոխութիւն՝ ռուսաստանեան քաղաքական արենայում, կարող է ուղղակիօրէն ազդել հայ-ռուսական ռազմավարական յարաբերութիւնների վրայ:

Եթէ խնդիրը սահմանափակւէր այսքանով, դա կարելի էր համարել բնական: Վերջապէս, գերտէրութիւնների ընտրութիւնների արդիւնքներով հետաքրքրւում են բոլորը, մասնաւորաբար՝ այն երկրները, որոնք գտնւում են այդ պետութիւնների ազդեցութեան անմիջական գօտում:
Հայաստանում, սակայն, խնդիրն այլ երանգաւորում է ստանում: Ռուսաստանեան որեւէ ընտրութեան նախօրէին հայաստանեան քաղաքական ուժերի մեծամասնութիւնը մէկը միւսին հրմշտելով եւ իրարից առաջ ընկնելով՝ փորձում է իր ծառայութիւններն առաջարկել ռուսաստանեան ընտրութիւնների ֆաւորիտին: Դժբախտաբար, ընտրութիւններից ընտրութիւն չի յաջողւում յաղթահարել ցինիկ կատակերգութեան նմանւող այս նւաստացուցիչ իրավիճակը:
Պատկերը նոյնն էր մարտի 4-ին Ռուսաստանում կայացած նախագահական ընտրութիւնների նախօրէին: Հայաստանեան քաղաքական ուժերից ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը յայտարարեցին, որ պաշտպանում են Վլադիմիր Պուտինին: Տարբեր անձինք բաց նամակներով եւ հրապարակախօսական յօդւածներով կոչ էին անում ռուսահայութեանը՝ ընտրելու Վլադիմիր Պուտինին, իսկ Երեւանում սնկի պէս սկսեցին աճել «Putin Fan Club»-ները:
Սեփական ծառայութիւնները մատուցելու նւաստացուցիչ այս մրցակցութիւնն աւելի է լրջանում, երբ հայաստանեան համապետական ընտրութիւնների ժամանակացոյցը համընկնում է ռուսաստանեան ընտրութիւնների ժամանակացոյցին: Հայաստանեան քաղաքական կուսկացութիւնների մեծամասնութիւնը սկսում է իր արեւելումը կարգաւորել դէպի Մոսկւա՝ աջակցութիւն ակնկալելով Կրեմլից: Արդիւնքում՝ իւրաքանչիւր ընտրութիւնից յետոյ՝ աւելի ու աւելի է սաստկանում Հայաստանի կախւածութեան աստիճանը՝ Ռուսաստանից, իսկ Ռուսաստանը ստանում է Հայաստանի ներքաղաքական գործընթացները յօգուտ իրեն կարգաւորելու բացառիկ հնարաւորութիւն:
Խնդիրն առաւել օրհասական է այսօր: Ռուսաստանի նորընտիր նախագահը իր նախընտրական քարոզարշաւի ընթացքում բազմիցս յայտարարել է, որ նպատակ ունի վերականգնել Ռուսաստանի կայսերական երբեմնի հզօրութիւնը: Դեռ աւելին՝ Խորհրդային Միութեան փլուզման 20-րդ տարելիցին Պուտինն ասաց, որ ափսոսում է Խորհրդային Միութեան փլուզման համար, եւ երազում է երբեւէ վերականգնել այն՝ նոր ձեւաչափով: Իսկ սա նշանակում է, որ Ռուսաստանը փորձելու է անել ամէն ինչ, որպէսզի ԱՊՀ տարածքի երկրների կախւածութիւնն իրենից հասնի առաւելագոյնի:
Սա Հայաստանի դէպքում կարող է աղէտալի հետեւանքներ ունենալ: Վերջին տարիների ընթացքում Ռուսաստանին են անցել Հայաստանում ռազմավարական նշանակութիւն ունեցող գրեթէ բոլոր արժէքաւոր հիմնարկ-ձեռնարկութիւնները: Հայաստանը գրեթէ 100-տոկոսանոց էներգետիկ կախւածութեան մէջ է Ռուսաստանից: Հեռահաղորդակցութեան ոլորտում տիրապետողը ռուսաստանեան ընկերութիւններն են: Ռուսաստանեան «Հարաւկովկասեան երկաթգծեր» ընկերութեանն է պատկանում Հայաստանի երկաթուղային տրանսպորտը: Ռուսական համապատասխան ընկերութեանն է պատկանում «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերութիւնը: Հայաստանում ռուսաստանեան դրամագլխով աշխատող ընկերութիւնների ընդհանուր թիւը 1277 է, որը օտարերկրեայ դրամագլխով աշխատող ձեռնարկութիւնների ընդհանուր թւի 27.6%-ն է:
Այսօր Ռուսաստանը աշխատում է Հայաստանի կախւածութիւնն իրենից հասցնել առաւելագոյնի՝ փորձելով միջպետական համաձայնութեան տեսք տալ Հայաստանում ռազմական ուղղակի միջամտութեան հարցին, եթէ հայաստանեան ներքաղաքական իրադարձութիւններն իր ցանկացած ձեւով չզարգանան: Սա նշանակում է, որ Հայաստանը մշտապէս կանգնած է իր անկախութիւնը կորցնելու սպառնալիքի տակ:
Դժբախտաբար, թւում է, թէ Հայաստանում գործող կուսակցութիւնների եւ քաղաքական գործիչների մեծամասնութիւնը, չգիտակցելով պահի լրջութիւնը, նախապատւութիւնը տալիս է իր նեղ անձնական-խմբակային ժամանակաւոր շահերին՝ երկրորդ պլան մղելով Հայաստանի եւ ողջ հայութեան համազգային, ռազմավարական կենսական շահերը:
Կարծում ենք՝ եկել է ժամանակը՝ գիտակցելու, որ աշխարհը չի սկսւում եւ աւարտւում Մոսկւայում: Մերօրեայ աշխարհում միակողմանի քաղաքական նւիրւածութիւնն ու կախւածութիւնը՝ որեւէ գերտէրութիւնից, յղի են աղէտաբեր, անդառնալի հետեւանքներով: Պէտք է գիտակցենք նաեւ, որ այսօր որքան Հայաստանն է կախւած Ռուսաստանից՝ նոյնքան Ռուսաստանը կարիքն ունի Հայաստանի, քանի որ Հայաստանը կենսական նշանակութիւն ունի Ռուսաստանի համար Հարաւային Կովկասում՝ որպէս միակ եւ վստահելի ռազմավարական դաշնակից:
Ուրեմն՝ պէտք է խելամտօրէն եւ արժանապատւօրէն օգտագործել այս հանգամանքը՝ յանուն Հայաստանի Հանրապետութեան անկախութեան ամրապնդման եւ հայութեան բարօրութեան: Եկել է պահը (այն էլ վաղուց)՝ սթափ մտածելու եւ դատելու ...

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։