Հա

Քաղաքական

08/03/2012 - 11:42

alt«Panorama.am»- Հայաստանի բոլոր արխիւները միշտ բաց են եղել որեւէ ուսումնասիրողի համար, եւ դրանք բազմիցս այցելել են նաեւ Թուրքիայի քաղաքացի հանդիսացող գիտնականները, սակայն թուրքական արխիւները շարունակում են փակ մնալ ոչ միայն արտասահմանցիների, այլ նաեւ՝ հէնց թուրքերի համար: Այս մասին ասուլիսի ժամանակ յայտնեցին թուրքագէտներ՝ Յակոբ Չաքրեանը եւ Անուշ Յովհաննիսեանը՝ անդրադառնալով թուրքական պաշտօնատարների յայտարարութիւններին, թէ «Ի տարբերութիւն Թուրքիայի՝ հայկական արխիւները փակ են»:

«Թուրքերը կեղծում են, իրենց արխիւները միշտ փակ են: Բաց է վարչապետարանին առընթեր արխիւը, այն էլ՝ ոչ այն բաժինը, որ վերաբերում է Հայոց Ցեղասպանութեան ժամանակահատւածին: Կայ թուրքական զինւած ուժերի գլխաւոր շտաբի արխիւ, որտեղ ոչ մի քաղաքացիական անձ չի կարող մտնել: Նոյն էլ՝ Քեմալ Աթաթուրքի արխիւը»,- ասաց Յ. Չաքրեանը՝ նշելով, որ թուրքական ղեկավարները շատ լաւ գիտեն, որ ամբողջ աշխարհում կան բազմաթիւ փաստաթղթեր, որոնք վկայում են Հայոց Ցեղասպանութեան իրականացմանը հասարակ թուրք գիւղացուց մինչեւ պաշտօնատարի մասնակցութեան մասին:
«Նրանք ազգովի սիրայօժար մասնակցել են այդ կոտորածներին, հարեւան հայերի թալանին, քանի որ քոչւորի մոտ թալանի համար խելքն իրենը չէ», - ասաց նա:
«Արեւելագիտութեան ինստիտուտի աշխատակիցներով՝ ես անձամբ, պրն. Չաքրեանը նամակով դիմել էինք դեռ նախագահ Օզալի ժամանակ՝ արխիւներում աշխատելու խնդրանքով, բայց որեւէ արձագանգ չի եղել: Սա, փաստացի, սովորական «PR» ցոյց է»,- ասաց Ա. Յովհաննիսեանը: Նա նաեւ դիտել տւեց, որ Արեւմուտքը նորից փորձում է վերակենդանացնել հայ-թուրքական միջպետական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը, ինչի պատճառով՝ թուրք պաշտօնատարների յայտարարութիւնները փոփոխւում են:
«Այս զարգացումները, ինչ տեղի ունեցան Ֆրանսիայում՝ Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրինագծի շուրջ, կամ Թուրքիայում՝ Խոջալուի դէպքերի հետ կապւած ցոյցը՝ կարող ենք օգտագործել ամրապնդելու մեր պատւիրակութեան կամ բանակցողի դիրքերը եւ աւելի ամուր փաստարկներով հանդէս գանք եւ չտրւենք այն խայծերին, որոնք կարող է բերել թուրքական կողմը»,- ասաց նա:
Ըստ Յ. Չաքրեանի՝ Խոջալուի զոհերի յիշատակին նւիրւած ցոյցի ժամանակ ցեղապաշտական յայտարարութիւնները եւ պաստառները եւս մէկ անգամ շեշտում են, որ հայ-թուրքական որեւէ երկխօսութեան մասին խօսել հնարաւոր չէ:
«Քանի դեռ կառչում են ժխտողականութիւնից՝ նրանց հետ ոչինչ չի կարելի ուսումնասիրել, նոյնիսկ երկխօսութեան մէջ չի կարելի մտնել: Ի վերջոյ, Թուրքիայի կողմից միակ թշնամական քայլը, որ դեռ չի արւել, դա ռազմական ներխուժումն է, իսկ դա վախենում են անել: Ժխտելով Ցեղասպանութեան փաստը՝ փաստացի ասում են, որ չեն բացառում կրկնողութիւնը՝ նաեւ ապագայում: Եւ այս միտինգը դրա պարզ ապացոյցն էր»,- ասաց Յ. Չաքրեանը:
Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշման վրայ ազդեց նաեւ սիրիական ճգնաժամը
«Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից Հայոց Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրինագիծը հակասահմանադրական ճանաչելու վերաբերեալ հիասթափւել պէտք չէ, քանի որ դա ոչ թէ Հայաստանի նախաձեռնութիւնն էր, այլ՝ հէնց Ֆրանսիայի, եւ դա իր հեղինակութեան հարցն էր»,- ասուլիսի ժամանակ ասաց թուրքագէտ Յակոբ Չաքրեանը:
Ըստ նրա՝ նախագահի կողմից առաջարկւած օրինագծի տապալումը ցոյց է տալիս, որ ֆրանսիական իշխող վերնախաւը կարող է զիջումների գնալ՝ թուրքական ճնշումների ներքոյ: Նրա ասութեամբ՝ պէտք չէր նաեւ այնքան անձնուրաց երախտապարտութիւն արտայայտել, երբ օրինագիծն ընդունւեց սենատի կողմից:
«Ֆրանսիան ժամանակին ստորագրել էր ՄԱԿ-ի ցեղասպանութիւնները դատապարտող կոնւենցիայի տակ, որով բոլոր անդամ երկրները, այդ թւում նաեւ՝ Թուրքիան, պարտաւորւում են կանխել եւ դատապարտել որեւէ ցեղասպանութիւն: Նման քայլով Ֆրանսիայի խորհրդարանը արել էր այն, ինչ պահանջում էր կոնւենցիան»,- պարզաբանեց Յ. Չաքրեանը:
Նրա կարծիքով՝ հասկանալի էր նաեւ Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի կողմից օրինագծի ստորագրւելու ուշացումը: «Եթէ նա ստորագրէր այդ օրէնքը, ողջ քաղաքական պատասխանատւութիւնը կընկնէր իր վրայ, իսկ եթէ Սահմանադրական խորհուրդը այն ճանաչէր Սահմանադրութեանը համապատասխան, պատասխանատուն կը լինէր ողջ Ֆրանսիան»,- նշեց նա:
Ըստ Յ. Չաքրեանի եւ ասուլիսին ներկայ միւս բանախօս թուրքագէտ Անուշ Յովհաննիսեանի՝ ֆրանսիական քաղաքական վերնախաւի կողմից օրինագծի տապալումը կարող է կապւած լինել նաեւ Սիրիայի շուրջ ընթացող զարգացումների հետ:
«Ֆրանսիան եւ Թուրքիան այն երկրների շարքում են, որոնք նպատակ են դրել տապալել Սիրիայի նախագահ Ասադի վարչակազմը: Երկու երկրներն այդ հարցում ստանում են Վաշինգտոնի աջակցութիւնը, եւ նպատակայարմար չէր լինի, որ այս պահին երկու երկրների դաշնակցային յարաբերութիւնների խոչընդոտ հանդէս գար Հայկական Հարցը»,- նշեց նա:
Իր հերթին, Ա. Յովհաննիսեանը յաւելեց, որ մեծ դեր խաղաց Սիրիայի նկատմամբ ֆրանս-թուրքական դարաւոր մրցակցութիւնը:
«Եթէ Ֆրանսիան ընդունէր օրինագիծը, ապա Թուրքիան նրա դէմ կարող էր փակել իր օդային եւ ծովային սահմաները: Այս դէպքում՝ եթէ Սիրիայում ռազմական գործողութիւններ սկսւէին, Ֆրանսիան շատ անյարմար վիճակում կը յայտնւէր»,- նշեց նա:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։