Հա

Քաղաքական

07/03/2012 - 12:15

alt«Tert.am»- ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանը «Ֆէյսբուք»-ի իր էջում կատարած գրառումով՝ ստալինեան օրերից հետաքրքիր անցում է կատարել մերօրեայ խնդիրներին եւ իր դժգոհութիւնն արտայայտել իշխանութիւններից, մասնաւորապէս՝ կառավարութիւնից: Ներկայացնում ենք գրառումը ամբողջութեամբ:

Հետաքրքիր է՝ Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալինն ինքը հաւատո՞ւմ էր, որ խորհրդային հարիւրհազարաւոր ու միլիոնաւոր քաղաքացիները, որոնց նա ու իր պրոլետարական դիկտատուրան գնդակահարում եւ ճամբարներ ու բանտեր էին քշում, արտասահմանեան հետախուզութիւնների գործակալներ են: Գուցէեւ հաւատում էր, չէ՞ որ նրա ախտորոշումն էր՝ պարանոյա: Հիմա արդէն հաստատ չենք իմանայ:
Բայց, ոճն անկրկնելի է ու շատ ճանաչելի: Շատ խորհրդային: Հիմնւած է ոտքի փաթաթանի պէս պարզունակ մտքի վրայ՝ չի կարող ՄԵՐ մարդը դժգոհ լինել ՄԵՐ իշխանութիւնից: Եթէ նա դժգոհ է, նշանակում է՝ ՄԵՐ մարդը չէ: Իսկ ո՞ւմն է այդ դէպքում: Հա՛, հասկանալի է: Ծախւել է օձի ծնունդը՝ գերմանացիներին, անգլիացիներին, ճապոնացիներին: (Այն ժամանակ ամերիկացիները դեռ մոդա չէին): Եւ ախր ոճը ոչ միայն ստալինեան է, այն յետոյ էլ կար: Աւագ սերունդը երեւի յիշում է նաեւ խրուշչովեան ժամանակներից՝ «Այսօր նա ջազ է նւագում, իսկ վաղը Հայրենիքը կը ծախի» թեւաւոր խօսքը:
Լաւ, յետին թւով ինչ բողոքներ ներկայացնես բոլշեւիկներին: Նրանք, կարծես, վաղուց չկան: Բայց, ինչ ախտորոշում տաս այսօրւայ հայ գործիչներին, ովքեր մատնիչ ու գործակալ են համարում այն երիտասարդներին, ովքեր պայքարում են առանց բուտիկների ու կրպակների խնամւած այգիների ու պուրակների համար, Թռչկանի ջրվէժի, վերջին անտառների ու մաքուր գետերի համար: Ճանաչո՞ւմ էք Խորհուրդների երկրի անկրկնելի ոճը: Քեզ դուր չե՞ն գալիս պիջակներին կլոր նշաններով իմաստուն պետերի որոշումները: Ուրեմն՝ դու չես սիրում Հայրենիքդ: Քեզ հետ Նժդեհը հետախուզութեան չէր գնայ (Ըստ երեւոյթին, պէտք է կարծել, թէ Նժդեհը հրճւանքի մէջ կընկնէր պուրակների տաղաւարներից, գների աճից ու հայ-թուրքական արձանագրութիւններից եւ հետախուզութեան կը գնար պիջակների օձիքներին կլոր կուսակցական նշաններով կուշտ ու տռուզ տղերքի հետ): Ինչ-որ բան ստիպում է կասկածել:
Ըստ իս՝ Նժդեհը կը գնար ոչ թէ նրանց հետ, ովքեր իրեն կուռք են դարձրել, այլ այն երիտասարդների հետ, ովքեր չեն կորցրել մարդկային արժանապատւութիւնը՝ անկախ նշաններից: Այո, այդ երիտասարդները դժգոհ են իշխանութիւնից: Ես էլ եմ դժգոհ: Եւ դա մեր իրաւունքն է: Իր Հայրենիքը սիրող մարդը պարտաւոր չէ սիրել նրա ամէն տեսակ կառավարութիւն: Եւ այդ պատճառով՝ մենք իրաւունք ունենք փոխել այն: Եւ կը փոխենք:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։