Հա

Քաղաքական

16/12/2014 - 10:00

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Եւրոպայի հրէական խորհրդարանի անդամներին

Դեկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագոյն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եւրոպայի հրէական խորհրդարանի համանախագահ Վադիմ Ռաբինովիչին եւ Եւրոպայի հրէական խորհրդարանի պատւիրակութեանը՝ ուղեկցութեամբ Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի Հայերի միութեան նախագահ Արա Աբրահամեանին:

Հաղորդագրութիւն


Դեկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագոյն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եւրոպայի հրէական խորհրդարանի համանախագահ Վադիմ Ռաբինովիչին եւ Եւրոպայի հրէական խորհրդարանի պատւիրակութեանը՝ ուղեկցութեամբ Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի Հայերի միութեան նախագահ Արա Աբրահամեանին:
Ողջունելով Եւրոպայի հրէական խորհրդարանի անդամներին՝ Ամենայն հայոց հայրապետը վստահութիւն յայտնեց, որ նրանց այցը Հայաստան կը նպաստի երկու ժողովուրդների յարաբերութիւնների առաւել սերտացմանը, ինչպէս նաեւ արդիւնաւէտ գործակցութեան խթան կը հանդիսանայ: Իր խօսքում Վեհափառ Հայրապետը անդրադարձաւ երկու ժողովուրդների ընդհանրութիւններին՝ ընդգծելով, որ պատմութեան ընթացքում տառապանքներ են կրել, սակայն կարողացել են յաղթահարել ամէն տեսակի դժւարութիւն եւ վերականգնել նաեւ իրենց անկախ պետականութիւնը: Վեհափառ Հայրապետը կարեւոր համարեց, որ այսօր՝ ներկայ աշխարհի մարտահրաւէրների առջեւ, հայ եւ հրեայ ժողովուրդները զօրակից եւ աջակից լինեն միմեանց եւ միասնաբար լուծման առաջնորդեն իրենց առջեւ ծառացող խնդիրները:
Ամենայն հայոց կաթողիկոսն անդրադարձաւ Հոլոկոստին, ինչպէս նաեւ միջազգային հանրութեան կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման անհրաժեշտութեանը՝ շեշտելով, որ միայն այդ ճանապարհով՝ համընդհանուր ջանքերի շնորհիւ, հնարաւոր կը լինի մարդկային կեանքում կանխարգելել նմանօրինակ ոճիրների կրկնութիւնը:
Հանդիպման ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսը պատասխանեց հիւրերի հարցերին, որոնք վերաբերում էին Հայոց Եկեղեցու առաքելութեանն աշխարհասփիւռ հայ ժողովրդի կեանքում եւ դերակատարութեանը ազգային ինքնութեան պահպանութեան գործում: Խօսւեց նաեւ միջկրօնական յարաբերութիւնների, երկու ժողովուրդների բարեկամութեան ամրապնդման գործում կարեւոր առաքելութիւն իրականացնող Երուսաղէմի Հայոց պատրիարքութեան եւ Երուսաղէմի սրբավայրերի նկատմամբ Հայ Եկեղեցու ունեցած իրաւունքների պաշտպանութեան մասին:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատւական համակարգ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։