Հա

Քաղաքական

20/12/2014 - 10:00

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Ուրուգւայի Սենատի նախագահին

Դեկտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագոյն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Ուրուգւայի Արեւելեան Հանրապետութեան փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլօ Աստորիի գլխաւորած պատւիրակութեանը:
Հանդիպմանը Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակութիւն յայտնեց հայ-ուրուգւայական յարաբերութիւնների զարգացման եւ զօրացման համար:

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

 

Դեկտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագոյն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Ուրուգւայի Արեւելեան Հանրապետութեան փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլօ Աստորիի գլխաւորած պատւիրակութեանը:
Հանդիպմանը Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակութիւն յայտնեց հայ-ուրուգւայական յարաբերութիւնների զարգացման եւ զօրացման համար: Վեհափառ Հայրապետը, վերյիշելով Ուրուգւայ կատարած իր երկու հովւապետական այցերը, գնահատանքով ընդգծեց, որ միշտ զգացել է հայ ժողովրդի նկատմամբ երկրի իշխանութիւնների կողմից դրսեւորւող բարեացակամ վերաբերմունքը եւ յարգանքը, ինչն իր գործնական արտայայտութիւնն է գտել հայ համայնքի կեանքում: Հայոց Հայրապետը նկատեց, որ Հայոց Ցեղասպանութիւնից մազապուրծ եւ Ուրուգւայում հաստատւած հայորդիներն իրենց նւիրեալ ծառայութեամբ այսօր կարեւոր ներդրում են բերում երկրի զարգացման գործում՝ ներգրաււած լինելով կեանքի բոլոր ոլորտներում:
Զրոյցի ընթացքում Վեհափառ Հայրապետը նաեւ շնորհակալութիւն յայտնեց Ուրուգւայի իշխանութիւններին՝ Հայոց Ցեղասպանութիւնը աշխարհում առաջինը ճանաչելու եւ դատապարտելու համար՝ յաւելելով, որ հայ ժողովուրդն առանձնայատուկ երախտագիտութեամբ է գնահատում այս քայլը:
Իր հերթին Ուրուգւայի Արեւելեան Հանրապետութեան Սենատի նախագահն ուրախութիւն յայտնեց համայն հայութեան հոգեւոր կենտրոն այցելելու առիթով՝ նշելով, որ դրանով նպատակ է հետապնդում զօրացնել երկրների միջեւ նաեւ հոգեւոր կապերը: Իր խօսքում տիար Դ. Աստորին հաստատեց, որ հայերն Ուրուգւայի հասարակութեան մաս են կազմում եւ մեծապէս նպաստում են երկու երկրների միջեւ յարաբերութիւնների սերտացմանը:
Ամենայն Հայոց Հայրապետը եւ Ուրուգւայի Սենատի նախագահը մասնաւոր անդրադարձ կատարեցին ներկայ աշխարհում հոգեւոր արժէքների ամրապնդման անհրաժեշտութեանը՝ դրանում կարեւորելով նաեւ եկեղեցու առաքելութիւնը: Ազատութիւնն ու խաղաղութիւնը նկատելով բարձրագոյն արժէքներ՝ զրուցակիցները հաստատեցին, որ միայն դրանց պահպանութեան եւ զօրացման պարագային է հնարաւոր ունենալ մարդկութեան բարօրութիւնն երաշխաւորող աշխարհ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։