Հա

Քաղաքական

27/12/2014 - 10:10

Հայ եւ լեհ հնագէտները Մեծամօրում Արգիշտի Առաջնի ջոկատների մարտերի արգասիքներ են գտել

Հայ-լեհական արշաւախումբը Մեծամօրի քաղաքային թաղամասում պեղումների արդիւնքում հետաքրքիր բացայայտումներ է արել: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում այս մասին նշեց «Պատմա-մշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանութեան ծառայութիւն» ՊՈԱԿ-ի տնօրէնի տեղակալ, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսեանը:

«armenpress.am» - Հայ-լեհական արշաւախումբը Մեծամօրի քաղաքային թաղամասում պեղումների արդիւնքում հետաքրքիր բացայայտումներ է արել: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում այս մասին նշեց «Պատմա-մշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանութեան ծառայութիւն» ՊՈԱԿ-ի տնօրէնի տեղակալ, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսեանը:
«Պեղել ենք Մեծամօրի քաղաքային թաղամասը, որը գտնւում է միջնաբերդից հիւսիս: Դա նախկինում պեղումների տարածք չի եղել, երկու տարի է՝ ուսումնասիրում ենք: Բացւում է շատ հետաքրքիր կառոյցների համակարգ, որոնք այրւել են, տանիքը փլւել է կառոյցների մէջ, այսինքն՝ բաւական հետաքրքիր հնագիտական նիւթ ունեն իրենց մէջ: Թւագրւում է մօտաւոր մ. թ. ա. 11-9 դարերով: Ամենայն հաւանականութեամբ՝ այս տարածքը 8-րդ դարի առաջին քառորդին Արգիշտի Առաջնի օրօք միացւել է Վանի թագաւորութեանը: Եւ այդ հրդեհները, հաւանաբար, Արգիշտի Առաջնի ջոկատների գործունէութեան արդիւնքն են»,- նշեց Աշոտ Փիլիպոսեանը՝ յաւելելով, որ այդ ամէնը շատ արագ է տեղի ունեցել, նպատակը եղել է, հաւանաբար, քաղաքային այդ հատւածի թուլացումը եւ տարածքը Վանի թագաւորութեանը միացնելը:
141227e03aՀնագէտի տեղեկացմամբ՝ սենեակներից մէկում յայտնաբերել են հինգից վեց կարասներ, որոնք վերականգնողի կողմից ամբողջացման փուլում են գտնւում: «Յոյս ունեմ, որ ժամանակի ընթացքում դրանք կը տեղադրենք նոյն սենեակում ու լուսանկար կանենք»,- յայտնեց Աշոտ Փիլիպոսեանը: Պեղավայրում նաեւ կնոջ կմախք է յայտնաբերւել՝ առանց ոտքի թաթի ոսկորների, կմախքից երկու մետր հեռաւորութեան վրայ նաեւ՝ գանգ: Չի բացառւում, որ գանգը հէնց նոյն կմախքինն է եւ կատարւել է գլխատում եւ վերջոյթների հատման ծէս:
Համագործակցութիւնը լեհ գործընկերների հետ շարունակւում է. կը տեւի եւս երկու տարի: ««Պատմա-մշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանութեան ծառայութիւն» ՊՈԱԿ-ը եւ Լեհաստանի Վարշաւայի համալսարանի Հնագիտութեան ինստիտուտը պայմանագիր են ստորագրել արշաւանքներ իրականացնելու վերաբերեալ: Արդէն երկու տարի է համատեղ աշխատում ենք: Արդիւնքները լաւն են, նիւթերը հրապարակելու ենք ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Լեհաստանում»,- ասաց հնագէտը:
Պեղումներին այս ընթացքում մասնակցել են ուսանողներ Լեհաստանից, Սլովակիայից, միւս տարի խմբին կը միանան մասնագէտներ Ռուսաստանից, ինչպէս նաեւ թուրք հնագէտ է ցանկութիւն յայտնել աշխատել խմբի հետ Մեծամօրում, ում թոյլատրել են: «2015 թ. Մեծամօրում պեղումների տարածքի մակերեսը կընդլայնւի: Բացի այդ՝ 2015-ին լրանում է Մեծամօրի պեղումների 50-ամեակը, որին նւիրւած միջազգային գիտաժողով կանցկացւի Երեւանում, հաւանաբար, սեպտեմբերին»,- ասաց Աշոտ Փիլիպոսեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։