Հա

Քաղաքական

15/06/2015 - 09:50

Ժամացոյցներ չկրող, ժամանակի գոյութեանը չհաւատացող «ժամագործը»

Մասնագիտութեամբ լեզւաբան Աննա Աւագեանին յաջողւել է տեսնել ժամանակի ներսում եղածը:
Աւելին՝ Աննան իր փորձը կիսել է մեզ հետ՝ ստեղծելով հետաքրքիր կոլաժներ:
Օրերս Երեւանի «Նարեկացի» արւեստի միութիւնում բացւել էր ցուցահանդէս «Ժամանակը հիմա է...» խորագրով:

Մասնագիտութեամբ լեզւաբան Աննա Աւագեանին յաջողւել է տեսնել ժամանակի ներսում եղածը:
Աւելին՝ Աննան իր փորձը կիսել է մեզ հետ՝ ստեղծելով հետաքրքիր կոլաժներ:
Օրերս Երեւանի «Նարեկացի» արւեստի միութիւնում բացւել էր ցուցահանդէս «Ժամանակը հիմա է...» խորագրով:
Ներկայացւած կոլաժները պատրաստւած են Աննայի ժամագործ պապիկից ժառանգութիւն մնացած ժամացոյցների մասնիկներից:

 

Պապիկից մնացած ժառանգութիւնը

11-12 տարեկան էի, պապիկս, որը մասնագիտութեամբ չափագէտ էր, բայց նաեւ ժամագործութեամբ էր զբաղւում, ինձ նոյնպէս սովորեցնում էր ժամագործութեան գաղտնիքները: Պէտք է խոստովանեմ, որ ես մի փոքր հմտացել էի այդ գործում, անգամ՝ կարողանում էի վերանորոգել դրանք: Շատ էի սիրում ժամացոյցի փոքր մասնիկները, ինձ միշտ գրաւում էր ոչ թէ ժամացոյցի արտաքին տեսքը, այլ այն, թէ ինչ կայ ներսում: Վերջերս միտք առաջացաւ, ի յիշատակ մանկութեան, պատկերել 1-2 կոլաժ: Իմ մէջ շատ պատկերներ էի տեսնում, եւ 1-2-ից կոլաժները յանկարծ վերածւեցին 30-ի:

150615e02a

Երաժշտութիւնն ինքն է խաղում ժամանակի հետ

Մասնագիտութեամբ լեզւաբան եմ, իսպաներէն եւ անգլերէն լեզուների մասնագէտ, դասաւանդում եմ Սլաւոնական համալսարանում: Չեմ կարող ասել սա առաջին փորձն էր արւեստում. նկարչութեամբ մանկուց եմ զբաղւել, բատիկա եմ սովորել, վոկալի դասերի եմ գնացել, նաեւ լուսանկարչութեամբ եմ զբաղւել: Արւեստն իմ կեանքի մի մասն է: Ես նաեւ երգում եմ: Իսկական երաժշտութիւնը չի սահմանափակւում ժամանակի մէջ, այն գալիս է ի վերուստ, երաժշտութիւնն ինքն է խաղում ժամանակի հետ:

 

Խաղ ժամանակի հետ

Ժամացոյցները, որոնցով սարքել էի կոլաժները, մնացել էին պապիկիցս, բայց դեռ էլի ունենք: Դրանց մէջ կան այնպիսիները, որոնք շատ հին են: Ես դրանք վերանորոգելու մտադրութիւն չեմ ունեցել, որովհետեւ հիմա այնքան էլ չեն գնահատում դրանք՝ որպէս հին արժէք: Իսկ կոլաժները առանձնայատուկ են ոչ միայն նրանով, որ ժամացոյցի մասերից են ստեղծւած, այլ նաեւ, որ դրանց խորագրերը կրում են «ժամանակ» բառը: Կոլաժների խորագրերը փիլիսոփայական բնոյթ են կրում՝ «Ժամանակի դիմակը», «Փախուստ ժամանակից»: Լինում է, որ մասնիկներն են թելադրում ինչ դառնալ, երբեմն ես եմ տեսնում պատկերներ: Ի դէպ, երեխաներս էլ են մասնակցում ստեղծագործական աշխատանքին:

 

Նարեկացին՝ ժամանակից դուրս

150615e02bԿոլաժներից մէկում պատկերել եմ Նարեկացուն: Երբ ապրիլ ամսին Հռոմի Պապը, ի յիշատակ Ցեղասպանութեան զոհերի, պատարագ մատուցեց, որի ժամանակ էլ Նարեկացուն հռչակեց Տիեզերական սուրբ, միանգամից ինձ մօտ Նարեկացու պատկերը եկաւ՝ ժամացոյցի մասնիկների միջոցով: Վազեցի սեղանի մօտ, մօտաւորապէս ինչ-ինչ բան պատկերեցի ու օրեր անց ստեղծեցի այն, ինչ տեսնում էի: Ամենաանհանգիստը Նարեկացուն պատկերելիս էի, ես կասէի՝ ամենազգոյշը: Հնարաւոր չէր ճշգրիտ ձեւով պատկերել, բայց ուրախալի է այն հանգամանքը, որ ցուցահանդէսին կային մարդիկ, որ ասում էին եթէ նոյնիսկ գրւած չլինէր, որ Նարեկացին է, կը հասկանայինք: Ուզում էի Նարեկացու՝ անժամանակ լինելը ցոյց տալ՝ անժամանակ սրբութիւնը:

 

Ժամանակը ժամանակ չի խլում ինձնից

Չէի ասի այդ ամէնն ինձնից ժամանակ է խլում, ընդհակառակը՝ այն մի նոր ժամանակի դաշտ տեղափոխեց ինձ, նոր ժամանակ տւեց: Կորուստը ժամանակը պարապ անցկացնելն է ու այդ ժամանակը չգնահատելը, ներկայում չապրելը: Ուզում էի մանկութիւն գնալ, մանկութեանս յիշողութիւնների ժամանակն է, շատ կարեւոր էր յիշել՝ ինչ էի սիրում մանկութեանս ժամանակ ու այն ներկայ վերադարձնել: Բոլորի հա մար էլ մանկութեան յիշողութիւնները շատ կարեւոր են, բայց առաւել կարեւոր է դրականը յիշել-գտնելն ու այն ներկայ բերելը:

 

Ժամանակ գոյութիւն չունի

Թէեւ ժամանակն անընդհատ առաջ է գնում, կարողացայ ժամացոյցի սլաքները յետ պտտել: Եթէ վախով ապրենք, չենք ապրի, չենք գնահատի այն րոպէները, որոնք անցնում են: Ժամանակ գոյութիւն չունի ոչ անցեալ կայ, ոչ՝ ապագայ, այս պահն էլ անցեալի համար ապագայ է, ապագան էլ ինչ-որ ժամանակ անցեալ է դառնալու: Դրա համար էլ կարծում եմ, որ երեւի ժամանակ գոյութիւն չունի, չնայած ապացուցւած չէ: Ես ամբողջ կեանքում ժամացոյց չեմ կրել, ինձ յաճախ են ժամացոյց նւիրում, բայց, մէկ է, չեմ կրում... Չգիտեմ՝ ինչու, հաւանաբար, շատ մօտկից եմ ծանօթ նրան:

ԿԱՐԻՆԷ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
«yerkir.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։