Հա

Քաղաքական

22/10/2015 - 07:10

Մառախլապատ Ալբիոնից Հայաստան

Քեմբրիջի համալսարանի մագիստրոս, Փարիզի արեւելեան լեզուների եւ մշակոյթի ազգային ինստիտուտի ասպիրանտ Քեթրին Հոջսոնն աւելի քան երկու տարի է ոչ միայն ապրում ու աշխատում է Հայաստանում, այլ նաեւ ուսումնասիրում է հայերէնի բարբառները: Հէնց «Հայերէնի բարբառներ»-ն են երիտասարդ բրիտանուհու ասպիրանտական թէզի թեման:

Երիտասարդ բրիտանուհին հիացած է «Նարեկ»-ի ուժով


«armenpress.am» - Քեմբրիջի համալսարանի մագիստրոս, Փարիզի արեւելեան լեզուների եւ մշակոյթի ազգային ինստիտուտի ասպիրանտ Քեթրին Հոջսոնն աւելի քան երկու տարի է ոչ միայն ապրում ու աշխատում է Հայաստանում, այլ նաեւ ուսումնասիրում է հայերէնի բարբառները: Հէնց «Հայերէնի բարբառներ»-ն են երիտասարդ բրիտանուհու ասպիրանտական թէզի թեման:
Հայերէնի, ապա նաեւ Հայաստանի նկատմամբ հետաքրքրութիւնը, յետոյ նաեւ սէրն արթնացաւ վեց տարի առաջ Յունաստանում. լինելով յունարէնի մասնագէտ՝ Սալոնիկում նա սկսում է ուսումնասիրել Ալավերդու ու Հանքաւանի բարբառները: Այնտեղ ծանօթանալով մի աղջկայ հետ, ում մայրն ազգութեամբ հայ էր, Քեթրինը հնարաւորութիւն է ստանում շփւել հայերէնով, ապա առաջին անգամ կարճ ժամանակով այցելում է Հայաստան, յետոյ այցելութիւններն աւելի պարբերական են դառնում: Այդ ընթացքում դիմում եւ աշխատանքի է ընդունւում Մայր Աթոռի կրթական հաստատութիւններից մէկում՝ Սեւանի Վազգէնեան հոգեւոր դպրանոցում, որտեղ էլ մինչ օրս անգլերէն է դասաւանդում:
Հայերէնի ու Հայաստանի նկատմամբ սէրն ինքնաբուխ է եղել, իսկ Հայաստանում ամենից շատ հաւանում է մարդկանց: «Մարդիկ այստեղ ուրիշ են, չեն մոռանում, որ դիմացինն էլ մարդ է: Անգլիայում կը զարմանան, եթէ որեւէ մէկը նստի տրանսպորտ եւ իրեն օգնելու համար ինչ-որ մէկը պայուսակը պահի: Մեզ մօտ նաեւ այսքան ազատ ու անվտանգ չէ. երեկոները ես ազատ դուրս եմ գալիս ու զբօսնում, ոչ մէկն ինձ չի նեղացնում»,- «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշեց Քեթրինը:
Բրիտանուհուն շատ կարճ ժամանակ պահանջւեց Հայաստանում ամէն ինչին հարմարւելու համար: Չի յիշում՝ այս ընթացքում դժւարութիւնների հանդիպել է, թէ ոչ, կամ էլ դրանք այնքան սովորական դժւարութիւններ են, որ նոյնիսկ չի ցանկանում անդրադառանալ: «Ամէն ինչ Հայաստանում իմ համար լաւ է. սիրում եմ հայկական խոհանոցը, յատկապէս խաշ ու տոլմա, նոյնիսկ երկու անգամ փորձել եմ տոլմա պատրաստել հայուհիների նման, վարունգի պահածոյ եմ պատրաստել: Բարբառներն ուսումնասիրելու համար Հայաստանի շատ տարածքներում եմ եղել, յատկապէս հաւանել եմ Գիւմրին, Եղէգնաձորը, Շնողը: Այս վայրերը, յատկապէս իրենց կոլորիտով ու խառնւածքով, բոլորովին ուրիշ են»,- մաքուր հայերէնով նշում է բրիտանուհին՝ հաւաստելով, որ Հայաստանի խորհրդանիշ համարում է Մասիսն ու Նարեկացուն:
«Առաջին անգամ, երբ եկայ Հայաստան, օդանաւից իջայ ու յանկարծ նկատեցի գագաթը՝ արեւածագի վարդագոյն քօղով: Յետոյ պարզ դարձաւ, որ դա Արարատն էր. հիացած եմ, նման բան ոչ մի տեղ չեմ տեսել, բոլորովին այլ բան է, իսկ ինչ մնում է Նարեկացուն՝ նրա զօրութիւնն անձամբ եմ զգացել: Ինձ ասել էին «Նարեկ»-ի մասին: Երբ առաջին անգամ փորձեցի կարդալ, ոչ մի բան չզգացի, բայց այս տարի, երբ կրկին ձեռքս առայ ու կարդացի, արդիւնքն աննկարագրելի էր, հիմա ես գիտեմ՝ «Նարեկ»-ն ուժ է»,- աւելացրեց Քեթրին Հոջսոնը՝ հաւաստելով, որ նպատակ ու ցանկութիւն ունի սովորել նաեւ գրաբար:
Քեթրինը սիրում է նաեւ Հայ Առաքելական Եկեղեցի յաճախել, հնարաւորութեան դէպքում մասնակցում է ժամերգութիւններին ու պատարագներին:
«Արմէնպրես»-ի այն հարցին, թէ՝ ինչպէ՞ս են երիտասարդ բրիտանուհու ծնողներն ընդունում իր՝ Հայաստանում բնակւելու փաստը, Քեթրինը նշեց, որ շատ լաւ, յատկապէս Հայաստան կատարած այցից յետոյ, երբ եկել, տեսել են այս երկիրը, նաեւ համոզւած լինելով, որ սա իր աշխատանքն ու հոբբին է: «Այստեղ շատ գեղեցիկ վայրեր ունէք, որտեղ կարելի է տուրիզմը զարգացնել: Եւրոպայում նման տուրիզմի պահանջը շատ կայ, ափսոս, այստեղ մարդիկ հոգսաշատ են եւ չեն կարող վայելել այն, ինչ ունեն»,- նշում է Քեթրինը՝ յաւելելով, որ ինքը, լինելով անգլիացի, չի բացառում, որ Հայստանում կարող է տեսնել իր ապագան՝ ինչպէս անձնականը դասաւորելու, այնպէս էլ աշխատանքային առումով:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՄԽՈՅԵԱՆ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։