Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 26 Յուլիսի 2016 09:20

Անդրէ Լոշակ.- ««Աւրորա»-ն փաստեց, որ մարդիկ հրաշքներ են գործում»

Յուլիսի 15-ին «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնի շրջանակներում ՀԲԸՄ-ի Երեւանի գրասենեակում տեղի ունեցաւ լրագրող, ռեժիսոր, «ՏԵՖԻ» մրցանակի դափնեկիր Անդրէ Լոշակի վարպետութեան դասը, ով նկարահանել էր «Աւրորա» մրցանակի յաւակնորդների մասին պատմող ֆիլմերը:

«mediamax.am» - Յուլիսի 15-ին «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնի շրջանակներում ՀԲԸՄ-ի Երեւանի գրասենեակում տեղի ունեցաւ լրագրող, ռեժիսոր, «ՏԵՖԻ» մրցանակի դափնեկիր Անդրէ Լոշակի վարպետութեան դասը, ով նկարահանել էր «Աւրորա» մրցանակի յաւակնորդների մասին պատմող ֆիլմերը:


«Աւրորա» մրցանակի եւ ֆիլմերի մասին
Ֆիլմերը հերոսներին ներկայացնող հինգ րոպէանոց տեսանիւթեր են:
Իհարկէ, պատմութիւնները վախենալու են, բայց լուսաւոր կողմեր էլ ունեն: «Աւրորա» մրցանակը հէնց այն մարդկանց մասին է, ովքեր սարսափելի, կրիտիկական պայմաններում անհաւանական մարդկային յատկանիշեր են ցուցադրում:
Այն պահին, երբ համաձայնեցի նկարահանել տեսանիւթերը, արդէն մի տարի ղեկավարում էի «Այսպիսի գործեր» առցանց պարբերականը: Այն ստեղծւել է « Օգնութիւն է պէտք» բարեգործական հիմնադրամի հարթակի վրայ: Մենք գրում ենք այն մասին, թէ ինչ վատ է ամէն բան, այն մասին, որ Ռուսաստանի կառավարութիւնը չի աջակցում հիւանդ երեխաներին ու ծերերին, որոնք մահանում են անօգնական վիճակում:
Մի անգամ մի կամաւոր մօտեցաւ ինձ: Կարծում եմ, որ կամաւորները մարդկային մի առանձին տեսակ են, հիանում եմ նրանցով՝ նրանք զոհաբերում են սեփական ազատ ժամանակը յանուն ուրիշների: Եւ նա ասաց ինձ, որ իրեն հարկաւոր է ոգեշնչւել, ինչ-որ տեղից ուժ ստանալ ու խնդրեց, որ ինչ-որ ոգեւորող նիւթ գրեմ: Մտածեցի դրա մասին՝ մեզ ցաւ ու տառապանք է շրջապատում, ու լրագրողը, յայտնւելով վատ լուրերի շրջապտոյտի մէջ, երբեմն մոռանում է, որ մարդիկ ոգեշնչման կարիք ունեն: Հէնց այդ ժամանակ էլ իմ կեանքում յայտնւեց «Աւրորա»-ն:
Այս պատմութիւնները յոյս են տալիս: Հասկանում ես, որ բարին կարող է յաղթել չարին:


Աշխատանքային գործընթացը
Նախապատրաստական աշխատանքների համար քիչ ժամանակ ունէինք՝ ընդամենը երկու ամիս: «Աւրորա»-ի յաւակնորդների մասին կարդացի բոլոր այն նիւթերը, որոնք հասանելի են անգլերէն լեզւով:
Շատ բարդ խնդիր էր մեր առջեւ դրւած, պիտի պատմէինք Հերակլէսի ու Պրոմեթեւսի մակարդակի հերոսութիւններ կատարած մարդկանց մասին: Ու այդ ամէնը՝ ընդամենը հինգ րոպէում: Բայց հնարաւո՞ր է արդեօք հաշւած րոպէների ընթացքում էպոս ներկայացնել: Յետոյ որոշեցինք, որ հէնց հերոսները կը պատմեն իրենց մասին:


Սայիդա Ղուլամ Ֆաթիմա
Նա ակտիւիստ է եղել արդէն ուսանողական տարիներից: Ամէն ինչ զոհաբերեց, որպէսզի փրկի մարդկանց, ովքեր Պակիստանում ստրկութեան մէջ են ապրում: Ֆաթիման յամառ ու պարզ կին է: Ֆաթիմայի մասին դեռ մէկ տարի առաջ որեւէ մէկը չգիտէր, երբ «Humans of New York» բազմամիլիոնանոց բլոգի հեղինակը գրեց նրա մասին: Նրա պատմութիւնը «պայթեցրեց» «ֆէյսբուք»-ը եւ նա սկսեց նւիրատւութիւններ ստանալ, որոնց շնորհիւ, վերջապէս, բնակարան վարձեց իր համար, քանի որ իր տունը տւել էր ստրկութիւնից ազատւածներին:


Մարգարիտ Բարանկիցէ
«Թագուհի Մեգին» մրցանակը ստացաւ: Նա իսկապէս սուրբ մարդ է: Իր աչքի առջեւ սպանել էին իր 72 հարեւաններին, իսկ նա շարունակում էր հաշտութիւն գտնելու ջանքերը: Մրցանակը ստանալու պահին նա արդէն բաւականին յայտնի էր ամբողջ աշխարհում: Նա հիասքանչ կին է, իսկական թագուհի. վարակում է հաւատքի, սիրոյ ու յոյսի էներգիայով: Նրա շուրջը բոլորը սկսում են երգել ու ուրախանալ:


Հայր Բեռնար Կինւի
Երիտասարդ է, 32 տարեկան է: Սքայփի միջոցով ենք կապ հաստատել իր հետ: Սկզբում Բեռնարը թաքցնում ու բուժում էր քրիստոնեաներին, յետոյ՝ մուսուլմաններին:


Բժիշկ Թոմ Կատենա
Թոմ Կատենան իմ սիրելի հերոսն է: Նա իմ կուռքն է դարձել: Երբեք չէի հանդիպել մի մարդու, ով սեփական կամքով եւ հետեւողական կերպով Քրիստոսի ուղին է կրկնում:


Հաւատքի մասին
Միմեանցից տարբերւող այս մարդկանց մի բան է միաւորում՝ նրանք բոլորը հաւատում են: Ֆաթիման հաւատում է սոցիալ յեղափոխութեան ու նոր աշխարհ ստեղծելու հնարաւորութեանը: Բեռնարը, Թոմն ու Մեգին հաւատում են, որ մարդկութիւնը կը փրկւի: Նրանք բոլորն էլ հաւատում են մարդկանց, եւ հէնց այդ հիմնաքար որակն էլ տարբերում է նրանց միւսներից:
Հաւատքը սարեր է շրջում: Հէնց դա ես հասկացայ: Պէտք է հաւատալ բարութեանն ու մարդկանց, ու այդ ժամանակ հրաշքներ են տեղի ունենում:

ԼԵՆԱ ԳԷՈՐԳԵԱՆ
Լուսանկարը՝
ՄԱՐԻԱՄ ԼՈՐԵՑԵԱՆԻ

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։