Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 19 Դեկտեմբերի 2016 10:20

Դիրքի տղաները քչախօս են. առաջնագծի օրակարգին ականատես պատմութիւններ

Դեկտեմբերի 2-3-ը ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան նախաձեռնութեամբ մի խումբ լրագրողներ այցելեցին Տաւուշի մարզ՝ Նոյեմբերեանում տեղակայւած զօրամաս, այնուհետեւ՝ դիրքեր:
Զօրամասում մարտական հերթափոխի մեկնող ստորաբաժանումներն առաւօտեան շարւեցին ստուգատեսի: Գնդի հրամանատարի հրամանով սկսւեց մարտական հերթապահութեան ստանձնման արարողակարգը:

«panorama.am» - Դեկտեմբերի 2-3-ը ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան նախաձեռնութեամբ մի խումբ լրագրողներ այցելեցին Տաւուշի մարզ՝ Նոյեմբերեանում տեղակայւած զօրամաս, այնուհետեւ՝ դիրքեր:
Զօրամասում մարտական հերթափոխի մեկնող ստորաբաժանումներն առաւօտեան շարւեցին ստուգատեսի: Գնդի հրամանատարի հրամանով սկսւեց մարտական հերթապահութեան ստանձնման արարողակարգը: Թմբուկի զարկերի ներքոյ ստորաբաժանումների հրամանատարները, յենակէտերի աւագները դուրս եկան իրենց ստորաբաժանումների շարքերի կենտրոն, շարւեցին սահմանւած կարգով: Դրան յաջորդեց աղօթքը, որից յետոյ մարտական հերթափոխի մեկնող զինւորները հանդիսաւոր երթով դուրս եկան շարահրապարակից, նստեցին մեքենաներն ու մեկնեցին առաջնագիծ՝ երգելով, մարտական տրամադրութեամբ, առանց վախենալու ու տրտնջալու:
161219e01aԼրագրողներս նոյնպէս գնում ենք առաջնագծի դիրքեր: Մեր «ՈւԱԶ»-ն անցնում է դէպի սահմանապահ դիրքեր տանող գրունտային ոլորապտոյտ ճանապարհով: Վարորդը պարբերաբար աջ ու ձախ պտտելով ղեկը՝ փորձում է հնարաւորինս անվտանգ յաղթահարել ցեխալճակները: Ցեխոտ, մառախլապատ ճանապարհն անցնելուց յետոյ հասնում ենք դիրքեր, որտեղ մեզ են դիմաւորում Հայրենիքի պաշտպանները: Առաջնագծի այն հատւածում, որտեղ եղանք, մարտական հերթապահութիւն են իրականացնում ինչպէս ժամկէտային, այնպէս էլ պայմանագրային զինծառայողները:
Դիրքապահները մարտական տրամադրւածութեամբ, հպարտ կեցւածքով են ողջունում հրամանատարներին: Պայմանագրային զինծառայողների մեծ մասը տեղացի են եւ հսկելով սահմանի՝ իրենց վստահւած հատւածը՝ թիկունքին մշտապէս զգում են հայրենի գիւղի տաք շունչը:
161219e01bԴիրքի տղաները քչախօս են, հարցերին կամ հրաժարւում էին պատասխանել, կամ էլ՝ կարճ պատասխաններ են տալիս: Սակայն առանց նրանց հետ խօսելու էլ, միայն աչքերի մէջ նայելով՝ կարելի է հասկանալ, որ նրանք գիտակցում են՝ իրենց է վստահւած Հայրենիքի սահմանն ամուր ու անառիկ պահելու պատւաբեր առաքելութիւնը:
Մարտական դիրքի աւագ, սերժանտ Սուրէն Խանումեանը պայմանագրային զինծառայող է: Երեք որդիների հայրն ապրում է սահմանամերձ գիւղում եւ իր պարտքն է համարում պաշտպանել Հայրենիքի սահմանները: Մասնագիտութեամբ շինարար Սուրէնն ընտրել է այն ճանապարհը, որ տանում է դէպի Հայրենիքի սահման:
Սերժանտը պատմում է, որ սահմանին կրակոցներ յաճախակի են լինում, բայց նաեւ լինում են այնպիսի օրեր, որ հակառակորդը չի կրակում: «Մենք միշտ պատրաստ ենք, իսկ մեր զինւորներին միշտ դուխ ենք տալիս, որ ոչ մի բանից չվախենան, միշտ լինեն զգօն ու առոյգ»,- ասաց սերժանտը:
161219e01cՆրա ասութեամբ՝ մարտական հերթապահութեան կարեւորագոյն բաղադրիչներից է նաեւ զինւորական կարգապահութիւնը, որի խստիւ պահպանմամբ է միայն հնարաւոր լիարժէք ու անվտանգ կատարել մարտական ամենադժւարին ու բարդ առաջադրանքները:
Դիտակէտում պայմանագրային զինծառայողներից մէկն ասաց, որ թէեւ այս պահին իրավիճակը հանգիստ է, սակայն իրենք միշտ զգօն են եւ հետեւում են հակառակորդի շարժերին:
Անփորձանք ծառայութիւն մաղթելով Հայրենիքի պաշտպաններին՝ իջնում ենք դիրքերից…
ՀՀ պաշտպանութեան նախարարի մամուլի խօսնակ Արծրուն Յովհաննիսեանն էլ լրագրողների հետ զրոյցում ասաց, որ տարէցտարի պայմանագրային ծառայողների քանակը մեծացւում է եւ կոնկրետ որոշակի գործառոյթներ լիովին իրականացնում են պայմանագրային զինծառայողները: «Սակայն ՀՀ-ն դեռ երկար ժամանակ պէտք է մնայ խառն համալրման սկզբունքով, այսինքն՝ ժամկէտայինը պահպանւելու է, բայց դրան զուգահեռ աւելանալու է պայմանագրային զինծառայողների թիւը»,- նշեց նա՝ յաւելելով, որ եւ մարտունակութեան ապահովման, եւ բազում այլ գործառոյթներից ելնելով, ամենաճիշտ տարբերակը համարում են խառը համալրման սկզբունքը:
161219e01dՀՀ ՊՆ-ի 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսեանը յայտնեց, որ 2015 թւականի համեմատ՝ 2016 թւականի ընթացքում 3-րդ բանակային կորպուսի պահպանութեան գօտում գնդակոծումների, ինչպէս նաեւ արկակոծումների դէպքերը նւազել են:
Նրա ասութեամբ՝ հայկական կողմը հակառակորդի կրակոցներին պատասխանում է միայն բացառիկ դէպքերում՝ եթէ կրակում են խաղաղ բնակչութեան, բնակավայրերի վրայ եւ յաւելեց, որ դա հակառակորդի կողմից ծանր զէնքի կիրառման հետեւանքով բնակավայրերի վրայ թիրախաւորւած կրակն է, գիւղատնտեսական աշխատանքներին խոչընդոտելը, ահաբեկելը եւ նման խնդիրներ:
«Փաստ է, որ համեմատած 2014-2015 թթ.-ի՝ 2016 թւականին մինչ օրս հակառակորդի կողմից կրակոցների բաւականին լուրջ նւազում կայ: Ապրիլեան պատերազմի օրերին, ի տարբերութիւն մնացած ժամանակահատւածի, ընդհանրապէս շատ նւազ, շատ քիչ կրակոցներ են արձանագրւել»,- նշեց Հայկ Պետրոսեանը:
Նա վստահեցրեց, որ զօրքերի մարտունակութեան մակարդակը բարձր է, պրոֆեսիոնալիզմը թոյլ է տալիս հարկ եղած դէպքում ռազմաքաղաքական ղեկավարութեան թոյլտւութեամբ անցնեն պատժիչ գործողութիւնների:
Նշւեց նաեւ, որ Տաւուշի մարզում շուրջ 20 գիւղ գտնւում է հակառակորդի կրակային գօտում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

կը յաջողւի՞ արդեօք ստեղծել հակաիրանական արաբա-իսրայէլական դաշինք:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։