Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 21 Դեկտեմբերի 2016 09:40

Հայաստանի 5 քաղաքներում մեկնարկում են զբօսաշրջութեան զարգացմանը միտւած խոշորածաւալ ծրագրեր

Տարածքների համաչափ զարգացման սկզբունքից ելնելով՝ Հայաստանի 9 քաղաքներում մեկնարկում են խոշորածաւալ ծրագրեր, որոնցից առաջին 5-ում սկիզբն արդէն տրւել է: Ջերմուկում ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի գլխաւորութեամբ ՀՀ-ում զբօսաշրջութեան զարգացման հեռանկարների վերաբերեալ խորհրդակցութիւնից յետոյ լրագրողների հետ զրոյցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դաւիթ Լոքեանը:

«armenpress.am» - Տարածքների համաչափ զարգացման սկզբունքից ելնելով՝ Հայաստանի 9 քաղաքներում մեկնարկում են խոշորածաւալ ծրագրեր, որոնցից առաջին 5-ում սկիզբն արդէն տրւել է: Ջերմուկում ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի գլխաւորութեամբ ՀՀ-ում զբօսաշրջութեան զարգացման հեռանկարների վերաբերեալ խորհրդակցութիւնից յետոյ լրագրողների հետ զրոյցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դաւիթ Լոքեանը: «Խօսքը շուրջ 50 միլիոն դոլարի վարկային ծրագրի մասին է, որը տրամադրւում է Ասիական զարգացման բանկի կողմից ծրագրի առաջին փուլն իրականացնելու համար: Առաջին փուլում ընդգրկւած են Վանաձոր, Ջերմուկ, Դիլիջան, Ծաղկաձոր եւ Աշտարակ քաղաքները: Վանաձորի զարգացման համար նախատեսւած է 20 միլիոն դոլար, Ջերմուկի համար՝ 10 միլիոն դոլար, Դիլիջանի համար՝ 6 միլիոն դոլար, Ծաղկաձորի համար՝ 10 միլիոն դոլար, Աշտարակի համար՝ 4 միլիոն դոլար: Աշխատանքներին մասնակցելու է նաեւ մասնաւոր հատւածը, եւ մենք ակնկալում ենք, որ այդ գումարն առնւազն կը կրկնապատկւի իր ծաւալների մէջ եւ հսկայածաւալ ենթակառուցւածքներ, զբօսաշրջային, հանգստեան գօտիներ եւ այլ գրաւիչ ծրագրեր կունենանք տւեալ տարածքներում»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ մանրամասնեց նախարարը:
Նա յաւելեց, որ ծրագիրը կունենայ իր շարունակութիւնը: Երկրորդ փուլում կը գումարւեն եւս 5 քաղաքներ, որոնց նախնական ցանկը կը հրապարակւի առաջիկայում: Այդ քաղաքների մէջ պարտադիր լինելու է նաեւ Գիւմրին: Նախարարը յայտնեց, որ վարկային ծրագիրը ուժի մէջ կը մտնի 2017 թ. սեպտեմբերին, երբ կը հաստատւի առաջիկայ ընտրութիւնների արդիւնքում ձեւաւորւելիք խորհրդարանի կողմից՝ մայիս-յունիսին:
«Բացի այդ, հանրապետութեան նախագահին ներկայացւել է մեր կողմից իրականացւող մէկ նոր ծրագրի մասին: Ռուսաստանի կողմից 3 միլիոն դոլարի գրանտ է յատկացւել Հայաստանի Հանրապետութեանը՝ գիւղական տուրիզմի զարգացման խնդիրները լուծելու համար, որն ընդգրկելու է շուրջ 60 գիւղական բնակավայրեր: Այս ծրագիրը միտւած է գիւղական տուրիզմի աշխուժացմանը»,- ընդգծեց Դաւիթ Լոքեանը:
Նախարարը մանրամասնեց, որ գիւղական տուրիզմի զարգացման վերը նշւած ծրագրի շրջանակներում առաջնահերթ քայլերից մէկը լինելու է Ամասիայի տարածաշրջանում՝ Արփի լճի յարակից տարածքում, ամառային եւ ձմեռային տուրիզմի կենտրոն ստեղծելու գաղափարը: «Գիւղական տուրիզմի մէկ այլ կտոր վերաբերելու է Ստեփանաւանի տարածաշրջանին: Մէկ այլ կտոր կարող է տեղափոխւել եւ իրականացւել Տաւուշի մարզի Բերդի տարածաշրջանում: Մէկ ամիս յետոյ կը լինի ցանկը, թէ ինչ բնակավայրեր են ընդգրկւելու այդ ծրագրում: Մեզ այս խնդրում օգնում է ՄԱԿ-ի համապատասխան կառոյցը, որն օգնում է ընտրել այնպիսի բնակավայրեր, որոնք ունեն գիւղական տուրիզմի զարգացման մեծ հեռանկարներ»,- յայտնեց Լոքեանը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը Վայոց Ձորի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում զբօսաշրջութեան ոլորտի պատասխանատուների մասնակցութեամբ խորհրդակցութիւն է անցկացրել, որի ընթացքում քննարկւել են Հայաստանում զբօսաշրջութեան զարգացման հեռանկարները եւ այդ ուղղութեամբ մինչ օրս իրականացւած գործողութիւնները:

Related items

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։