Հա

Քաղաքական

Շաբաթ, 24 Դեկտեմբերի 2016 09:20

Վիկտոր Մնացականեան.- ««Խելացի քաղաք» ունենալու համար պատմութիւնը պէտք է պահել, հին ճարտարապետական շէնքերը չքանդել»

Հայաստանում «խելացի քաղաք» կարող է ստեղծւել: Այս հարցը քննարկւել էր ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանի՝ Չինաստանի «Ցինխուա» համալսարանին կից հանրային անվտանգութեան հետազօտութիւնների ինստիտուտի եւ չինական «GSAFETY» ընկերութեան պատւիրակութեան հետ հանդիպման ժամանակ:

Հայաստանում «խելացի քաղաք» կարող է ստեղծւել: Այս հարցը քննարկւել էր ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանի՝ Չինաստանի «Ցինխուա» համալսարանին կից հանրային անվտանգութեան հետազօտութիւնների ինստիտուտի եւ չինական «GSAFETY» ընկերութեան պատւիրակութեան հետ հանդիպման ժամանակ:
Կողմերը, մասնաւորապէս, անդրադարձել են «խելացի քաղաք» նախագծի մշակման եւ այն Հայաստանի քաղաքներից մէկում ներդնելու հնարաւորութիւններին:
«tert.am»-ի հետ զրոյցում «Պահպանւում է երեւանցու կողմից» քաղաքացիական նախաձեռնութեան համակարգող Վիկտոր Մնացականեանն ընդգծեց, որ «Խելացի քաղաք» ունենալու նախաձեռնութիւնը ողջունել է, խելացի կառավարման պոտենցիալ ունենք, բայց նախ անհրաժեշտ է լուծել կուտակւած խնդիրները:
«Օրինակ՝ Երեւանը կառավարման համար փոքր քաղաք է, շատ խիտ է ու եզակի. մեր բնակչութեան մօտ 50 տոկոսը Երեւանում է ապրում: Խելացի կառավարման համար, իհարկէ, գիտական ուժեղ թիմ է պէտք, պոտենցիալն ունենք, մեր տեղեկատւական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներն էլ կարող են կառավարումն իրականացնել, բայց այս պահին շատ կարեւոր է «կանաչ ճարտարապետութեան» հիմնարար սկզբունքի կիրառումը»,- մանրամասնեց Վիկտոր Մնացականեանը՝ յաւելելով, որ Չինաստանում «կանաչ ճարտարապետութեան» հիմնարար սկզբունքի հիման վրայ քաղաքներ են կառուցւում, Բրազիլիան նոյնպէս նման փորձ ունի:
Նա յիշեցրեց, որ Նիւ Եօրքում եւ Չիկագոյում մինչեւ 2020 թւականը նախատեսւում է կառուցել «խելացի քաղաքներ»՝ օգտագործելով բարձր տեխնոլոգիաները: Նիւ Եօրքում այն ընդգրկելու է 17 միլիոն քառակուսի ոտնաչափ տարածութիւն՝ առեւտրային եւ բնակելի գօտիներով, հետիոտնային երթեւեկութեամբ, սեփական էներգիայի արտադրութեամբ, աշխատողների ու բնակիչների համար նախատեսւած առողջապահական եւ աշխատանքային պայմաններով: Այստեղ լինելու է նաեւ դպրոց, հիւրանոց, հանրային տարածք՝ սեփական էլեկտրակայանով եւ թափօնների մշակման համակարգով: Շնորհիւ այս ծրագրի՝ խնայւելու է քաղաքի գերծանրաբեռնւածութիւնից գոյացող մօտ 120 միլիարդ դոլարի գումար: Վիկտոր Մնացականեանի ասութեամբ՝ կարեւոր է նաեւ այլընտրանքային՝ արեւային էներգիայի օգտագործումը:
«Խելացի կառավարումը ենթադրում է մատչելի բնակարանաշինութիւն, Էներգիայի սպառման նւազում, աղտոտող արտանետումների մակարդակի նւազում, ներդրումների խթանում, անվտանգ ու կանխատեսելի տրանսպորտային համակարգի ներդրում, կանաչ տարածքների ընդլայնում»:
Վիկտոր Մնացականեանի ասութեամբ՝ «Խելացի քաղաք» ունենալու համար առաջին հերթին պիտի արգելել շինարարութիւնն այգիներում, մոլլերի առկայութիւնը քաղաքի կենտրոնում, բարձրայարկ շէնքերի կառուցումը՝ հին պատմամշակութային շէնքերը քանդելու գնով:
«Առանց պատմութեան խելացի քաղաք չի լինում»,- ասաց նա:
Քաղաքացիական նախաձեռնութեան համակարգողի ասութեամբ՝ փոփոխութիւններ պիտի լինեն նաեւ զբօսաշրջութեան զարգացման ոլորտում, առաջին հերթին՝ տրանսպորտային սպասարկման մասով: Ըստ նրա՝ «Խելացի քաղաք»-ի բաղկացուցիչ կարող է լինել նաեւ Երեւանում միասնական տոմսային տրանսպորտային համակարգը:
«Եթէ նշւած բոլոր փոփոխութիւններն արւեն, ապա կարող ենք խօսել «Խելացի քաղաք» ունենալու մասին, այլապէս կը լինի հերթական նախաձեռնութիւնը, որը կեանքի չի կոչւի»:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։