ՀՀ կառավարութեան որոշմամբ ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի «Մ. Արամեանցի տուն (ամառանոց)» պատմութեան եւ մշակոյթի անշարժ յուշարձանի նկատմամբ ճանաչւեց բացառիկ՝ գերակայ հանրային շահ:
«armenpress.am» - ՀՀ կառավարութեան որոշմամբ ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի «Մ. Արամեանցի տուն (ամառանոց)» պատմութեան եւ մշակոյթի անշարժ յուշարձանի նկատմամբ ճանաչւեց բացառիկ՝ գերակայ հանրային շահ: ՀՀ մշակոյթի նախարար Արմէն Ամիրեանը նշեց, որ որոշումը պայմանաւորւած է նորայայտ յուշարձանի եւ դրա զբաղեցրած տարածքի ոչ-նպատակային օգտագործումը կանխելու, պատմականօրէն ձեւաւորւած նախնական կերպարին համապատասխան վերականգնման եւ նորոգման, գիտական, կրթական, մշակութային եւ ճանաչողական, զբօսաշրջային կամ նախնական գործառնական նպատակներով օգտագործման եւ յարակից տարածքների կառուցապատումը կանոնակարգելու անհրաժեշտութեամբ:
«Նախարարութեան մասնագէտների կատարած ուսումնասիրութեամբ պարզւել է, որ կառոյցի սեփականաշնորհումից յետոյ այն մատնւել է անուշադրութեան, չեն իրականացւել պահպանական միջոցառումներ՝ մասնաւորապէս, վերականգնողական աշխատանքներ, միջավայրը մնացել է անխնամ, ինչի պատճառով մեծ բարերարի տունը գտնւում է փլուզման եզրին»,- «Արմէնպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:
Մ. Արամեանցի ամառանոցի շէնքը 1992 թ. Հայաստանի արհեստակցական միութիւնների կոնֆեդերացիան սեփականութեան իրաւունքով յանձնել է Տուրիզմի եւ էքսկուրսիաների հանրապետական խորհրդին, որն էլ իր հերթին 2005 թ. հոկտեմբերի 18-ին ընդամենը 1 մլն. 200 հազար դրամով վաճառել է ամերիկահայ գործարար Սերոբ Տէր-Պօղոսեանի «Մեթըլ փրինս» ընկերութեանը: Սերոբ Տէր-Պօղոսեանի մահւանից յետոյ սեփականութիւնը տնօրինում է կինը՝ Մադլէն Թաշճեանը:
Ներկայում ամառանոցը սեփականութեան իրաւունքով պատկանում է «Լոզէ» ՍՊԸ-ին, իսկ 2013 թ.-ից հիփոթեքի պայմանագրի հիմքով գրաւադրւած է «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում: Օտարումից յետոյ սեփականատէրը, ինչպէս նաեւ հետագայ տնօրինող անձինք չեն իրականացրել պահպանական միջոցառումներ, ինչի պատճառով մեծ բարերարի կառուցած ինքնատիպ շէնքը խարխլւել է: Բացի այդ, 2005 թ.-ից յետոյ սեփականատիրոջ իրականացրած շինարարական աշխատանքներից յետոյ աղճատւել է պատմական միջավայրը, եւ այն գտնւում է անբարեկարգ, անհրապոյր վիճակում: