Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 01 Մարտի 2017 12:30

Մարտահրաւէր, որ պէտք է ազգովի յաղթահարենք

«Հայոց աշխարհ»-ի հարցերին պատասխանել է ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը։

«Հայոց աշխարհ»-ի հարցերին պատասխանել է ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը։

 

- Խորհրդարանական հերթական քառօրեայի մեկնարկին հայրենի քաղաքական ուժերի արծարծած հիմնական հարցադրումներից մէկը փետրւարի 24-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկւած հերթական դիւերսիոն գործողութիւնն էր։

- Իրավիճակն իսկապէս մտահոգիչ է. օր չկայ, որ շփման գծում հրադադարի խախտումներ չլինեն, զոհեր չլինեն։ Վերջին դիւերսիոն յարձակումները ձեռնարկւել են միանգամից երկու ուղղութեամբ՝ փորձել են մտնել պաշտպանական դիրքեր, խորանալ եւ այլն։ Անպայման չէ՝ լայնածաւալ պատերազմ լինի, հրթիռներ կիրառւեն, որ ասենք՝ իրավիճակն արտասովոր լարւած է։ Այն, որ հակառակորդը պատրաստւում է պատերազմի՝ երկու կարծիք չի կարող լինել։

 

- Ձեր կուսակից Արթուր Աղաբեկեանը յայտարարութիւն է տարածել, որտեղ ասւում է, որ պէտք չէ ժողովրդին վախեցնել պատերազմով։ Անընդհատ խուճապային տրամադրութիւններ տարածելով՝ արջի ծառայութիւն չե՞նք մատուցում ԼՂՀ պաշտպանութեան բանակին։

- Չեմ կարծում, թէ ինչ-որ մէկը վախենում է պատերազմից։ Ապրիլին մեր ժողովուրդը ցոյց տւեց, չէ՞, որ չի վախենում։ Կարծում եմ, այդ հին կարծրատիպերը՝ վախեցնել եւ այլն, այսօր չեն աշխատում, որովհետեւ վախեցողը վաղուց արդէն վախեցել է, վախն էլ բռնւել է։

Մենք գիտենք՝ ինչ հակառակորդի հետ գործ ունենք, եւ շատ լաւ հասկանում ենք՝ եթէ խուսափում են բանակցութիւններից, ուրեմն պատերազմ են ուզում եւ պատերազմի են պատրաստւում։ Սա մարտահրաւէր է, որ պէտք է ազգովի յաղթահարենք՝ մեր ռեսուրսները համապատասխանեցնելով այդ սպառնալիքներին։

 

- Ի՞նչ էք կարծում՝ բանակցութիւնները որեւէ հեռանկար այս փուլում ունե՞ն։

- Իրենց գլխաւոր խնդիրը միշտ եղել է՝ հնարաւորինս խոչընդոտել խաղաղ կարգաւորման գործընթացին, որովհետեւ հասկանում են՝ տրամաբանութիւնը, որով ընթանում են բանակցութիւնները, իրենց ձեռնտու չէ։ Սա միանշանակ է։ Եթէ գնում են բանակցութիւնների՝ որեւէ բան չզիջելով, սա ամենապերճախօս ապացոյցն է, որ գործ ունենք անբանակցելի կողմի հետ։

Ի՞նչ է այսօր պատրաստւում զիջել Ադրբեջանը։ Ո՛չ մի բան։ Բաքւի յայտարարութիւնը, թէ պատրաստ են Ղարաբաղին ամենաբարձր ինքնավարութիւն «շնորհել», ուղղակի ծիծաղելի է։ Նրանք չեն պատրաստւում որեւէ բան զիջել, իսկ բանակցութիւնները զիջում են ենթադրում։ Այս իրավիճակում, բնականաբար, ամէն ինչ պէտք է անեն, որ բանակցութիւնների խափանման պատասխանատւութիւնն իրենց վրայ չընկնի, այլապէս կը յայտնւեն շատ լուրջ ճնշումների տակ։ Եթէ մի օր վեր կենան ու ասեն՝ կոնֆլիկտը ոչ թէ խաղաղ միջոցներով ենք ուզում լուծել, այլ պատերազմի միջոցով, կը յայտնւեն մարգինալ դաշտում՝ միջազգային մեկուսացման մէջ, եւ կընկալւեն որպէս ագրեսոր պետութիւն, որը վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար։

Վերջին տասնամեակների հիմնական ձեռքբերումներից մէկն այն է, որ միջազգային հանրութիւնը յստակ արձանագրել է՝ տարածքային վէճերը, էթնիկ հակամարտութիւնները պէտք է լուծւեն փոխադարձ համաձայնութեան, խաղաղ բանակցութիւնների ճանապարհով։ Եթէ սա խախտւում է՝ խախտւում է միջազգայնօրէն ընդունւած կարգուկանոնը, եւ Ադրբեջանը չի ուզում իր վրայ վերցնել այդ պատասխանատւութիւնը։ Եւ, տեսէք՝ ինքը յարձակւել է, բայց ասում է՝ ե՛ս չեմ յարձակւել։

 

- Չի՞ ստացւում, որ այդ հնարքը, ըստ էութեան, աշխատում է. նոյն միջազգային հանրութիւնը, համանախագահները, միտումնաւոր թէ ոչ, կուլ են տալիս այդ խայծը։

- Չեմ կարծում։ Այդ տրամաբանութիւնը որեւէ քննադատութեան չի դիմանում։ Ուղղակի միջազգային հանրութիւնը, փորձելով տեղ թողնել բանակցութիւնների համար, այսպէս ասած՝ չէզոքութիւն է պահպանում։ Բայց դա իրեն չի արդարացնում՝ պէտք է իրերն իրենց անուններով կոչւեն, եւ միջազգային հանրութիւնը վաղուց արդէն պիտի հասկացած լինէր՝ այս ճանապարհը ճիշտ տեղ չի տանում։

 

- Այն, որ Հայաստանում կայ քաղաքական ուժ (խօսքը ՀԱԿ-ի մասին է), որ ընտրութիւններին մասնակցում է «Խաղաղութիւն, բարիդրացիութիւն, առաջընթաց» կարգախօսով՝ ասելով, որ առանց դրա Հայաստանը եւ Արցախը ապագայ չունեն, խոցելի չե՞ն դարձնում մեր դիրքերը բանակցային գործընթացում։

- Մենք դէմ ենք այդ կարգախօսին, ունենք մեր յստակ դիրքորոշումն այդ հարցում եւ պարզ հարց ենք տալիս այդ քաղաքական ուժին. իսկ ի՞նչ է, որ չի արել Հայաստանը մինչեւ հիմա, որ տարածաշրջանում խաղաղութիւն լինի՝ մե՞նք ենք մեղաւոր, որ այդ հաշտեցումը չկայ, խաղաղութիւնը չկայ։ Ինչի՞ մասին է խօսքը. երբ կողմերից մէկն անբանակցելի է՝ պատրաստ չէ որեւէ բան զիջել։

Այդ դէպքում հաշտեցումն ինչպէ՞ս ենք պատկերացնում. զիջել այնքան, ինչքան դիմացինին ձե՞ռք է տալիս՝ այնքան, ինչքան իրենց քիմքին հաճո՞յ է։ Սա՞ է նրանց ասածը։
Եւ երբ զուգահեռ են անցկացնում 1997 թւականի փուլային տարբերակի հետ. իբր՝ դա նոյնն էր, ինչ Մադրիդեան սկզբունքները, որ Հայաստանն այսօր ընդունում է որպէս հիմք բանակցութիւնների համար, ապա բոլորովին այդպէս չէ։ Դրանով պարզապէս փորձում են մոլորեցնել հանրութեանը, թաքցնել այն նպատակը, որին իշխանութիւնը հետամուտ էր 1997թւականին։ Պարզ հարց ենք տալիս՝ եթէ փուլայինը նոյնն է, ինչ Մադրիդեան սկզբունքները, ինչպէ՞ս է, որ այն ժամանակ Ադրբեջանը երկու ձեռքով կողմ էր դրան, հիմա՝ ոչ։

Զրոյցը` ԼԻԼԻԹ ՊՕՂՈՍԵԱՆԻ 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։