Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 02 Մարտի 2017 08:40

Էդւարդ Նալբանդեան. «Ադրբեջանը բանակցութիւններում տանուլ է տալիս»

Արցախ այցելած ՀՀ արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը ճեպազրոյցի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին եւ նշել է, որ Ադրբեջանը բանակցութիւններում տանուլ է տալիս։

«alikonline.ir» - Արցախ այցելած ՀՀ արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը ճեպազրոյցի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին եւ նշել է, որ Ադրբեջանը բանակցութիւններում տանուլ է տալիս։ Տեղեկացնում է «tert.am»-ը:  

ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Էդւարդ Նալբանդեանի ճեպազրոյցն ամբողջութեամբ։



Էդւարդ Նալբանդեան - Աւանդոյթ է արդէն դարձել, որ երբ մենք կազմակերպում ենք դեսպանահաւաք, այցելում ենք Արցախ։ Խորհրդանշական է, որ այս անգամ մենք սկսեցինք դեսպանահաւաքը հէնց Արցախ այցելութեամբ, եւ միգուցէ սա մեզ հնարաւորութիւն կը տայ աւելի յաջող անցկացնել մեր հաւաքը։ Այն, ինչ-որ մենք լսեցինք Արցախի նախագահից շատ ոգեւորիչ է: Կայացաւ շատ բովանդակալից, հագեցած հանդիպում։ Դեսպանների, դիւանագէտների համար շատ կարեւոր է գալ Արցախ եւ լսել առաջին ձեռքից՝ անձամբ նախագահ Սահակեանից, այն խնդիրների մասին, այն հարցադրումների մասին, որոնք յուզում են Արցախի մեր քոյրերին եւ եղբայրներին:

Ցանկացած հայի համար շատ մեծ է Արցախ այցելելու ցանկութիւնը, ուր անընդհատ ուզում ես վերադառնալ։ Բայց դիւանագէտների համար դա աշխատանքի, գործունէութեան հրամայական է:

Եւ այս հանդիպումն էլ Արցախի ղեկավարութեան հետ, ինչպէս բոլոր նախորդ հանդիպումները, իսկապէս շատ օգտակար էր:

Ես նաեւ կը ցանկանայի, օգտւելով առիթից, շնորհակալութիւն յայտնել Արցախի ղեկավարութեանը այն բարձր գնահատանքի համար, որը տրւեց արտաքին գործերի նախարարութեան դիւանագէտների գործունէութեանը: Ոչ միայն նրանց անունից, ովքեր որ պարգեւատրւեցին Արցախի պետական բարձր պարգեւներով, այլ մեր բոլորի անունից ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել, որովհետեւ այդ գնահատականը մեր դիւանագէտների ընդհանուր աշխատանքի, ջանքերի գնահատականն է՝ ի նպաստ, ի աջակցութիւն Արցախի ազատագրման շարժման։ Այդ ջանքերը գործադրւել են, երբ մեր դիւանագիտութիւնը կատարում էր առաջին քայլերը, եւ դրանք շարունակւում են նաեւ այսօր: Մենք լիցքաւորւած, ոգեւորւած ենք միշտ լինում Արցախ այցելութիւններով, հանդիպումներով թէ ղեկավարութեան հետ, թէ ժողովրդի հետ այստեղ, միշտ օգտագործում ենք առիթը՝ հանդիպելու, խօսելու նաեւ պարզ մարդկանց հետ, Արցախի մեր եղբայրների, քոյրերի հետ: Այս հանդիպումները մեզ պարտաւորեցնում են անել աւելին:


Հարց - Պարոն Նալբանդեան, գաղտնիք չէ, որ Արցախի միջազգային ճանաչման հարցը մշտապէս գտնւել է Հայաստանի դիւանագէտների գործունէութեան առաջնահերթութիւնների շարքում: Այդ մասին Դուք նաեւ բարձրաձայնել էք: Այդ ուղղութեամբ ունե՞նք առաջընթաց: Կարելի՞ է ակնկալել, որ տարեվերջին կարող ենք ունենալ մէկ երկիր, որն իսկապէս կը ճանաչի:

Էդւարդ Նալբանդեան - Բացառւած չէ, բայց մէկ երկրի ճանաչումով չէ միջազգային ճանաչումը: Սակայն, ամէն ինչն իր սկիզբն ունի։ Դրան են ուղղւած բանակցութիւնները, դրան է ուղղւած եռանախագահների հետ բանակցային գործընթացը՝ ուղղւած բացառապէս խաղաղ ճանապարհով կարգաւորմանը, Արցախի ինքնորոշման իրաւունքի ոչ միայն ճանաչմանը, այլեւ իրագործմանը։ Այդ դէպքում հնարաւոր կը լինի ակնկալել Արցախի ճանաչումը։



Հարց - Գործնականում իսկապէս պարոն Նալբանդեան...

Էդւարդ Նալբանդեան - Դա հնարաւոր է, եւ ես կարծում եմ, որ հէնց դրան է գնալու:



Հարց - Կարգաւորումը ռազմական լարւածութեամբ է ուղեկցւում անընդհատ: Ի՞նչ է դա նշանակում:

Էդւարդ Նալբանդեան - Ի՞նչ է դա նշանակում. նշանակում է այն, որ Ադրբեջանը տանուլ է տալիս բանակցութիւններում, Ադրբեջանի ղեկավարութիւնն իրեն փակուղու մէջ է դրել: Որովհետեւ այն, ինչ ասում են միջազգային հանրութեան մանդատը ունեցող եռանախագահները, եւ դուք լաւ գիտէք, թէ ինչ են նրանք ասում, իսկ ինչ է ասում Ադրբեջանը՝ տարբեր, հակասող բաներ։ Բանակցութիւններում փակուղու մէջ մտնելով՝ փորձում են ուժ օգտագործել, ուժ կիրառել, եւ իրենց թւում է, թէ միգուցէ աւելի յաջողութիւն կունենան։ Բայց մեր Արցախի զինւորներն ամէն ինչ անում են՝ ապացուցելով, որ ապարդիւն են այդ պատրանքները:



Հարց - Պարոն Նալբանդեան, այդքանով հանդերձ ժողովրդի մէջ դժգոհութիւն կայ որոշակի մեր արտաքին քաղաքականութեան հանդէպ. խօսվում է, որ ամէն ինչ չի արւում: Ինչպէ՞ս էք Դուք վերաբերւում այդ կարծիքներին:

Էդւարդ Նալբանդեան - Լաւ եմ վերաբերւում։ Քննադատութիւնը լաւ բան է, եթէ կառուցողական է: Դրան պէտք է ուշադրութեամբ, լրջօրէն վերաբերւել, որպէսզի էլ աւելի լաւ եւ առաւելագոյնը անել: Բայց, կարծում եմ, որ մեր դիւանագիտութիւնը ապացուցել է նաեւ, որ կան արդիւնքներ: Եռանախագահող երկրների նախագահների մակարդակով հինգ յայտարարութիւն է արւել։ Որպէս կարգաւորման հիմք միջազգային իրաւունքի նորմերի, սկզբունքների եւ դրոյթների հիման վրայ համապատասխան առաջարկներ են հնչեցւել Միացեալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների կողմից։ Մենք ասում ենք, որ պատրաստ ենք դրանց հիման վրայ շարունակել բանակցութիւնները, գնալ կարգաւորման, իսկ Ադրբեջանը մինչ այսօր ձեւացնում է, թէ այդպիսի յայտարարութիւններ ընդհանրապէս գոյութիւն չունեն: Այդ հինգ յայտարարութիւններն Ադրբեջանն է անտեսում, այլ ոչ թէ մենք: Ուրեմն մեր մօտեցումները համահունչ են միջազգային հանրութեան մօտեցումներին։ Դա ակնյայտ արդիւնք է։ Իհարկէ, կարող է եւ աւելին լինել: Դրա համար էլ ասում եմ՝ եթէ կառուցողական քննադատութիւն կայ, դա նորմալ է, եւ մենք էլ ուշադրութեամբ պէտք է դրան վերաբերւենք։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։