Հա

Քաղաքական

Կիրակի, 05 Մարտի 2017 09:50

Արցախի ՄԻՊ. «Նոր ի յայտ եկած տեսագրութիւնում ադրբեջանցի զինծառայողը հնչեցնում է «ցեղասպանութիւն կատարելու» սպառնալիք»

Արցախի մարդու իրաւունքների պաշտպանը 2016 թւականի մայիսից իրականացւող փաստահաւաք առաքելութեան շրջանակներում ուսումնասիրութեան առարկայ է դարձրել 2017 թւականի փետրւարի 24-ին եւ 25-ին Թալիշ գիւղի հրետակոծութեան, ինչպէս նաեւ փետրւարի 24-ի լոյս 25-ի գիշերը Արցախի պետական սահմանին տեղի ունեցած իրադարձութիւնները՝ որպէս մարդու իրաւունքների նոր կոպիտ խախտումների կատարմանն ուղղւած փոխկապակցւած իրադարձութիւններ:

«alikonline.ir» - Արցախի մարդու իրաւունքների պաշտպանը 2016 թւականի մայիսից իրականացւող փաստահաւաք առաքելութեան շրջանակներում ուսումնասիրութեան առարկայ է դարձրել 2017 թւականի փետրւարի 24-ին եւ 25-ին Թալիշ գիւղի հրետակոծութեան, ինչպէս նաեւ փետրւարի 24-ի լոյս 25-ի գիշերը Արցախի պետական սահմանին տեղի ունեցած իրադարձութիւնները՝ որպէս մարդու իրաւունքների նոր կոպիտ խախտումների կատարմանն ուղղւած փոխկապակցւած իրադարձութիւններ: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

Արցախի մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմից յայտնում են, մասնաւորապէս, մարտի 2-ին կատարւել է փաստահաւաք այցելութիւն Թալիշ գիւղ, որի ընթացքում կատարւել է փաստերի անմիջական ուսումնասիրութիւն, ինչպէս նաեւ իրականացւել են հարցազրոյցներ վարչակազմի ներկայացուցիչների եւ Թալիշում բնակւող քաղաքացիական անձանց հետ: Հարցազրոյց է իրականացւել նաեւ փետրւարի 24-ի լոյս 25-ի գիշերը Արցախի պետական սահմանի Մարտունու հատւածում տեղի ունեցած իրադարձութիւնների վերաբերեալ՝ հիմնւելով փետրւարի 26-ին հրապարակւած տեսագրութեան վրայ: Հարցազրոյցն իրականացւել է Արցախի պաշտպանութեան բանակի՝ տեսավերահսկողութիւն իրականացնող սպայի հետ:

Փաստահաւաքութեան արդիւնքում պարզւել է, որ փետրւարի 24-ի առաւօտեան եւ յաջորդ օրը երեկոյեան Թալիշ գիւղի ուղղութեամբ Արդբեջանական կողմից արձակւել է ընդհանուր առմամբ շուրջ 15 արկ, որոնք պայթել են օդում եւ մահացու վտանգ ստեղծել գիւղում բնակւողների համար: Ընդ որում, արկերի հիմնական մասը պայթել է գիւղի կենտրոնում՝ դպրոցի շէնքի մերձակայքում: Այլ կերպ՝ Ադրբեջանը կիրառել է ոչ ընտրողական զինատեսակ քաղաքացիական նշանակութեան օբիեկտի նկատմամբ:

Փետրւարի 24-ի լոյս 25-ին գիշերը Արցախի պետական սահմանի Մարտունու հատւածում տեղի ունեցած իրադարձութիւնների վերաբերեալ հարցազրոյցի ընթացքում պարզւել է, որ Ադրբեջանի զինւած ուժերը փաստացի փորձել են գիշերով յարձակում գործել Արցախի պետական սահմանը պաշտպանող զինծառայողների նկատմամբ (տեսագրութիւնը հասանելի է  հասցէով)։ Նպատակին հասնելու դէպքում առկայ էր մեծ հաւանականութիւն, որ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ կկատարւէին 2016 թւականի ապրիլեան պատերազմի ընթացքում կատարւած ռազմական յանցագործութիւնների հետ նոյնաբնոյթ վայրագութիւններ: Այդպիսի հաւանականութեան մասին, ի թիւս այլոց, վկայում է Ադրբեջանական հասարակութիւնում հայատեացութեան շարունակական խորացման փաստը:

Այսպէս, փետրւարի 26-ից ի վեր ադրբեջանական օգտատերերը վերստին սկսեցին սոցիալական ցանցերում ակտիւօրէն տարածել 2016 թւականի ապրիլեան պատերազմի ընթացքում ԴԱԷՇ-ի ոճով կատարւած ռազմական յանցագործութիւններ պատկերող լուսանկարներ եւ տեսագրութիւններ՝ ինչպէս մեր կողմից փաստագրւած, այնպէս էլ նոր ի յայտ եկած: Այսպէս, նոր ի յայտ եկած տեսագրութիւնում պատկերւած Ադրբեջանի ԶՈՒ-ի զինծառայողը փաստացի հնչեցնում է «ցեղասպանութիւն կատարելու» սպառնալիք (տեսագրութեան 0:24-0:42 վայրկեաններ): Ընդ որում, մեր կողմից արձանագրւած բոլոր մեդիանիւթերը համատարած ուղեկցւել են ակնյայտ հայատեացութիւն պարունակող մեկնաբանութիւններով:

«2016 թւականի Ապրիլեան պատերազմի ընթացքում Ադրբեջանի թոյլ տւած վայրագութեան համակարգւած դէպքերին միջազգային հանրութիւնը պատշաճ արձագանք եւ իրաւական գնահատական դեռեւս չի տրւել, որի արդիւնքում ձեւաւորւել է Ադրբեջանի անպատժելիութեան ընկալում: Դա ինքնին հիմք է տալիս պնդելու, որ 2017 թւականի փետրւարի 24-ին եւ 25-ին Արցախա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձութիւնները առերեւոյթ պատճառական կապի մէջ են 2016 թւականի ապրիլեան իրադարձութիւնների հետ»,- ասւած է Արցախի ՄԻՊ հաղորդագրութեան մէջ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։