Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 09 Մարտի 2017 12:40

Արմէն Ռուստամեանը վստահ է՝ «շատ աւելի բաց ու թափանցիկ ընտրութիւններ պիտի կատարւեն»

Հ. Յ. Դաշնակցութեան խորհրդարանական խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը համաձայն չէ ՀՀ պաշտպանութեան նախկին նախարար Սէյրան Օհանեանի այն պնդմանը, որ Հայաստանում վախի մթնոլորտ կայ:

«alikonline.ir» - Հ. Յ. Դաշնակցութեան խորհրդարանական խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը համաձայն չէ ՀՀ պաշտպանութեան նախկին նախարար Սէյրան Օհանեանի այն պնդմանը, որ Հայաստանում վախի մթնոլորտ կայ:

«Չեմ կարծում: Այս ընտրութիւնները այդ իմաստով տարբերւում են նախորդից հէնց այդ առումով, որ չեմ տեսել որեւէ տեղ ինչ-որ վախեցած մարդիկ, ովքեր որ իրենց ազատ խօսքն ուզում են արտայայտել` դրա հետ կապւած խոչընդոտներ մինչեւ հիմա չեն եղել: Ընդհակառակը, եթէ ինչ-որ միջադէպեր էլ տեղի են ունեցել՝ տեղի են ունեցել աւելի շատ այս ռէյտինգային համակարգի հետ կապւած, այն էլ՝ նոյն թիմի անձանց միջեւ»,- «Ազատութեան» հետ զրոյցում յայտարարեց Ռուստամեանը:

«Ես ասում եմ՝ այս ընտրութիւնները ընդհանրապէս աննախադէպ են, եւ էսպիսի ընտրութիւն երբեք չենք ունեցել, որովհետեւ, նախ, մենք անցկացնում ենք նոր համակարգի մէջ, նոր խորհրդարանի, որ ես ասում եմ՝ հիմնադիր խորհրդարան է ըստ էութեան ընտրւելու, եւ նոր ընտրակարգով է դա տեղի ունենալու, շատ աւելի բաց ու թափանցիկ ընտրութիւններ պիտի կատարւեն»,- ասաց դաշնակցական գործիչը:

Դիտարկմանը, որ Դաշնակցութեան՝ 2012 թւականի ընտրութիւնների ժամանակ հնչած խոստումներից բոլորը չէ, որ իրականութիւն դարձան, Արմէն Ռուստամեանը արձագանգեց․ «Նախ, մենք խոստումներ ենք տալիս եւ ամբողջութեամբ դա կատարելու յայտ ենք ներկայացնում, եթէ իշխանութիւն ենք դառնում: Չդարձանք՝ 12 թւականին ունեցանք 5 մանդատ՝ 131 պատգամաւորի մէջ»:

Հարցին՝ «շատ աւելի ուշ դարձա՞ք», նա պատասխանեց. «Ոչ, իշխանութեան մաս լինելը, նախ՝ ամբողջական իշխանութիւն չենք, որովհետեւ այսօր իրական կոալիցիա էլ չի՝ առանց մեզ Հանրապետականը ունի մեծամասնութիւն»:

«Ամէն դէպքում, ունեցաք նախարարներ»,- այս դիտարկմանն էլ Ռուստամեանը հակադարձեց․«Այո, ամէն դեպքում ունեցանք եւ ամէն դէպքում կատարեցինք մեր ասածների մի զգալի մասը՝ աւելի շատ, քան 5 պատգամաւորով կարող ենք անել: Մենք վերացրել ենք այն աթոռը նախագահի, որի վրա նստողը ունենում էր ամբողջ իշխանութիւնը՝ հիմա այդ աթոռը չկայ․ ո՛չ վարչապետը կունենայ այդ լիազօրութիւնները, ո՛չ Ազգային ժողովի նախագահը․․․ Նոր համակարգը բալանսաւորւած իշխանութիւն է ենթադրում»:

Անդրադառնալով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի՝ օրեր առաջ արած յայտարարութիւններին, որ 2015-ի սահմանադրական փոփոխութիւնները մեծ սխալ էին, նոր Ընտրական օրէնսգիրքն է՛լ աւելի է խթանելու ընտրական գործընթացներին բնորոշ ամենավատ դրսեւորումները, եւ ակնյայտ է լինելու «քսակների կռիւը զոռբայութեան մթնոլորտում», Ռուստամեանը ասաց․«Ես ցաւում եմ, որ պարոն Քոչարեանը այդ տեսակէտի վրայ է, որովհետեւ մենք ժամանակին երբ որ իր հետ համագործակցում էինք եւ 2005 թւականին փոխեցինք Սահմանադրութիւնը՝ 95 թւականի Սահմանադրութիւնից անցանք 2005 թւականի Սահմանադրութեանը, այդ ժամանակ բոլորովին այլ տեսակէտներ ունէինք․ մենք մտածում էինք, որ պէտք է մեծացւի խորհրդարանի դերը, եւ պարոն Քոչարեանն էլ ունի բազմաթիւ այլ յայտարարութիւններ՝ կապւած նրա հետ, որ պառլամենտարիզմը շատ ճիշտ ուղղութիւն է Հայաստանի համար՝ եւրոպական պառլամենտարիզմը, քանի որ մենք դէպի Եւրոպա ինտեգրման գործընթացի մէջ ենք, իսկ Եւրոմիութեան երկրներից 19-ը խորհրդարանական կառավարում ունեն»:

Հարցին էլ՝ արդեօք Դաշնակցութիւնը խորհրդարան անցնելու դէպքում կոալիցիա կը կազմի՞ ՀՀԿ-ի հետ, ՀՅԴ խորհրդարանական խմբակցութեան ղեկավարը պատասխանեց․«Մենք որեւէ կոալիցիա կամ համագործակցութիւն ձեւաւորում ենք՝ ելնելով մեր սկզբունքներից եւ նպատակներից․եթէ էդ նպատակներն ընդունում են, մենք գնում ենք համագործակցութեան, եւ դա մենք փաստել ենք»:

ՌՈՒԶԱՆ ԳԻՇԵԱՆ

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։