Հա

Քաղաքական

Շաբաթ, 11 Մարտի 2017 12:50

Վիգէն Սարգսեան. «ՀՀ ԶՈւ-ն, ԼՂՀ ՊԲ-ն ստիպւած են համարժէք պատասխան տալ Ադրբեջանի գործողութիւններին, որպէսզի «տաք գլուխները հովացւեն»»

Մենք ապրում ենք հետաքրքիր ժամանակներում, հետաքրքիր տարածաշրջանում, որտեղ փոփոխութիւններ են տեղի ունենում ներպետական, տարածաշրջանային, միջազգային հարթութիւններում: Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ այսօր «Վալդայ» միջազգային բանավէճի ակումբի արտագնայ նիստում, որն անցկացւում է Երեւանում, յայտարարեց ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը:

«alikonline.ir» - Մենք ապրում ենք հետաքրքիր ժամանակներում, հետաքրքիր տարածաշրջանում, որտեղ փոփոխութիւններ են տեղի ունենում ներպետական, տարածաշրջանային, միջազգային հարթութիւններում: Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ այսօր «Վալդայ» միջազգային բանավէճի ակումբի արտագնայ նիստում, որն անցկացւում է Երեւանում, յայտարարեց ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը:

Տարածաշրջանին ամենակարեւոր փոփոխութիւնը, ըստ Վ. Սարգսեանի՝ հէնց տարածաշրջանի իդենտիֆիկացիան է: Ըստ նրա՝ ԽՍՀՄ փլուզումը, իրադարձութիւնները յետխորհրդային տարածքում ձեւաւորեցին նոր մօտեցում, ընկալում տարածաշրջանի նկատմամբ:

«Հարեւան Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը որդեգրեցին տարածաշրջանին նոր դեր: Մերձաւոր Արեւելքում տեղի ունեցած իրադարձութիւններն էլ, որոնք հեռու են թւում, եւս կարող են ազդեցութիւն ունենալ Հարաւային Կովկասի վրայ: Տարածաշրջանն ինքն իրեն սկսեց այլ կերպ ընդունել: Եթէ ինձ հարցնէք, թէ որն է տարածաշրջանում տեղի ունեցած ամենակարեւոր փոփոխութիւնը, ես կասեմ, որ դա նոյնականացումն է»,- ասաց Վիգէն Սարգսեանը:

Միջազգային հարթութիւնն էլ, ըստ ՀՀ պաշտպանութեան նախարարի՝ փոփոխութիւնների ենթարկւեց, մեծացաւ Չինաստանի դերը, փոխւեցին ԱՄՆ-ի վարչակարգը, ՌԴ-Արեւմուտք յարաբերութիւնները, ՌԴ-ԱՄՆ յարաբերութիւնները:

«Փոքր երկրներին նման իրավիճակում հեշտ չէ, որովհետեւ առաջանում են նոր մարտահրաւէրներ: Հայաստանն իր հետաքրքրութիւնները կառուցում է ոչ թէ տարածաշրջանային, միջազգային խաղացողների շահերի հակադրութեամբ, այլ՝ դրանց ընդհանրութիւնների համադրութեամբ: Դա գուցէ աւելի բարդ է, կարող է տպաւորութիւն թողնել լղոզւած չկողմնորոշւածութեան, բայց իրականում սա թոյլ է տալիս աշխարհը չբաժանել սեւ ու սպիտակի, մենք կարծում ենք, որ 21-րդ դարը պէտք է հագեցած լինի համագործակցութեան ներկապնակի մասով, պէտք է ստեղծւեն համագործակցութեան լայն սահմաններ, որովհետեւ մարտահրաւէրները, որոնց առաջ մենք կանգնած ենք աւելի լայն են, քան առանձին պետութիւնները սահմանները»,- նշեց Վիգէն Սարգսեանը:

Հայաստանի համար անվտանգութեան հասկացութիւնը, ըստ ՀՀ պաշտպանութեան նախարարի՝ կապւած է ֆիզիկական գոյութեան հետ: «Հայաստանը շուրջ 29 տարի է ներգրաււած է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգութեան ապահովման գործընթացում: Ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացման ճանապարհին նրանց դէմ կիրառւեց կոշտ ռազմական ուժ, ագրեսիա, այն իրաւունքի դէմ, որը ամրագրւած էր միջազգային փաստաթղթերում, սովետական օրէնսդրութեամբ, որի համաձայն ամէն ժողովուրդ կարող էր որոշել իր ճակատագիրը, ինքնորոշւել: Ցաւօք, սակայն, այս իրաւունքի իրացման ճանապարհին դրանց հակադրւեց ռազմական կոշտ ուժ եւ Հայաստանը ներգրաււեց հակամարտութեան մէջ՝ դառնալով ԼՂ ժողովրդի անվտանգութեան երաշխաւորը»,- ասաց նա:

Վիգէն Սարգսեանը նշեց, որ չնայած սպառազինութեան այն տարբերութիւններին, որոնք մնացին ԽՍՀՄ փլուզումից յետոյ, չնայած մեծ տարբերութեան դեմոգրաֆիկ ցուցանիշներում, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարողացաւ պաշտպանել իր իրաւունքն ու սահմանել պետութեան յստակ գործող մեխանիզմ՝ պարբերաբար անցկացնելով խորհրդարանական, նախագահական ընտրութիւններ, իսկ վերջերս՝ նաեւ սահմանադրական հանրաքւէ:

«Լեռնային Ղարաբաղը կարողացաւ կառուցել տնտեսական զարգացման մեխանիզմ, որը դանդաղ, բայց վստահ է առաջ գնում, ժողովրդավարական ազատութիւններ, որոնք միանգամայն տարբերւում են նրանից, ինչ Ղարաբաղին ուզում են առաջարկել կամ փաթաթել հարեւան Ադրբեջանից: Մենք ելնում ենք նրանից, որ ներկայիս իրավիճակի հիմքը շփման գծում 94 թւականի Հրադադարի մասին միջազգային համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտաւորութիւնները հարգելն է, որի համաձայն հակամարտութեան կողմերը պարտաւորւել են խաղաղ ճանապարհով լուծել հիմնահարցը: Բայց ադրբեջանական կողմը, ցաւօք, ամէն օր, այսօր էլ, խախտում է հրադադարի ռեժիմը դիւերսիոն յարձակումների, կրակոցների միջոցով: Հայաստանի Զինւած ուժերը, Լեռնային Ղարաբաղի պաշտպանութեան բանակը ստիպւած են համարժէք պատասխան տալ, որպէսզի «տաք գլուխները» հովացւեն, շեշտւի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը ռազմական ճանապարհով լուծում չունի»,- շեշտեց Վիգէն Սարգսեանը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։