Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 13 Մարտի 2017 12:40

Կիրօ Մանոյեան. «Պատերազմը կանխելու միակ ձեւը պատրաստ լինելն է թշնամու կողմից ցանկացած հաւանական քայլի»

Ինչպէ՞ս կը զարգանայ իրադրութիւնը ղարաբաղեան հարցի շուրջ, հայկական կողմին կը յաջողւի՞ քաղաքական միջոցներով նւազեցնել ռազմական լարւածութիւնը արցախեան ճակատում: Թեմայի շուրջ «Առաջին լրատւական»-ը զրուցել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանի հետ:

«alikonline.ir» - Պաշտօնական Երեւանը վերջին օրերին փորձում է քաղաքական-դիւանագիտական ջանքեր գործադրել Արցախի դէմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան զսպելու եւ նոր պատերազմի սպառնալիքը չէզոքացնելու ուղղութեամբ: Վերջին մէկ-երկու շաբաթների ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը, արտգործնախարարը, պաշտպանութեան նախարարը տարբեր առիթներով, այդ թւում նաեւ միջազգային հարթակներում բարձրաձայնել են խնդրի մասին՝ ըստ էութեան միջազգային գործընկերներին ահազանգելով ղարաբաղեան ճակատում ստեղծւած պայթունավտանգ իրավիճակի մասին եւ կոչ անելով ճնշում գործադրել ադրբեջանական կողմի վրայ՝ կանխելու լայնածաւալ ռազմական գործողութիւնների վերսկսումը: Սերժ Սարգսեանը նման յայտարարութիւն է արել մասնաւորապէս «Ֆրանս պրես» գործակալութեանը տւած հարցազրոյցում: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդեարովը իր հերթին Մոսկւայում յայտարարել է, թէ Հայաստանի հետ բանակցութիւնները ղարաբաղեան հարցի շուրջ կասեցւած են:

Ինչպէ՞ս կը զարգանայ իրադրութիւնը ղարաբաղեան հարցի շուրջ, հայկական կողմին կը յաջողւի՞ քաղաքական միջոցներով նւազեցնել ռազմական լարւածութիւնը արցախեան ճակատում: Թեմայի շուրջ «Առաջին լրատւական»-ը զրուցել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանի հետ:

 

- Պարոն Մանոյեան, կը յաջողւի՞ արդեօք կանխել նոր պատերազմը, այս յայտարարութիւններն ի՞նչ նպատակով են արւում:

- Յայտարարութիւնների նպատակն այն է, ինչ ասում են, այսինքն՝ դիմել միջազգային ուժերին, բայց թէ ինչի կը հանգեցնի իրավիճակը, դժւար է կանխատեսել: Կարծում եմ՝ եթէ Ադրբեջանը ոչ թէ 100, այլ թէկուզ 55 տոկոսով վստահ լինէր, որ կը յաղթի պատերազմը, ապա կը սկսէր այն: Այդ ինքնավստահութիւնը չունի, դրա համար էլ չի սկսում: Իսկ այն, որ բանակցային գործընթացը սառեցւած է, իրականում այդպէս էր նոյնիսկ նախորդ տարւայ ապրիլից առաջ: Ադրբեջանը շարունակում է հետեւել իր ոչ կառուցողական մօտեցմանը բանակցութիւնների ընթացքում: Կարծում ենք, որ անհրաժեշտ է, որ ճնշում բանեցնենք Ադրբեջանի վրայ հետեւեալ քայլերով.

Ստորագրել Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների միջեւ ռազմաքաղաքական համագործակցութեան համաձայնագիրը: Դա ինչ-որ տեղ կը նշանակի, որ Հայաստանը մի քայլ էլ աւելի բարձրացրել է Արցախի ճանաչման մակարդակը։

Այդ քայլով նաեւ դիմել այլ պետութիւնների, որպէսզի նրանք եւս առնւազն Հայաստանի չափ ճանաչեն Արցախի Հանրապետութիւնը: Անպայման չէ, որ դրանք լինեն խոշոր պետութիւնները, որոնք շահեր ունեն մեր տարածաշրջանում:

Ճանաչումը տարբեր մակարդակներ ունի եւ տարբեր ձեւերով է դրսեւորւում, հետեւաբար ճիշտ չենք համարում ասել, թէ Հայաստանը չի ճանաչում կամ Հայաստանի կողմից ճանաչումը նշանակում է պատերազմ: Հայաստանը որոշ քայլեր արել է ճանաչման ուղղութեամբ, որի նման եթէ այլ պետութիւններ էլ անեն, դա արդէն ճնշում կը լինի Ադրբեջանի վրայ՝ ստիպելով աւելի լրջանալ: Օրինակ, Հայաստանում կայ Արցախի Հանրապետութեան դիւանագիտական ներկայացուցչութիւն, որը որպէս դիւանագիտական կարգավիճակ նոյնն է, ինչ դեսպանութիւնները: Եւ ուրեմն, եթէ այլ պետութիւններ եւս նման քայլեր սկսեն ձեռնարկել նաեւ Հայաստանի դիմումով, դա աւելի մեծ ճնշում կը լինի Ադրբեջանի վրայ, որպէսզի լրջանայ բանակցային գործընթացում: Իսկ եթէ չլրջանայ, ինքը գիտի: Եթէ այդ գործընթացը շարունակւի, կարող է լինել այնպէս, որ մի շարք պետութիւններ ճանաչեն Արցախը, եւ այդ ձեւով հարցը համարենք իրաւականօրէն լուծւած:

 

- ՀՀ ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանը Ստեփանակերտում ասել էր, որ մինչեւ տարեվերջ մէկ պետութիւն կարող է ճանաչել Արցախի անկախութիւնը: Կարծում էք՝ իրական հիմքեր կա՞ն դրա համար:

- Չգիտեմ՝ նախարարը ո՞ր երկիրը նկատի ունէր, բայց կարծում եմ՝ անհրաժեշտ է, որ Հայաստանը ցոյց տայ՝ ինքն էլ է քայլ կատարում դէպի ճանաչում: ՀՀ նախագահը արդէն յայտարարել է այդ մասին եւ յանձնարարել արտգործնախարարութեանը պատրաստել Արցախի հետ պայմանագիրը ապրիլեան իրադարձութիւններից յետոյ: Ըստ երեւոյթին, այն պատրաստ է, բայց սպասւում է ինչ-որ հարմար պահի: Կարծում ենք, որ հարմար պահը արդէն կար անցեալ ապրիլին: Եւ եթէ Ադրբեջանը, մեղմ ասած, ապակառուցողական վարքագիծ է ցոյց տալիս, համաձայնութիւն չի տալիս հիմնախնդրի կարգաւորման հետ համեմատած՝ շատ պարզ քայլերի իրագործմանը, ինչպիսին է, օրինակ, շփման գծում վերահսկողական մեխանիզմների ներդրումը, ապա ի՞նչ կարիք կայ սպասելու այլ առիթի: Պէտք է անպայման քայլեր ձեռնարկել, որ Ադրբեջանը զգայ ճնշում իր վրայ, իսկ նշւած քայլը ամենաճիշտն է:

 

- Ի՞նչն է այսօր խանգարում, որ ՀՀ-ն Արցախի ճանաչման գործընթաց սկսի:

- Մեր տեսանկիւնից՝ խանգարող հանգամանք չկայ: Այդ հարցը պէտք է ուղղէք արտգործնախարութեանը կամ նախագահականին:

 

- Այսինքն՝ սրա՞նք են պատերազմը կանխելու գործիքները:

- Պատերազմը հնարաւոր չէ կանխել միայն քաղաքական գործիքներով: Պէտք է պատրաստ լինենք պատերազմի: Ուրիշ ձեւ չկայ: Իմ ասածն այն է, որ հարկաւոր է սայլը տեղից շարժել բանակցային գործընթացում, Ադրբեջանի վրայ ճնշում պէտք է լինի: Պատերազմը կանխելու միակ ձեւը պատրաստ լինելն է թշնամու կողմից ցանկացած հաւանական քայլի: Քաղաքական միջոցները կարող են նպաստել, որ միջնորդները՝ Միացեալ Նահանգները, Ֆրանսիան, Ռուսաստանը յայտարարութիւններ անեն, որ «Ադրբեջան, խելօք մնայ»: Դա, բնականաբար, կունենայ իր ազդեցութիւնը, բայց եթէ Ադրբեջանը վստահ լինէր, որ յաղթելու է պատերազմը, կը սկսէր պատերազմը՝ անկախ նրանից, թէ քանի պետութիւն է յայտարարութիւն արել:

 

- Այդ դէպքում ինչո՞ւ է ադրբեջանական կողմը վերջին մի քանի ամիսներին հետեւողականօրէն սրում իրադրութիւնը:

- Ադրբեջանը մշտապէս սրում է իրադրութիւնը որեւէ հաւանական հանդիպումից առաջ, լինեն Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումները, նրանց այցելութիւնները տարածաշրջան կամ երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը: Ամէն անգամ, երբ միջնորդները փորձում են ինչ-որ բան անել, Ադրբեջանը փորձում է ցոյց տալ, թէ «ես դժգոհ եմ»: Միւսն էլ՝ ներքին սպառման համար ցոյց տալու, թէ «տեսէք, ինչ-որ բան անում ենք»: Բայց վերջին անգամ, կարծում եմ, բաւական ուժեղ ապտակ ստացան, եւ դա հակառակ արդիւնքն ունեցաւ:

 

- Եւս մի հարց՝ աւելի շատ կապւած ներքաղաքական իրադարձութիւնների հետ: ԱԺ նախընտրական քարոզարշաիին մասնակցող քաղաքական ուժերից մէկը (գիտէք, թէ ում մասին է խօսքը) (ՀԱԿ-ՀԺԿ դաշինք-ԽՄԲ.) սկսել է բացայայտօրէն հող յանձնելու քարոզչութիւն անել՝ ասելով, թէ ղարաբաղեան հարցում պիտի գնանք խաղաղութեան, փոխզիջումների եւ այլն, եւ այլն: Ճի՞շտ էք համարում այս մօտեցումը ներկայ իրավիճակում:

- Խօսքը, բնականաբար, ՀԱԿ-ի մասին է: Երկու կարեւոր խնդիր կայ՝ կապւած իրենց մօտեցման հետ: Նախ, իրենց այն մօտեցումը, որ մինչեւ Ղարաբաղի հարցը չկարգաւորւի, երկրի ներսում հարցերը չեն կարգաւորւի, շատ սխալ մօտեցում է: Նրանք տարբեր անուններով կուսակցութիւններ ունեցած ժամանակ հետեւել են այդ մօտեցմանը, այդ պատճառով էլ Ղարաբաղի խնդիրը բեռ են համարել Հայաստանի զարգացման համար: Մենք դէմ ենք այդ մօտեցմանը: Ղարաբաղի հարցը կարգաւորւի՝ Հայաստանում կոռուպցիան չի վերանայ, օլիգարխիկ համակարգը չի վերանայ: Ընդհակառակը, եթէ այդ հարցերը լուծենք Հայաստանի ներսում, կը հեշտացնենք Արցախի հարցի կարգաւորումը, որովհետեւ կը լինենք շատ աւելի ուժեղ պետութիւն: Սա մօտեցման սկզբունքային տարբերութիւններից մէկն է:

Երկրորդը, իրենք այնպէս են խօսում, որ կարծեք՝ Ադրբեջանի նախագահը գիշերը չի քնել, սպասում է՝ առաւօտը բացւի եւ հայկական կողմն ասի՝ արի ստորագրենք հաշտութեան պայմանագիրը: Այդպէս չէ: Մենք մեր գործընկեր նախագահից դժգոհ ենք, որ շատ է այս հարցի մասին խօսում, իսկ իրենք ասում են՝ այո, շատ է խօսում, բայց անկեղծ չի: Խելքին մօտ բաներ չեն ասում՝ անկախ նրանից, թէ ինչպէս են պատկերացնում հարցի լուծումը:

Կարծում եմ՝ իրենց ճիգն այն է, թէ հասարակութեան մէջ կը լինի բնակչութեան մի քանի տոկոս, որը ցանկանում է խաղաղութիւն ամէն գնով: Կարծում եմ՝ բոլորն են խաղաղութիւն ուզում, բայց ոչ ի գին ամէն ինչի: Եւ իրենք փորձում են այդ շերտի վրայ կենտրոնանալ:

Զրոյցը՝ ԱՐԱՄ ՍԱՐԳՍԵԱՆԻ

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։