Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 14 Մարտի 2017 11:20

Ինչպէս են պատկերացնում Արցախեան հարցի կարգաւորումը ՀՀ ԱԺ ընտրութիւններին մասնակցող քաղաքական ուժերը

ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում «Արցախի Հանրապետութեան առաջանցիկ զարգացումը» վերտառմամբ հատւածում նշւած է. «Մեր նպատակն է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշւի Արցախի բնակչութեան կողմից: Այս սկզբունքից մենք երբեք չենք հրաժարւելու:

«alikonline.ir» - «tert.am»-ը ապրիլի 2-ին սպասւող խորհրդարանական ընտրութիւններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերից առանձնացրել է Արցախին վերաբերող դրոյթները:

ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում «Արցախի Հանրապետութեան առաջանցիկ զարգացումը» վերտառմամբ հատւածում նշւած է. «Մեր նպատակն է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշւի Արցախի բնակչութեան կողմից: Այս սկզբունքից մենք երբեք չենք հրաժարւելու:

Մեր մօտեցումը յստակ է. մենք սատարելու ենք արդար լուծմանը միտւած խաղաղ բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ տանելու բոլոր ջանքերին: Միեւնոյն ժամանակ, անընդհատ եւ մշտապէս կատարելագործելու ենք մեր պաշտպանական կարողութիւնները, որպէսզի հակառակ կողմի մտքով երբեւէ չանցնի, որ խաղաղ բանակցային գործընթացից անդին խնդրի լուծման որեւէ այլ ճանապարհ կայ: Սա է մեր մօտեցումը:

Շարունակելու ենք աշխատանքները կարգաւորման շուրջ ընթացող բանակցութիւններում Արցախի Հանրապետութիւնը` որպէս լիիրաւ կողմ ներգրաւելու ուղղութեամբ:

Հայաստանի Հանրապետութեան, Արցախի եւ սփիւռքի ջանքերն ուղղւելու են միջազգային կազմակերպութիւններում խնդրի ուժային լուծումը բացառող եւ կանխարգելող որոշումների ընդունմանը:

Արցախի սոցիալ-տնտեսական առաջանցիկ զարգացման տեմպերի պահպանումը շարունակելու է մնալ կարեւորագոյն առաջնահերթութիւն: Հայաստանի Հանրապետութիւնը հետեւողականօրէն շարունակելու է ցուցաբերել բազմակողմանի աջակցութիւն Արցախի քաղաքական եւ տնտեսական զարգացմանը»:

ՀՅԴ ծրագրի «Արցախ, անվտանգութիւն եւ արտաքին քաղաքականութիւն» բաժնում ասւում է. «Յստակ պէտք է գիտակցել, որ չկայ առանձին Արցախի հարց: Արցախը հայկական հարցի, Հայ Դատի անբաժան մաս է: Այս հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ Արցախը պէտք է վերամիաւորւի Մայր Հայաստանի հետ: Արցախի անկախութիւնը մեզ համար մարտավարական նշանակութիւն ունեցող ժամանակաւոր լուծում է:

Մենք ինքներս պէտք է ապահովենք մեր երկրի անվտանգութիւնը՝ քաջ գիտակցելով, որ միայն պատերազմին պատրաստ լինելն է կանխում պատերազմի վտանգը: Այս հարցում միակողմանի զիջումների մասին յայտարարութիւնները միայն մօտեցնում եւ աւելի իրական են դարձնում պատերազմի սպառնալիքը: Բանակը պէտք է գտնւի բոլորիս հոգածութեան կենտրոնում: Մենք պէտք է դասեր քաղենք ապրիլեան պատերազմից:

Մենք առաջարկում ենք.

- Ամրապնդել Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան ռազմաքաղաքական համագործակցութիւնը, տնտեսական, ֆինանսական, սոցիալական, մշակութային, կրթական համարկումը:

- Ջանքեր գործադրել Արցախն իր ապագային վերաբերւող բանակցութիւններում որպէս լիիրաւ կողմ ներգրաւելու համար:

- Ազգ-բանակ հայեցակարգի տրամաբանութեամբ զարկ տալ հայրենական գիտական եւ տեխնոլոգիական մտքի վրայ հիմնւած ռազմաարդիւնաբերական համալիրի ստեղծմանը: Հակառակորդն ունի նաւթային դոլարներ, մենք ունենք տաղանդաւոր գիտնականներ, գիւտարարներ, ինժեներներ:

- Խրախուսել պրոֆեսիոնալ-կամաւոր զինւորական ծառայութեան շրջանակի ընդլայնումը: Պարտադիր զինւորական ծառայութեան զօրակոչւած երիտասարդ զինւորի կողքին միշտ պէտք է կանգնած լինի պրոֆեսիոնալ զինւորականը:

- Սպաների ու պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը համապատասխանեցնել արժանավայել ապրուստի պահանջներին: Սպան ու զինւորը, ովքեր ամէն օր իրենց կեանքը վտանգի են ենթարկում, չպէտք է նիւթական նեղութիւն զգան»:

«ՀԱԿ-ՀԺԿ»  դաշինքի ծրագրում «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիութիւն» կարգախօսի շրջանակում ասւում է. «Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգութեան, անգամ` գոյութեան հրամայականն է դուրս գալ հարեւան պետութիւնների հետ հակամարտութիւնների մէջ գտնւող եւ շրջափակումներից տնտեսապէս խեղդւող երկրի վիճակից եւ դառնալ բոլոր հարեւանների հետ հաշտ ու խաղաղ ապրող, ազատ առեւտուր, տնտեսական փոխշահաւետ համագործակցութիւն եւ հաղորդակցութեան բաց ուղիներ ունեցող երկիր:

Հաշտութիւնը կապահովի Հայաստանի եւ Արցախի անվտանգութիւնը, վերջինիս ինքնորոշման իրաւունքի իրացումը։ Այն վերջ կը դնի ռազմաճակատի գօտում հարիւրաւոր զինւորների եւ խաղաղ բնակչութեան կորուստներին, թոյլ կը տայ դադարեցնել սպառազինութիւնների մրցավազքը եւ շեշտակիօրէն նւազեցնել ՀՆԱ-ի 4-5 տոկոսի հասնող ռազմական ծախսերի ծանր բեռը: Խաղաղութեան հաստատումը հնարաւոր կը դարձնի Հայաստանի մասնակցութիւնը տարածաշրջանային խոշոր տնտեսական նախագծերում, կը նպաստի ներդրումների ներգրաւմանը, տնտեսական վերելքին, տասնեակ հազարաւոր աշխատատեղերի ստեղծմանը, կենսաթոշակների եւ աշխատավարձերի շեշտակի աճին: Այս ամենը ոչ միայն կդադարեցնի արտագաղթը, այլեւ պայմաններ կը ստեղծի երկիրը լքած մեր համաքաղաքացիների զանգւածային վերադարձի համար:

Խաղաղութեան ծրագրի իրականացումը, թէկուզ ոչ բաւարար, սակայն անհրաժեշտ պայման է Հայաստանում ստեղծւած քաղաքական, տնտեսական, բարոյական արատաւոր համակարգը հիմնովին առողջացնելու համար:

Անվտանգութիւն եւ արտաքին քաղաքականութիւն

- Հետեւողական ջանքեր գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած եւ ՀՀ իշխանութիւնների կողմից 2007 թւականից ընդունւած Ղարաբաղեան կարգաւորման ծրագրի շուտափոյթ իրագործման ուղղութեամբ, վերականգնելով ԼՂՀ-ի, որպէս հակամարտութեան լիիրաւ կողմի մասնակցութիւնը կարգաւորման գործընթացին։

- Կարգաւորել Թուրքիայի հետ յարաբերութիւնները առանց նախապայմանների, բացառելով Հայոց Ցեղասպանութեան փաստը կասկածի տակ դնող միջպետական յանձնաժողովի ստեղծումը։

- Այս երկու խնդիրների կարգաւորումը հնարաւորութիւն կը տայ ապաշրջափակել հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական երկաթուղային, աւտոմոբիլային եւ աւիացիոն բոլոր երթուղիները, մասնակցել տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն գործընթացներին եւ նախագծերին»։

«Օհանեան-Րաֆֆի-Օսկանեան» դաշինքի ծրագրի՝ Արցախին վերաբերող բաժնում ասւում է. «Հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներն ապրել են եւ ապրելու են կողք կողքի: Խաղաղութիւն են ուզում թէ՛ հայերը եւ թէ՛ ադրբեջանցիները: Պատերազմի են մղում արկածախնդիր գործիչները` ի դժբախտութիւն առաջին հերթին սեփական ժողովրդի: Կայուն եւ երկարատեւ խաղաղութեան հաստատման, Արցախի անվտանգութեան ապահովման համար անհրաժեշտ ենք համարում.

- Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պահպանել ուժերի հաւասարակշռութիւնը. ուժերի յարաբերակցութեան խախտումը յղի է անկանխատեսելի հետեւանքներով,

- Խրախուսել ժողովրդական դիւանագիտութիւնը հայերի եւ ադրբեջանցիների միջեւ՝ փոխվստահութեան մթնոլորտ ձեւաւորելու համար. առանց փոխվստահութեան մթնոլորտի խօսել այս խնդրի կարգաւորման մասին անպտուղ է եւ անիմաստ,

- Բացառել միակողմանի ցանկացած զիջում։ 

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգաւորման բանալին գտնւում է Երեւանում, Ստեփանակերտում եւ Բաքւում, սակայն վերջնական խօսքը պատկանում է արցախցիներին: Առանց արցախցիների ցանկութեան հնարաւոր չէ հասնել որեւէ համաձայնութեան:

Մեր դաշինքը համոզւած է, որ այս խնդրի լուծման առանցքում պէտք է լինի Արցախի ինքնորոշման իրաւունքի իրացումը, որից յետոյ՝ Արցախի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան սահմանների ճշգրտումը:

Միայն ժամանակակից եւ զարգացող տնտեսութիւն, ինչպէս նաեւ ժողովրդավարական եւ զարգացող երկիր ունենալու դէպքում մենք միւս կողմին կը պարտադրենք արժանապատիւ լուծում եւ կայուն ու արժանապատիւ խաղաղութիւն:

Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգութեան ու զարգացման հարցն ամբողջ 10–միլիոնանոց հայութեան հարցն է»։

«Ծառուկեան» դաշինքի ծրագրի՝ «Խաղաղ, կայուն տարածաշրջան» բաժնում ասւում է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման գործընթացի վերջնական նպատակը ԼՂՀ միջազգային ճանաչումն է։ Ղարաբաղեան հիմնախնդիրը պէտք է լուծւի խաղաղ բանակցային ճանապարհով՝ փոխհամաձայնութեան եւ փոխզիջումների հիման վրայ։ Առանց ԼՂՀ մասնակցութեան նրա ճակատագիրը չի կարող որոշւել»։

«Հայկական վերածնունդ» կուսակցութեան ծրագրում նշւում է Հայաստան-Սփիւռք-Արցախ եռամիասնութեան ամրապնդման մասին. «Համահայկական կառոյցների ձեւաւորում` ներառեալ Համահայկական խորհրդարան, Համահայկական խորհուրդ, որտեղ մի դէպքում փորձաքննութիւն եւ խորհրդատւութիւն կանցնեն Ազգային ժողովի կողմից ընդունւած օրէնքները, միւս դէպքում կառավարութեան եւ գործադիր իշխանութեան որոշումները»:

«Ազատ դեմոկրատներ»-ի ծրագրով նախատեսւում է Հայաստան-ԼՂՀ տնտեսական ինտեգրացիա. «Հայաստան-ԼՂՀ տնտեսական ինտեգրացիան ուղղւած կը լինի համատեղ ձեռնարկութիւնների, արդիւնաբերական, գիւղատնտեսական եւ ծառայութիւնների ոլորտներում կոոպերացիայի, արտադրանքի համատեղ մարկետինգի, գովազդի, վաճառքների ու լոգիստիկայի ստեղծմանը եւ իրականացմանը։

ՀՀ պետական պատւէրի եւ պետական գնումների ծրագրերում ԼՂՀ տնտեսւարող սուբիեկտների համար պարտադիր քւոտա կը սահմանւի։

Կրթական որոշ հաստատութիւններ (համալսարաններ, ԳԱԱ) իրենց գլխամասային գրասենեակները կը տեղափոխեն ԼՂՀ։

Պետութիւնը կը խրախուսի ներքին տուրիզմը՝ յատկապէս կը սուբսիդաւորւեն աճող սերնդի տուրիստական ճամփորդութիւնները ՀՀ սահմանամերձ բնակավայրեր եւ ԼՂՀ»։

«Ելք» դաշինքի ծրագրի «Արտաքին քաղաքականութիւն» բաժնում ասւում է. «Որպէս Արցախի հարցի կարգաւորման թիւ 1 անելիք` միջոցներ կը ձեռնարկւեն Հայաստան-Ադրբեջան ռազմական հաւասարակշռութեան վերականգնման համար: Արցախի հարցում փոխզիջման մասին խօսք լինել չի կարող Ադրբեջանի ռազմաշունչ հռետորաբանութեան, ագրեսիւ քաղաքականութեան պայմաններում: Որեւէ փոխզիջումային տարբերակի արդիւնաւետ քննարկման պայման է Արցախի ինքնորոշման իրաւունքը ճանաչելու Ադրբեջանի յստակ պատրաստակամութիւնը»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։