Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 14 Մարտի 2017 12:40

Սերժ Սարգսեան. «Բաքւում պէտք է հասկանան, որ պատերազմը խնդիրների լուծման տարբերակ չէ»

Պաշտօնական այցով Մոսկւայում գտնւող ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը ռուսական «Իզւեստիա» պարբերականում հրապարակւած յօդւածում անդրադարձել է երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը, միջազգային ասպարէզում համագործակցութեանն ու ԼՂ-ի հակամարտութեան կարգաւորմանը:

«alikonline.ir» - Պաշտօնական այցով Մոսկւայում գտնւող ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը ռուսական «Իզւեստիա» պարբերականում հրապարակւած յօդւածում անդրադարձել է երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը, միջազգային ասպարէզում համագործակցութեանն ու ԼՂ-ի հակամարտութեան կարգաւորմանը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանը, լինելով Արցախի Հանրապետութեան բնակչութեան անվտանգութեան երաշխաւորը, շարունակում է հետեւողական ու կառուցողական ջանքեր գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում հակամարտութեան խաղաղ կարգաւորման տարբերակներ գտնելու համար:

«Հայաստանը հետեւողականօրէն բարձրացնում ու ամրապնդում է իր պաշտպանական կարողութիւնը՝ այդ թւում նաեւ իր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցութեան շրջանակում: Մենք միասին ստեղծել ենք Միացեալ զորախումբ, ձեւաւորել ենք հակաօդային պաշտպանութեան համակարգ: Հայաստանի տարածքում է գտնւում ռուսական 102-րդ ռազմաբազան»,- նշել է Սերժ Սարգսեանը՝ անցում կատարելով նախորդ տարւայ ապրիլեան դէպքերին ու նկատելով, որ ադրբեջանական ագրեսիան զգալի վնաս է հասցրել բանակցային, կողմերի միջեւ վստահութեան վերականգնման ջանքերին ու հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացներին:

Խօսելով 2017 թւականի փետրւարի 24-ի լոյս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում արձանագրւած իրավիճակի սրմանը՝ Սերժ Սարգսեանը եւս մէկ անգամ ընդգծել է, թէ որքան հրատապ է շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմի վերահսկմանն ուղղւած մեխանիզմների գործարկման անհրաժեշտութիւնը:

«Վերջիվերջոյ, Բաքւում պէտք է հասկանան, որ Հայաստանն ու համանախագահ պետութիւնները խօսում են մի լեզւով. քաղաքակիրթ աշխարհում բանակցութիւններն այլընտրանք չունեն, պատերազմը խնդիրների լուծման տարբերակ չէ, եւ միայն երկխօսութեան, այլ ոչ վերջնագրերի միջոցով է հնարաւոր  խաղաղութեան հասնել: Մենք հիմնւում ենք նրա վրայ, որ ժողովրդի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու իրաւունքը ժամանակակից աշխարհակարգի անքակտելի մասն է: Եւ հէնց սրա հիման վրայ էլ պէտք է լուծւի ԼՂ-ի հակամարտութիւնը: Միեւնոյն ժամանակ, պէտք է ուշադրութիւն դարձնել միջազգային փորձագիտական հանրութեան գնահատականներին առ այն, որ ԼՂՀ-ում հետեւողականօրէն ժողովրդավարական պետականաշինութիւն է իրականացւում»,- նշել է ՀՀ նախագահը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։