Հա

Քաղաքական

Շաբաթ, 18 Մարտի 2017 12:20

Ղարաբաղեան կարգաւորման շուրջ ստեղծւած ներկայ իրավիճակը ներկայացւել է ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարին

Մարտի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդւարդ Նալբանդեանը Նիւ Եօրքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշի հետ:

«alikonline.ir» - Մարտի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդւարդ Նալբանդեանը Նիւ Եօրքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշի հետ: Այս մասին, ըստ «yerkir.am»-ի՝ տեղեակցնում է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայութիւնը:

«Սա մեր առաջին հանդիպումն է` Ձեր կողմից ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի պաշտօնը ստանձնելուց ի վեր, եւ, օգտւելով առիթից, կրկին շնորհաւորում եմ բարձր եւ պատասխանատու պաշտօնում ընտրւելու կապակցութեամբ եւ յաջողութիւն մաղթում Ձեր կարեւոր առաքելութեան մէջ»,- ասել է Էդւարդ Նալբանդեանը:

ՀՀ արտգործնախարարը ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարին է փոխանցել ՀՀ նախագահի ողջոյններն ու բարեմաղթանքները եւ նրա անունից Անտոնիօ Գուտերեշին հրաւիրել է այցելել Հայաստան։ Անտոնիօ Գուտերեշը, շնորհակալութիւն յայտնելով բարեմաղթանքների եւ հրաւէրի համար, վստահեցրել է, որ, որպէս ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար, նպատակադրւած է արդիւնաւետ համագործակցութիւն ծաւալել Հայաստանի հետ։

Գլխաւոր քարտուղարը գոհունակութեամբ արձանագրել է. «Իր անդամակցութեան քսանհինգ տարիների ընթացքում Հայաստանն ակտիւօրէն մասնակցում է ՄԱԿ-ի շրջանակներում իրականացւող աշխատանքներին, համագործակցում կազմակերպութեան բազմաթիւ կառոյցների եւ օղակների հետ, հանդէս գալիս նախաձեռնութիւններով, որոնք արժանի են բարձր գնահատանքի»: ՀՀ ԱԳՆ-ի ղեկավարը հաւաստիացրել է, որ այսուհետ եւս Հայաստանը շարունակելու է իր կառուցողական ներգրաււածութիւնը եւ ակտիւ գործունէութիւնն՝ ուղղւած ՄԱԿ-ի նպատակների կեանքի կոչմանը։

Էդւարդ Նալբանդեանը ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարին ներկայացրել է ցեղասպանութիւնների եւ մարդկութեան դէմ յանցագործութիւնների կանխարգելման ուղղութեամբ Հայաստանի նախաձեռնութիւնները։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել միջազգային եւ տարածաշրջանային հրատապ հարցերի: Քննարկւել են իրավիճակը Մերձաւոր Արեւելքում, փախստականների, միգրացիոն հոսքերի հետ կապւած խնդիրները:

Այս համատեքստում Անտոնիօ Գուտերեշը արժեւորել է Հայաստանի ջանքերը փախստականներին ապաստան տրամադրելու հարցում՝ նշելով, որ դա օրինակելի է: Էդւարդ Նալբանդեանը ներկայացրել է ղարաբաղեան կարգաւորման շուրջ ստեղծւած ներկայ իրավիճակը: Անդրադարձ է կատարւել նախորդ տարի Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերւած պայմանաւորւածութիւններին:

Գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշն աջակցութիւն է  յայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետութիւնների` հիմնախնդրի բացառապէս խաղաղ կարգաւորմանն ուղղւած ջանքերին: Նիւ Եօրք այցի շրջանակներում Էդւարդ Նալբանդեանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանի հետ։ Քննարկւեել են ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանի ներգրաււածութեանը վերաբերող հարցեր։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։