Հա

Քաղաքական

Շաբաթ, 01 Ապրիլի 2017 09:20

Աղւան Վարդանեան. «Այս ընտրութիւններն աշխարհի վերջը չեն»

Դաշնակցութիւնը, իբրեւ ռէալ քաղաքական ուժ, մնալու է հայ ժողովրդի մէջ, եւ այն խնդիրները, որոնք դրել է իր առջեւ, քայլ առ քայլ լուծելու է

«alikonline.ir»- Մարտի 31-ին լրագրողների հետ հանդիպեց ՀՅԴ ՀայաստանիԳերագոյն մարմնի ներկայացուցիչ Աղւան Վարդանեանը` ամփոփելով ՀՅԴ նախընտրական քարոզարշաւը: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Հարցին, թէ ինչպէ՞ս կը մեկնաբանի  քարոզարշաւի սկզբում անցկացւած սոցիոլոգիական հետազօտութիւնները, որոնց համաձայն` Դաշնակցութիւնը ցածր դիրքերում էր, Աղւան Վարդանեանը պատասխանեց, որ յստակ գիտեն, թէ մեր երկրում ովքեր են այդ հարցումների պատւիրատուները: Նա լրագրողների ուշադրութիւնը հրաւիրեց իսկական «Gallup»-ի հետազօտութեան արդիւնքների վրայ, որոնք այսօր են  հրապարակւել. դրանք ակնյայտօրէն ցոյց են տալիս, որ ՀՅԴ-ն ունի լաւ վարկանիշ:

«Ինչո՞վ պէտք է ձեւաւորւի քաղաքական ուժի վարկանիշը` նրա կատարած աշխատանքներով, կենսագրութեամբ, ժողովրդի մէջ ներթափանցելով: Թող այդ վարչական ռեսուրսը եւ ընտրակաշառքը չլինի, կեղծ ամբոխավարութիւնը չլինի, եւ տեսնենք` ով ինչ վարկանիշ ունի, մե՞նք ենք իրական քաղաքական կուսակցութիւն, թէ՞ միւսները, մե՞նք ենք ինչ-որ բան արել այս երկրում նախորդ 25 տարիներին, թէ՞ ուրիշները: Եւ որտե՞ղ են նրանք լինելու վաղը»,- ասաց Աղւան Վարդանեանը:

Ինչ վերաբերում է հնարաւոր ընտրախախտումներին, որոնք կը լինեն ընտրատեղամասից դուրս, նա նշեց, որ եթէ համեմատութեան մէջ ենք վերցնում, նախկինում ընտրախախտումները տեղամասի ներսում էին լինում, հիմա կայ զգալի փոփոխութիւն` Դաշնակցութեան պահանջն էր հրապարակել ցուցակները, դա եւս դարձել է իրականութիւն:

«Դուք ուզում էք մէկ օրում հասարակութեան հոգեբանութիւնն ու վարքագիծը փոխե՞լ, ոչ, ես չեմ հաւատում դրան: Այս անգամ իր վարքագիծը կը փոխի 10 հազար մարդ, 50 հազար մարդ, յաջորդ ընտրութիւններին` 250 հազար մարդ: Այլապէս եթէ մենք սկսենք ամէն խախտման համար ասել` սա աշխարհի վերջն է, ոչ, այս ընտրութիւններն աշխարհի վերջը չեն, կեանքը շարունակւելու է, Դաշնակցութիւնը, իբրեւ ռէալ քաղաքական ուժ, մնալու է հայ ժողովրդի մէջ, եւ այն խնդիրները, որոնք դրել է իր առջեւ, քայլ առ քայլ լուծելու է»,- ասաց Աղւան Վարդանեանը:

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։