Հա

Քաղաքական

Շաբաթ, 01 Ապրիլի 2017 15:53

ՀՀ ԱԳՆ. «Ապրիլեան պատերազմն ապացուցեց, որ Արցախը երբեւէ եւ որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում»

Ապրիլեան պատերազմը եւս մէկ անգամ ցայտուն կերպով ապացուցեց, որ Արցախը երբեւէ եւ որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, իսկ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրականացումն անշրջելի է

«alikonline.ir»- Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնը ապրիլեան քառօրեայ պատերազմի վերաբերեալ յայտարարութիւն է տարածել: Ինչպէս տեղեկացնում է «tert.am»-ը` վկայակոչելով ՀՀ ԱԳՆ լրատւական վարչութեանը, յայտարարութեան մէջ մասնաւորապէս նշւած է.

«Արցախի դէմ Ադրբեջանի ապրիլեան ագրեսիայից մէկ տարի է անցել։

2016 թ. ապրիլեան չորս օրերի ընթացքում Ադրբեջանը Արցախի դէմ իրականացրեց այն նոյն ագրեսիւ գործողութիւններն ու բարբարոսութիւնները, ինչ շուրջ չորս տարի շարունակ 1990-ական թւականների սկզբին, երբ ռազմական ուժով փորձում էր ճնշել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման եւ սեփական բնօրրանում ապրելու իրաւունքը: 

Մենք գլուխ ենք խոնարհում բոլոր հերոսների յիշատակի առջեւ, ովքեր զոհւեցին` յետ մղելով Ադրբեջանի յարձակումը Արցախի դէմ եւ իրենց կեանքի գնով կանխեցին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանդէպ զանգւածային ոճրագործութիւնների իրականացումը:

Մինչ միջազգային հանրութիւնը դատապարտում էր ադրբեջանական զինւած ուժերի կողմից իրականացւած միջազգային մարդասիրական իրաւունքի կոպտագոյն խախտումները, Բաքուն փառաբանում էր կատարւած վայրագութիւնները եւ դրանց հեղինակներին։ 

Ադրբեջանի արկածախնդրութիւնը ծանր հարւած հասցրեց խաղաղութեան գործընթացին։ 

Իրավիճակի կայունացման, նոր լարւածութեան կանխարգելման եւ բանակցային գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծման նպատակով մայիսի 16-ին Վիեննայում՝ ԱՄՆ-ի պետքարտուղարի նախաձեռնութեամբ, իսկ յունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում` ՌԴ-ի նախագահի հրաւէրով, կայացան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները, որոնց արդիւնքում շեշտւեց հակամարտութեան բացառապէս խաղաղ կարգաւորման, հրադադարի 1994-1995 թթ. եռակողմ անժամկէտ համաձայնագրերի լիակատար իրականացման անհրաժեշտութիւնը եւ համաձայնութիւն ձեռք բերւեց հրադադարի խախտումների հետաքննութեան մեխանիզմի շուտափոյթ ստեղծման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման վերաբերեալ:

Այդուհանդերձ, Ադրբեջանը հրաժարւեց իրականացնել ձեռք բերւած համաձայնութիւնները եւ յայտնւեց մեկուսացման մէջ՝ հակադրւելով միջազգային հանրութեանը: 

Ադրբեջանի բարձրագոյն ղեկավարութիւնը բացայայտ ստում է, թէ իբր համանախագահ երկրները Լեռնային Ղարաբաղը ճանաչում են որպէս Ադրբեջանի մաս՝ ձեւացնելով, թէ իբր չի ընկալում այն, ինչն ասում են եռանախագահ երկրների ղեկավարները. Լեռնային Ղարաբաղի բնակչութիւնը պէտք է իրականացնի ինքնորոշման իր իրաւունքը՝ միջազգային իրաւական պարտադիր ուժ ունեցող ազատ կամարտայայտութեան միջոցով։ Նոյն մօտեցումն ունի Հայաստանը. այո, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պէտք է որոշւի Արցախի ժողովրդի կողմից։ Բաքւի այդ կեղծիքը ի ցոյց է դնում Ադրբեջանի քաղաքական ուղեգծի բացարձակ ձախողումը։ Ձախողւելով բանակցային գործընթացում` Բաքուն փորձեց ռազմական ճանապարհով լուծել հիմնախնդիրը եւ կրկին տապալւեց։ 

Ապրիլեան պատերազմը եւս մէկ անգամ ցայտուն կերպով ապացուցեց, որ Արցախը երբեւէ եւ որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, իսկ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրականացումն անշրջելի է։ 

Ի պատասխան ուժ կիրառելու Ադրբեջանի շարունակական սպառնալիքներին` միջազգային հանրութիւնը յստակ զգուշացնում է, որ դա չի հանդուրժւի։ 

Հայաստանը՝ որպէս Արցախի անվտանգութեան երաշխաւոր, ապահովելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգութիւնը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ մենք շարունակելու ենք ղարաբաղեան հիմնախնդրի բացառապէս խաղաղ կարգաւորման գործընթացն առաջ մղելուն ուղղւած քայլերը»։

 

 

 

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։