Հա

Քաղաքական

Կիրակի, 02 Ապրիլի 2017 09:01

Ստանիսլաւ Տարասով. «Մադրիդեան սկզբունքները կեանքի կոչելու համար հարկաւոր է բանակցային գործընթացում ներառել Ստեփանակերտը»

Տարասովի խօսքով՝ Ղարաբաղը պէտք է վերադառնայ բանակցային սեղանին այն պարզ սկզբունքով, ինչպէս «հնարաւոր չէ երաժշտութիւն գրել առանց նոտաների, հրդեհը մարել առանց ջրի»

«alikonline.ir»- Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կողմերի միջեւ բազում հարցեր կան, որոնց համաձայնեցնումը ժամանակ է պահանջում: «tert.am»-ի հետ զրոյցում ասաց Մերձաւոր Արեւելքի եւ Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագէտ Ստանիսլաւ Տարասովը՝ խօսելով ՌԴ ԱԳ-ի նախարար Սերգէյ Լաւրովի յայտարարության մասին, թէ կարգաւորման շատ բաղադրիչներ արդէն համաձայնեցւած են:

Լաւրովը մասնաւորապէս ասել էր. «Մնացել են մի քանի հարցեր: Բայց դրանք ամենաբարդն են: Համաձայնութեան գալ դեռ չի յաջողւել: Ամէն դէպքում աշխատանքը շարունակւում է»: 

Ստանիսլաւ Տարասովն ասաց, որ իր կարծիքով Լաւրովը, հաւանաբար, առաջին հերթին խօսում է Վիեննայում, ապա Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների մասին, որոնք այդպէս էլ իրականութիւն չդարձան: 

«Խօսքը շփման գծի երկայնքով հետաքննութեան մեխանիզմների տեղադրման մասին է, մշտադիտարկում իրականացնող դիտորդների տեղակայման մասին է:  Բացի այդ, կարծում եմ, որ կողմերը համաձայնութեան չեն գալիս ԼՂ կարգավիճակի շուրջ, որը Մադրիդեան փաստաթղթի մաս է»,– ասաց նա:

«Այլ հակամարտութեան օրինակին եթէ նայէք, եւ առհասարակ, եթէ նայէք կոնֆլիկտաբանութեան սկզբունքները, պարզ կը լինի, որ հնարաւոր չէ խուսափել բանակցութիւններին Ստեփանակերտի միացումը: Հակամարտութեան կարգաւորման ցանկացած ձեւաչափ, որը Բաքւի ու Երեւանի միջեւ է ընթանում, արդիւնք չի տալիս: Հարկաւոր է բանակցութիւնների սեղանին վերադարձնել Ղարաբաղը: Հաւանաբար, Ադրբեջանն ընդդիմանում է բանակցութիւններին Ստեփանակերտի մասնակցութեան հնարաւորութեանը, չի ուզում, ինչպէս Կիեւը, որը խուսափում է Լուգանսկի ու Դոնեցկի հետ անմիջական շփումից, դրա համար պատերազմը շարունակւում է: Մադրիդեան սկզբունքներն իրականացնելու համար հարկաւոր է բանակցային գործընթացին միացնել Ստեփանակերտը»,- ասաց քաղաքագէտը:

Տարասովի խօսքով՝ Ղարաբաղը պէտք է վերադառնայ բանակցային սեղանին այն պարզ սկզբունքով, ինչպէս «հնարաւոր չէ երաժշտութիւն գրել առանց նոտաների, հրդեհը մարել առանց ջրի»: Բանակցային գործընթացին, ռուսաստանցի քաղաքագէտի խօսքով` թարմութիւն է պէտք, իսկ դա կարող է ապահովւել Ղարաբաղի մասնակցութեամբ: 

Նա ուշադրութիւն հրաւիրեց այն հանգամանքի վրայ, որ Լեռնային Ղարաբաղում հանրաքւէ անցկացւեց, որի արդիւնքում Ղարաբաղը աշխարհին այսուհետ կը ներկայանայ որպէս Արցախի Հանրապետութիւն, իսկ սա նշանակում է, որ ԼՂ-ն իրեն դիրքաւորում է որպէս անկախ պետութիւն:

 

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։