Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 03 Ապրիլի 2017 15:57

ԵԱՀԿ դիտորդական առաքելութիւն. «Ընտրութիւնները լաւ էին կազմակերպւած»

«Երեկւայ ընտրութիւնները առաջին քայլն էին  Հայաստանում նոր կառավարման համակարգ կառուցելու ճանապարհին, սակայն փոփոխութիւնը չի կարող տեղի ունենալ մեկ գիշերում»,-ասաց առաքելութեան ղեկավարը

«alikonline.ir»- Ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրութիւնները լաւ էին կազմակերպւած: Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը յայտարարեց  Կարճաժամկէտ դիտորդների ԵԱՀԿ դիտորդական առաքելութեան յատուկ համակարգող եւ ղեկավար Իգնասիօ Սանչէս Ամորը: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

«Ազատութիւններն ընդհանուր առմամբ յարգւեցին, քւէարկութիւնն ընդհանուր առմամբ հանդարտ ու խաղաղ է եղել, նկատւել են կազմակերպչական խնդիրներ ու անտեղի միջամտութիւններ գործընթացի նկատմամբ հիմնականում կուսակցութիւնների ներկայացուցիչների կողմից»,- ասաց նա:

Իգնասիօ Սանչէս Ամորի խօսքով՝ ընտրութիւնների վրայ հետք են թողել ընտրակաշառքի վերաբերեալ վստահութեան արժանի, ինչպէս նաեւ քաղաքացիական ծառայողների, լրատւամիջոցների աշխատակիցների նկատմամբ ճնշումների մասին տեղեկութիւնները, ինչի հետեւանքով նկատւել է հանրային վստահութեան պակաս:

«Երեկւայ ընտրութիւնները առաջին քայլն էին  Հայաստանում նոր կառավարման համակարգ կառուցելու ճանապարհին, սակայն փոփոխութիւնը չի կարող տեղի ունենալ մեկ գիշերում»,-ասաց առաքելութեան ղեկավարը:

Նրա խօսքով՝ բարեփոխումներ իրականացնելու համար քաղաքական ուժերին անհրաժեշտ է  հասունութիւն ցուցաբերել եւ հրաժարւել անցեալի գործելակերպերից:

«Մենք այս նախնական եզրակացութիւններին հասել ենք երկարաժամկէտ եւ կարճաժամկէտ դիտարկման արդիւնքում»,- ասաց նա` աւելացնելով, որ առաքելութիւնը կառուցողականօրէն աշխատել է իշխանութիւնների հետ, ովքեր հաշւի են առել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի,  ԵԽ-ի Վենետիկի յանձնաժողովի մի շարք նախկին յանձնարարականները:

«Դա արժանի է դրւատանքի: Իրաւական դաշտն ամբողջական է, եւ ձեւաւորւել է իրաւական բարեփոխումների գործընթացի արդիւնքում»,- ասաց նա:

Յիշեցնենք, ընտրութիւնների միջազգային դիտորդական առաքելութեան կազմում են մօտ 450 դիտորդներ 42 երկրներից, այդ թւում` ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի կողմից գործուղւած 340 երկարաժամկէտ եւ կարճաժամկէտ դիտորդներ, ԵԱՀԿ ԽՎ-ի 66 խորհրդարանականներ եւ աշխատակազմի անդամներ` 24-ը ԵԽԽՎ-ից եւ 13-ը ԵԽ-ից:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։