Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 03 Ապրիլի 2017 19:06

Որ քաղաքական ուժը քանի մանդատ կունենայ նոր խորհրդարանում

Նախնական տւեալների համադրութեամբ, կարելի է ասել, որ ՀՀԿ-ն կունենայ 55 մանդատ, «Ծառուկեան» դաշինքը՝ 30-ը, «Ելք»-ը՝ 9, իսկ ՀՅԴ-ն՝ 7

«alikonline.ir»- ՀՀ ԿԸՅ-ի հրապարակած նախնական տւեալների համաձայն՝ 6-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովում ներկայացւած կը լինի ՀՀԿ-ն (771 հազար 249 ձայն, կամ՝ ընտրողների 49.19 տոկոսը), «Ծառուկեան» դաշինքը (428 հազար 965 ձայն, կամ՝ ընտրողների 27.36 տոկոսը), «ԵԼՔ» դաշինքը (122 հազար 49 ձայն, կամ՝ ընտրողների 7.78 տոկոսը) եւ ՀՅԴ-ն (103 հազար 173 ձայն, կամ՝ ընտրողների 6.58 տոկոսը): «alikonline.ir»-ը փորձել է հաշւարկել, թէ որ քաղաքական ուժը քանի մանդատ կունենայ խորհրդարանում:

Նախնական տւեալների համադրութեամբ, կարելի է ասել, որ ՀՀԿ-ն կունենայ 55 մանդատ, «Ծառուկեան» դաշինքը՝ 30-ը, «Ելք»-ը՝ 9, իսկ ՀՅԴ-ն՝ 7:

Մանդատների բաշխումը, նոր ընտրական օրէնսգրքի համաձայն՝ կատարւում է հետեւեալ կերպ. նախ՝ կուսակցութիւնների կամ կուսակցութիւնների դաշինքների ստացած ձայների թիւն, առանձին վերցրած, բազմապատկւում է 101-ով (101-ը՝ ԱԺ մանդատների նւազագոյն թիւն է), ապա բաժանւում է խորհրդարան անցած քաղաքական ուժերին կողմ քւէարկած քւէաթերթիկների հանրագումարով:

Քաղաքական 4 ուժերի ձայներն առանձին վերցրած պէտք է բազմապատկել 101-ով, ապա՝ ստացւած արդիւնքը բաժանել 1 միլիոն 425 հազար 445-ի, որը քաղաքական 4 ուժերի համար քւէարկած թիւն է ընդհանուր վերցրած:

Մաթեմատիկական այս հաշւարկը կատարելիս կունենանք հետեւեալ պատկերը.

ՀՀԿ՝ ստացած ձայների թիւ (771249) x 101 / 1425445 = 54.6 մանդատ:

«Ծառուկեան» դաշինք՝ ստացած ձայների թիւ (428965) x 101 / 1425445 = 30.3 մանդատ:

«ԵԼՔ» դաշինք՝ ստացած ձայների թիւ (122049) x 101 / 1425445 = 8.6 մանդատ:

ՀՅԴ՝ ստացած ձայների թիւ (103173 ) x 101 / 1425445 = 7.3 մանդատ:

Արդիւնքում՝ ՀՀԿ-ն ստանում է 55 մանդատ, «Ծառուկեան» դաշինքը՝ 30-ը, «Ելք»-ը՝ 9, իսկ ՀՅԴ-ն՝ 7:

Ընտրական օրէնսգիրքը սահմանում է, որ եթէ խորհրդարանական ընտրութիւններին մասնակցող կուսակցութիւններից որեւէ մէկը 53 մանդատ չի հաւաքում, ապա 101 մանդատները բաշխւում են եւ անցկացւում է 2-րդ փուլ: Բայց, քանի որ տւեալ պարագայում ՀՀԿ-ն, նախնական տւեալներով, 55 մանդատ ունի, 2-րդ փուլ չի անցկացւի:

Մանդատները համամասնական ու ռէյտինգային ցուցակով առաջադրւած պատգամաւորների միջեւ բաշխւում են հաւասար սկզբունքով: Կուսակցութեան ստացած մանդատների կէսը տրւում է կուսակցութեան համապետական ցուցակի թեկնածուներին` ըստ հերթականութեան, իսկ մանդատների մնացած մասը բաշխւում է կուսակցութեան տարածքային ցուցակներում ընդգրկւած թեկնածուների միջեւ. ՀՀԿ՝ 55 / 2, «Ծառուկյան» դաշինք՝ 30 / 2, «ԵԼՔ»՝ 9 / 2 եւ ՀՅԴ՝ 7 / 2:

Արդիւնքում՝ ՀՀԿ-ն կունենայ 55 պատգամաւոր, որից 23-ը համամասնական ցուցակից, 22-ը՝ ռէյտինգային, «Ծառուկեան» դաշինքը՝ 30 պատգամաւոր, որից 15-ը համամասնական ցուցակից, 15-ը՝ ռէյտինգային, «ԵԼՔ»-ը կունենայ 9 պատգամաւոր, ՀՅԴ-ն կունենայ 7 պատգամաւոր:

Հասկանալու համար, թէ ովքեր են լինելու ռէյտինգային պատգամաւորները, կուսակցութիւնները կամ կուսակցութիւնների դաշինքները պէտք է առանձնացնեն այն մարզերը, որտեղ իրենք ամէնից շատն են ձայներ ստացել ռէյտինգային թեկնածուների հանրագումարով:

Լրացուցիչ մանդատներ են նախատեսւած նաեւ ազգային փոքրամասնութիւնների համար:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։