Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 03 Ապրիլի 2017 19:08

Էդւարդ Շարմազանով. «Շատ տրամաբանական եմ համարում, որ ապագայ կառավարութիւնը կը ձեւաւորենք ՀՅԴ գործընկների հետ»

Շատ տրամաբանական եմ համարում, որ ապագայ կառավարությունը կը ձեւաւորենք ՀՅԴ գործընկների հետ

«alikonline.ir»- ՀՀ ԱԺ-ի փոխնախագահ Էդւարդ Շարմազանովը «azatutyun.am»-ի հետ զրուցում, անդրադառնալով խորհրդարանական ընտրութիւնների նախնական արդիւնքներին,  կարեւորեց, որ ընտրութիւններից յետոյ Հայաստանն ունենալու է թարմ, նոր ընդդիմադիր ուժ` յանձինս «Ելք» դաշինքի: «Ծառուկեան» դաշինքի ստացած ձայները նա անսպասելի չհամարեց, քանի որ կարծում է, որ դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկեանն ունի իր կողմնակիցները:

Անդրադառնալով ՀՅԴ-ին, նա ասաց, որ այն ազգային կուսակցութիւն է եւ ունի ամենակայուն ընտրազանգւածը: «Դաշնակցութիւն քաղաքական դաշտի աղն է: Իրենք պէտք է լինեն»,-ասաց նա: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելուն, Շարմազանովը նշեց, որ վերջնական կարող է այդ հարցի պատասխանը տալ քննարկումներից յետոյ:

«Շատ տրամաբանական եմ համարում, որ ապագայ կառավարությունը կը ձեւաւորենք ՀՅԴ գործընկների հետ։ Շատ չի կարող լինել, բայց որ քիչ է լինում, անհամ կը լինի: Քանի դեռ մեր կուսակցութիւնը եւ Դաշնակցութիւնը պաշտօնապէս չեն քննարկել, ես կոռեկտ կը լինեմ եւ որեւէ գնահատական չեմ տայ։ Բայց, քանի որ մենք արդէն ունենք կոալիցիոն կառավարութիւն, ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ստորագրած փաստաթուղթը ռազմավարական եւ ծրագրային է եւ, ընդհանուր առմամբ, ունենք լուծումներին հասնելու ընդհանուր տեսլական, ես շատ տրամաբանական եմ համարում, որ անկախ նրանից՝ ՀՀԿ-ն կը լինի մեծամասնութիւն, թէ ոչ, ապագայ կառավարութիւնը կը ձեւաւորենք Դաշնակցութեան մեր գործընկների հետ»։

Էդւարդ Շարմազանովը անակնկալ չհամարեց, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը չի անցել, փոխարէնը՝ անակնկալ համարեց «Հայկական վերածնունդ» կուսակցութեան չանցնելը. նշեց, թէ մտածում էր, որ այդ կուսակցութիւնը «մի կերպ» կանցնի` յաղթահարելով 5 տոկոսանոց շեմը: Նա նկատեց, որ կուսակցութիւնն ակտիւ քարոզարշաւ չիրականացրեց:

ՀՀ ԱԺ-ի փոխնախագահը նաեւ կանխատեսելի համարեց  «Օհանեան-Րաֆֆի-Օսկանեան» դաշինքի չանցնելը. «Ինձ համար դա եղել է պաշտօնաթող նախարարների ակումբ: Հումորով ասեմ՝ եթէ կումունիստները մի քիչ աւելի լաւ աշխատէին, աւելի շատ կարող էին հաւաքել»:

Ինչ վերաբերում է «Ազատ դեմոկրատներ»-ի՝ խորհրդարան չանցնելուն, Էդւարդ Շարմազանովն ասաց, որ ափսոսում է այդ ուժի համար, բայց համարում է, որ նրանց քարոզչութիւնը, բառի լաւ իմաստով, շատ եւրոպական էր ու առանց պոպուլիզմի: «Խաչիկ Քոքոբելեանին եւ Հրանտ Բագրատեանին շնորհակալութիւն եմ յայտնում գոնէ 5 տարւայ համատեղ աշխատանքի համար, նրանցից 2-ից էլ, մանաւանդ՝ Հրանտ Բագրատեանից, շատ բան եմ սովորել»,- ասաց նա:

Էդջարդ Շարմազանովն ասաց, որ յետընտրական հանրահաւաքների ոչ մի հիմք չի տեսնում:

 

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։