Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 04 Ապրիլի 2017 17:20

Կարէն Միրզոյեան. «Միջազգային հանրութիւնը պէտք է իմանայ Ադրբեջանի յանցագործութիւնների մասին»

Համոզւած ենք, որ ապրիլեան ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից կատարւած բազմաթիւ ռազմական յանցագործութիւնների եւ միջազգային հումանիտար իրաւունքի խախտումների վերաբերեալ աղաղակող փաստերը պէտք է հասու լինեն միջազգային հանրութեանը, եւ ձեռնարկւեն բոլոր միջոցները՝ յանցագործութիւնների մեղաւորներին դատապարտելու եւ պատասխանատւութեան ենթարկելու ուղղութեամբ:

«alikonline.ir» - Ներկայացնում ենք «news.am» վերլուծական-լրատւական գործակալութեան հարցազրոյցն Արցախի Հանրապետութեան արտգործնախարար Կարէն Միրզոյեանի հետ.

 

- Ապրիլի 2-ին լրանում է Արցախի դէմ Ադրբեջանի ագրեսիայի տարելիցը: Ազդե՞լ է արդեօք այն պաշտօնական Ստեփանակերտի դիրքորոշման վրայ:

- Պաշտօնական Ստեփանակերտի դիրքորոշումը չի ենթարկւել որեւէ փոփոխութեան։ Այս համատեքստում տեղին է խօսել միայն մեր դիրքորոշման կոնսոլիդացիայի մասին։ Արցախի ժողովուրդը եւ իշխանութիւնները հաւատարիմ են իրենց որդեգրած ուղուն՝ կառուցել եւ զարգացնել անկախ, ժողովրդավարական պետութիւն եւ հասնել նրա միջազգային ճանաչմանը։

 

- Ղարաբաղեան կողմը պաշտօնապէս հասնելո՞ւ է արդեօք Միջազգային հումանիտար իրաւունքի խախտման մէջ մեղաւոր ադրբեջանցի զինծառայողներին պատժելուն:

- Համոզւած ենք, որ ապրիլեան ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից կատարւած բազմաթիւ ռազմական յանցագործութիւնների եւ միջազգային հումանիտար իրաւունքի խախտումների վերաբերեալ աղաղակող փաստերը պէտք է հասու լինեն միջազգային հանրութեանը, եւ ձեռնարկւեն բոլոր միջոցները՝ յանցագործութիւնների մեղաւորներին դատապարտելու եւ պատասխանատւութեան ենթարկելու ուղղութեամբ։ Դա է միակ ճանապարհը՝ կանխելու նման ոճրագործութիւնների կրկնութիւնն ապագայում։

Այս ուղղութեամբ մեր կողմից արդէն որոշակի աշխատանքներ են տարւել։ Մասնաւորապէս, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում եւ Եւրոպայի խորհրդում տարածւել են Արցախի Հանրապետութեան ԱԳՆ-ի յայտագրերը, որտեղ մանրամասներ են ներկայացւել ադրբեջանական ագրեսիայի պատճառների ու հետեւանքների, Ադրբեջանի զինւած ուժերի կողմից իրագործւած մարդու իրաւունքների ոտնահարման կոպտագոյն դէպքերի եւ ռազմական յանցագործութիւնների փաստերի առնչութեամբ։

Մեր կողմից նաեւ շրջանառւել են Արցախի պաշտպանութեան նախարարութեան եւ ռազմագերիների, պատանդների եւ անյայտ կորածների հարցերով զբաղւող պետական յանձնաժողովի յայտարարութիւնները, Գլխաւոր դատախազութեան կողմից տրամադրւած նիւթերը՝ ադրբեջանական կողմի յանցագործութիւնների առթիւ հարուցւած քրէական գործերի վերաբերեալ, ինչպէս նաեւ Արցախի մարդու իրաւունքների պաշտպանի՝ ապրիլեան ագրեսիայի  ընթացքում ադրբեջանական զինւած ուժերի իրականացրած ոճրագործութիւնների վերաբերեալ միջանկեալ հրապարակային զեկոյցները։

Ադրբեջանի զինւած ուժերի յանցագործութիւնների մասին միջազգային լսարանին իրազեկելու գործում մեծապէս կարեւորում ենք նաեւ հայկական զանգւածային լրատվւամիջոցների դերը։

 

- Ձեր կարծիքով, վերջին տարիներին կա՞յ որեւէ առաջընթաց Արցախի Հանրապետութեան միջազգային ներկայացւածութեան առումով:

- Այո, մեր գնահատմամբ, Արցախի միջազգային ներկայացւածությեան առումով կան տեղաշարժեր։ Ընդհանուր առմամբ, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը սատարող բանաձեւեր են ընդունւել ԱՄՆ-ի 7 նահանգների եւ 4 քաղաքների, Աւստրալիայի 1 նահանգի, ինչպէս նաեւ Բասկերի Երկրի խորհրդարանի կողմից եւ 15 համագործակցութեան համաձայնագրեր են ստորագրւել Արցախի տարբեր քաղաքների եւ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բասկերի Երկրի եւ Բրազիլիայի քաղաքների միջեւ, ինչպէս նաեւ մէկ համաձայանագիր՝ Արցախի եւ Ֆրանսիայի Դրոմի շրջանի միջեւ։

Արտաքին գործերի նախարարութեան առաջնահերթ նպատակներից է այդ դրական միտումների ամրապնդումն ու հետագայ զարգացումը։

 

- Վերջերս ԵԽ նախարարների կոմիտէում քննարկւում էին «Չիրագովն ընդդէմ Հայաստանի» եւ «Սարգսեանն ընդդէմ Ադրբեջանի» գործերը, ընդ որում որոշում է կայացւել, որ Ադրբեջանը պէտք է մինչեւ յունիս գործողութիւնների ծրագիր ներկայացնի: Ըստ Ձեզ, փախստականների խնդիրը լուծելի՞ է:

- «Սարգսեաններն ընդդէմ Ադրբեջանի» եւ «Չիրագովն ու ուրիշներն ընդդէմ Հայաստանի» գործերը մասնաւոր դէպքեր են եւ վերաբերում են բացառապէս անհատական՝ առաջին հերթին, գոյքային իրաւունքների իրաւական պաշտպանութեանը։ Ինչ վերաբերում է փախստականների եւ ներքին տեղահանւածների խնդրին, ապա այն ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան հետեւանքներից մէկն է եւ իր համապարփակ լուծումը կարող է գտնել միայն խաղաղ կարգաւորման գործընթացի շրջանակներում։

 

- Ինչպէ՞ս էք գնահատում ռուս-իսրայէլական բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ կատարւածը, նաեւ եւրոպական պատգամաւորների, գիտնականների եւ ընկերութիւնների դէմ Ադրբեջանի ճնշումների փորձերը:

- Ձեր կողմից յիշատակւած օրինակները Ադրբեջանի կողմից Արցախի մեկուսացմանն ուղղւած արշաւի հերթական դրսեւորումներն են։ Սակայն, ինչպէս մենք տեսնում ենք, այդ քայլերը հակառակ արդիւնքներ են բերում. բազմաթիւ օտարերկրացի լրագրողներ, բլոգերներ եւ ակտիւ քաղաքական գործիչներ իրենց բողոքն են արտայայտում եւ դատապարտում Ադրբեջանի նման քաղաքականութիւնը՝ որպէս մարդու հիմնարար իրաւունքների ու ազատութիւնների, մասնաւորապէս՝ազատ խօսքի եւ ազատ տեղաշարժի իրաւունքների սահմանափակում եւ ոտնահարում։

Աւելին,մենք ականատես ենք, որ Ադրբեջանի այդ քայլերը հանգեցնում են արտաքին աշխարհում Արցախի նկատմամբ հետաքրքրութեան ընդլայնմանը եւ դէպի Արցախ այցելուների թւի աճին։

 

- Հանրապետութեան անւան փոփոխութիւնը կարո՞ղ է ընկալման երկակիութեան հանգեցնել միջազգային հանրութեան ոչ այնքան շահագրգիռ ներկայացուցիչների շրջանում:

- Համոզւած ենք, որ ժամանակի ընթացքում՝ համապատասխան աշխատանքի պարագայում, միջազգային լսարանի համար աւելի կիրառելի կը դառնայ մեր երկրի պատմական՝ Արցախ անւանումը։ Այս գործում իր մասնաբաժինն ունի նաեւ մեր մամուլը։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։