Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 17 Ապրիլի 2017 15:00

Ռուբէն Սաֆրաստեան. «Անիմաստ է սպասել, որ Թուրքիան հանրաքւէից յետոյ կը գնայ նոր քայլերի Հայաստանի հետ յարաբերութիւններում»

Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխութիւններից յետոյ Թուրքիայի գլխաւոր նպատակներին, Սաֆրաստեանը նշեց, որ դրանք վերաբերում են քրդերին. «Թուրքիան ամէն ինչ կանի, որ Մերձաւոր Արեւելքի շրջանում քրդական ինքնավարութիւն չառաջանայ: Միւս հանգամանքը, որ նշւում է, այն է, որ Էրդողանը Թուրքիան կը կառավարի մինչեւ 2029 թւականը»:

«alikonline.ir» - Թուրքիայում սահմանադրական փոփոխութիւնների յաղթանակի գրանցումը սպասելի էր: Այս մասին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Թուրքագէտը, վերլուծելով նախօրէին տեղի ունեցած հանրաքւէի արդիւնքները, ասաց, որ Թուրքիայի խոշոր քաղաքների բնակիչները դէմ են քւէարկել սահմանադրական փոփոխութիւններին, Էրդողանը յաղթանակ է տարել կենտրոնական շրջաններում, բացառութեամբ Անկարայի:

Սաֆրաստեանի խօսքով՝ պատճառն այն է, որ Թուրքիայի բնակչութեանն առանձնապէս հոգեհարազատ չէ սահմանադրական փոփոխութիւնները. «Երկիրը բաժանւել է երկու հատւածի: Այն շրջաններում, որտեղ բնակչութեան կրթական ցենզը բարձր է, դէմ է քւէարկել փոփոխութիւններին, այն շրջանները, որոնք յետ են մնացել ժամանակակից զարգացումներից, կողմ են արտայայտւել սահմանադրական փոփոխութիւններին»:

Թուրքագէտը կարեւորեց նաեւ քրդաբնակ շրջանների կողմնորոշումը. նրանք դէմ են արտայայտւել սահմանադրական փոփոխութիւններին. «Այս դէմ քւէներն աւելի շատ կարող էին լինել, եթէ գլխատւած չլիներ «Ժողովրդական-դեմոկրատական» կուսակցութիւնը: Նրանց ղեկավարները մեծ մասամբ բանտերում են, եթէ այդպէս չլինէր, «դէմ»-ի կողմնակիցներն աւելի շատ ձայներ կը ստանային»:

Անդրադառնալով արտերկրում քւէարկութեան իրաւունք ունեցող 5 մլն. քաղաքացիներին՝ Սաֆրաստեանն ասաց, որ արտասահմանցի թուրքերը՝ յատկապէս Գերմանիայում բնակւող թուրքերը, քւէարկել են կողմ:

Հարցին, թէ ի՞նչ կը փոխւի սահմանադրական հանրաքւէից յետոյ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականութեան մէջ, թուրքագէտն ասաց, որ փոփոխութիւններ սպասել պէտք չէ. «Հայաստանին վերաբերող տեսակէտից, կարծում եմ, եթէ մօտակայ ապագան դիտարկենք, ապա նոր երեւոյթներ Թուրքիայից սպասելն իմաստ չունի: Իմ կարծիքով՝ սպասել, որ Թուրքիան կը գնայ նոր քայլերի Հայաստանի հետ յարաբերութիւններում, անիմաստ է: Թուրքիայի քաղաքական վերնախաւը ունի շատ թէ քիչ ընդհանուր մօտեցում Հայաստանի հետ, եւ այդպէս էլ կը մնայ»:

Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխութիւններից յետոյ Թուրքիայի գլխաւոր նպատակներին, Սաֆրաստեանը նշեց, որ դրանք վերաբերում են քրդերին. «Թուրքիան ամէն ինչ կանի, որ Մերձաւոր Արեւելքի շրջանում քրդական ինքնավարութիւն չառաջանայ: Միւս հանգամանքը, որ նշւում է, այն է, որ Էրդողանը Թուրքիան կը կառավարի մինչեւ 2029 թւականը»:

Անդրադառնալով Ռուսաստանի եւ եւրոպական երկրների հետ Թուրքիայի յարաբերութիւններին՝ թուրքագէտն ասաց, որ Եւրոպան, միեւնոյն է, Թուրքիայից չի հրաժարւի. «Որքան էլ Եւրոպան դժգոհ է Թուրքիայում աւտորիտար ռեժիմի հաստատումից, նա երբեք չի կարող խզել յարաբերութիւնները Թուրքիայի հետ եւ կօգտագործի Թուրքիային որպէս հակակշռի: Բացի այդ, Թուրքիան հասկանում է, թէ ինչ է տեղի ունենում, եւ սկսում է դրանից իր օգուտները ստանալ: Այստեղ գնում է մեծ ռազմավարական եւ դիւանագիտական խաղ, որի մէջ ներգրաււած է Թուրքիան»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։