Հա

Քաղաքական

18/04/2017

Վրացագէտ. «Վրաստանի քաղաքական վերնախաւը այն մակարդակի չի հասել, որ յոյս կապենք Ցեղասպանութեան ճանաչման հետ»

«Վրաստանի հասարակութիւնը, քաղաքական վերնախաւը ներկայ փուլում այն մակարդակի չեն հասել, որ յոյս կապենք Ցեղասպանութեան ճանաչման հետ: Նախորդ իշխանութիւնների կառավարման տարիներին հարցը, եթէ յիշում էք, խորհրդարանում բարձրացւեց, այն էլ վրացի պատգամաւորների կողմից, ուստի կարեւոր է, որ թէ՛ հայ պատգամաւորները Վրաստանում, թէ՛ ՀԿ-ները հարցը շարունակեն բարձրացնեն, չնայած, կրկնում եմ, քիչ է հաւանականութիւնը, որ հարցը քննարկւի»,- նշեց Ալիկ Էրոյեանցը:

«alikonline.ir» - Վրաստանում հայկական մի խումբ կազմակերպութիւններ դիմել են երկրի խորհրդարանին, նախագահին՝ Վրաստանում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման վերաբերեալ պաշտօնական քննարկում անցկացնելու պահանջով:

«tert.am»-ի հետ զրոցում վրացագէտ Ալիկ Էրոյեանցն այս առնչութեամբ ասաց, որ սա շատ կարեւոր նախաձեռնութիւն է Հայաստանի համար:

«Ցեղասպանութեան ճանաչման հարցը մշտապէս պէտք է բարձրացնել, քննարկման դնել, սա պէտք է անել մշտական հետեւողականութեամբ»,- նշեց վրացագէտը: Միաժամանակ, Էրոյեանցն ասաց, որ քիչ հաւանական է, հեռանկարային, որ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչւի Վրաստանի կողմից կամ քննարկւի դրա ճանաչման հարցը:

«Վրաստանի հասարակութիւնը, քաղաքական վերնախաւը ներկայ փուլում այն մակարդակի չեն հասել, որ յոյս կապենք Ցեղասպանութեան ճանաչման հետ: Նախորդ իշխանութիւնների կառավարման տարիներին հարցը, եթէ յիշում էք, խորհրդարանում բարձրացւեց, այն էլ վրացի պատգամաւորների կողմից, ուստի կարեւոր է, որ թէ՛ հայ պատգամաւորները Վրաստանում, թէ՛ ՀԿ-ները հարցը շարունակեն բարձրացնեն, չնայած, կրկնում եմ, քիչ է հաւանականութիւնը, որ հարցը քննարկւի»,- նշեց Ալիկ Էրոյեանցը:

Վրացագէտն ասաց, որ Վրաստանը սերտ յարաբերութիւններ ունի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, իսկ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման կամ հարցի քննարկման հանգամանքը կարող է ռիսկային դառնալ պաշտօնական Թբիլիսիի համար:

«Գիտէք, թէ որքան մեծ է թուրքական եւ ադրբեջանական գործօնը Վրաստանում: Բնական է, որ նման պայմաններում Վրաստանն այս հարցին շատ զգոյշ է մօտենում: Թուրքիան թիւ մէկ առեւտրային գործընկերն է Վրաստանի համար, Ադրբեջանը՝ էներգակիր է, տնտեսական գործընկեր: Էլ չասեմ, որ Ադրբեջանը նաեւ ռազմավարական գործընկերն է: Վրաստանը չի կարող հաշւի չառնել այս հանգամանքը, հակառակ դէպքում՝ հարւածի տակ կը դնի իրեն»,- ասաց վրացագէտը:

Վերջում Էրոյեանցն ասաց, որ յոյսը կորցնել պէտք չէ, որովհետեւ միւս երկրներում էլ այս գործընթացը բարդ ճանապարհ է անցել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։