Հա

Քաղաքական

%PM, %30 %375 %2017 %12:%Հնս

Մերձաւոր Արեւելքում հայութեան ներկայութիւնը նպաստում է Հայաստանի ազգային անվտանգութեան ապահովմանը

Յունիսի 27-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի գլխաւորութեամբ անցկացւած Ազգային անվտանգութեան խորհրդի (ԱԱԽ) նիստի ընթացքում, ի թիւս այլ հարցերի, քննարկւել է խիստ կարեւոր եւ ուշագրաւ խնդիր՝ Մերձաւոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձութիւնները եւ դրանց ազդեցութիւնը հայկական համայնքների վրայ: Ըստ պաշտոնական հաղորդագրութեան, նիստի մասնակիցներին հարցի վերաբերեալ տեղեկատւութիւն է ներկայացրել Հայաստանի արտաքին գործերի նախարարը: Կիրօ Մանոյեանը դրական է գնահատում այս հարցի քննարկումը ԱԱԽ նիստում՝ շեշտելով, որ Մերձաւոր Արեւելքը շատ հեռու չէ Հայաստանից, եւ այս տարածաշրջանի կոնֆլիկտներն այս կամ այն ձեւով ազդում են Հայաստանի անվտանգութեան վրայ:

«alikonline.ir» - Յունիսի 27-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի գլխաւորութեամբ անցկացւած Ազգային անվտանգութեան խորհրդի (ԱԱԽ) նիստի ընթացքում, ի թիւս այլ հարցերի, քննարկւել է խիստ կարեւոր եւ ուշագրաւ խնդիր՝ Մերձաւոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձութիւնները եւ դրանց ազդեցութիւնը հայկական համայնքների վրայ: Ըստ պաշտոնական հաղորդագրութեան, նիստի մասնակիցներին հարցի վերաբերեալ տեղեկատւութիւն է ներկայացրել Հայաստանի արտաքին գործերի նախարարը:

Խօսելով թեմայի շուրջ՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը դրական է գնահատում այս հարցի քննարկումը ԱԱԽ նիստում՝ շեշտելով, որ Մերձաւոր Արեւելքը շատ հեռու չէ Հայաստանից, եւ այս տարածաշրջանի կոնֆլիկտներն այս կամ այն ձեւով ազդում են Հայաստանի անվտանգութեան վրայ:

«Սա նշանակում է, որ մեր պետութիւնը մտահոգւած է եւ զբաղւում է նաեւ մեր սփիւռքահայ հայրենակիցների հարցերով՝ անկախ նրանից, թէ Հայաստանի քաղաքացիութիւն ունեն կամ չունեն: Մերձաւոր Արեւելքը Հայաստանի համար հեռաւոր վայր չի, եթէ մի կողմ թողնենք այդ շրջաններում հայերի բնակւելու հանգամանքը: Իրականում շատ մօտ վայր է: Օրինակ՝ մեր սահմանից մինչեւ Իրաք ուղիղ գծով ընդամենը 300-350 կմ. է, ուստի դրական է, որ քննարկւել է: Բնականաբար չգիտեմ, թէ ի վերջոյ ինչ եզրակացութեան են եկել, բայց ընդհանուր առմամբ ճիշտ քայլ է, որ մեր պետութիւնը զբաղւի Սփիւռքում, յատկապէս այդպիսի անկայուն շրջաններում բնակւող հայերով»,- «Առաջին լրատւական»-ի հետ զրոյցում նշեց Կիրօ Մանոյեանը:

Դաշնակցական գործիչը կարծում է՝ եթէ Մերձաւոր Արեւելքի իրավիճակը շատ անկայուն լինի, դա անպայման կունենայ իր ազդեցութիւնը Հայաստանի ընդհանուր անվտանգութեան վրայ՝ ոչ անպայմանօրէն անմիջական իմաստով: «Հաշւի պիտի առնենք, որ Մերձաւոր Արեւելք ասելով՝ նաեւ կայ մեր հարեւան Թուրքիան, եթէ նոյնիսկ հարեւանանման չի պահում իրեն: Եւ այդ իմաստով կարեւոր է, որպէսզի հետեւենք այդ խնդիրներին: Բնականաբար, կայ նաեւ Իրանի նկատմամբ վերաբերմունք: Ուրեմն այս բոլորը մեր անմիջական շրջապատն են: Չեմ կարծում, որ Հայաստանում կայ որեւէ մէկը՝ ներառեալ Ազգային անվտանգութեան խորհրդի անդամները, որ կարծում են, թէ մենք կարող ենք մեծ ազդեցութիւն ունենալ այդ իրադարձութիւնների վրայ, բայց միանշանակ է, որ զգօն պիտի լինենք, որ այդ իրադարձութիւնների հետեւանքները չվնասեն մեր անվտանգութեանը, այս դէպքում՝ նաեւ այնտեղ բնակւող հայկական համայնքներին»:

Անդրադառնալով մասնաւորապէս Սիրիայի հայ համայնքի խնդրին՝ Կիրօ Մանոյեանը յիշեցրեց, որ այս տարիների ընթացքում շատ է խօսւել սիրիահայերին տարհանելու մասին, բայց մեր զրուցակցի կարծիքով՝ դա ճիշտ մօտեցում չէ այն իմաստով, որ չի կարելի մարդկանց ստիպել դուրս գալ իրենց տներից, եթէ նրանք ցանկանում են մնալ Սիրիայում: Միւս կողմից՝ անհրաժեշտ է ստեղծել պայմաններ այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են Սիրիայից տեղափոխւել Հայաստան:

«Պարզ է, այսօր Սիրիայի համայնքի թիւն այն չէ, ինչ էր մինչեւ սիրիական տագնապի սկսելը՝ 2011 թ., բայց արդէն խօսւում է Սիրիայի հայ համայնքի վերականգման, վերակառուցման, աշխատանքների մասին, որի ուղղութեամբ եւս պետութիւնը եւ ամբողջ հայութիւնը անելիք ունի աջակցելու, որովհետեւ Մերձաւոր Արեւելքում հայութեան ներկայութիւնը նաեւ նպաստում է Հայաստանի ազգային անվտանգութեան ապահովմանը»:

Որոշ վերլուծաբաններ ԱԱԽ այս նիստից յետոյ առաջ քաշեցին մի վարկած, թէ Հայաստանի ղեկավարութեան կողմից մերձաւորարեւելեան իրադարձութիւնների եւ հայկական համայնքների խնդիրների քննարկումը կարող է կապւած լինել Ռուսաստանի՝ վերջերս խիստ ակնյայտ դարձած մի ձգտման հետ՝ ՀԱՊԿ անդամ պետութիւններին ռազմականապէս մասնակից դարձնելու Սիրիայի իրադարձութիւններին:

Դիտարկելով հարցն այս տեսանկիւնից՝ Կիրօ Մանոյեանն ընդգծեց, որ Սիրիայի խնդիրը շատ նուրբ է այն իմաստով, որ այնտեղ կայ նաեւ կրօնական բնոյթի բախումների վտանգ, ուստի պէտք է շատ լուրջ մտածել, թէ արդեօ՞ք ճիշտ կը լինի, որ հայկական ուժերն ինչ-որ ձեւով մասնակցեն սիրիական հակամարտութեանը:

«Ես անձնապէ շատ կողմնակից չեմ, որովհետեւ նայած, թէ ինչ դերակատարութիւն պիտի ունենան: Առ այսօր Հայաստանի պատկերը, այսպէս ասած՝ իմիջն այնտեղ այն է, որ Հայաստանը աջակցում է սիրիացի ժողովրդին եւ ուղարկում է մարդասիրական օգնութիւն: Կարծում եմ, որ դա շարունակելն աւելի ճիշտ է, քան որեւէ այլ բան: Բայց իրադարձութիւնները կարող են փոխւել, ըստ այդմ էլ պէտք է քննարկել: Սակայն այսօրւայ պայմաններում, կարծում եմ, ռազմական ներկայութիւն ունենալու հարցն այնքան էլ նպաստաւոր չէ ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ հայութեան համար»,- աւելացրեց Կիրօ Մանոյեանը:

Հեղինակ՝ ԱՐԱՄ ՍԱՐԳՍԵԱՆ

اخبار مرتبط

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։