Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 11 Յուլիսի 2017 08:20

Հայաստան-Իրան ճանապարհին կը լինեն բժշկական սպասարկում եւ շտապ օգնութեան ծառայութիւններ

Յուլիսի 10-ին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դաւիթ Լոքեանն հանդիպել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարութեան (ԱԻՆ) հրաւէրով Հայաստան այցելած Իրանի «Կարմիր մահիկ»-ի պատւիրակութեան հետ:

«alikonline.ir» - Յուլիսի 10-ին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դաւիթ Լոքեանն հանդիպել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարութեան (ԱԻՆ) հրաւէրով Հայաստան այցելած Իրանի «Կարմիր մահիկ»-ի պատւիրակութեան հետ: Հանդիպմանը ներկայ են եղել նաեւ ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին, ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Դաւիթ Կարապետեանը: Տեղեկացնում է «yerkir.am»-ը՝ նախարարութեան տարածած հաղորդագրութեանը յղումով:

Ողջունելով հիւրերին, նախարար Լոքեանը ընդգծել է «Կարմիր մահիկ» կազմակերպութեան դերը աշխարհում՝ մարդկանց օգնելու, փրկելու հարցում, եւ այս համատեքստում կարեւորել է պատւիրակութեան այցը Հայաստան:

«Մենք հարեւաններ լինելով, զբաղեցնելով հասարակածային նոյն գիծը, կարծում եմ, շատ բնական աղէտներ ունենք, որ նոյնատիպ են երկու երկրների համար: Այդ տեսակէտից համագործակցութիւնը մեր արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարութեան հետ շատ կարեւորում եմ: Մենք էլ մեր երկրում արդէն ձեւաւորել ենք արտակարգ իրավիճակների շատ լաւ համակարգ: Կարծում եմ, նաեւ սովորելու, օժանդակութիւնների, անհրաժեշտ փոխադարձ տեղեկատւութեան փոխանակման խնդիրներ կան, որ պէտք է միասին անենք»,- ասել Դաւիթ Լոքեանը: 

Դեսպան Սաջջադին իր հերթին նոյնպէս կարեւորել է «Կարմիր մահիկ»-ի պատւիրակութեան հանդիպումը նախարար Լոքեանի հետ, նշել, որ համագործակցութեան մէջ յաջողելու գրաւականը նաեւ Հայաստանի տարբեր, յատկապէս՝ սահմանային, մարզերի հետ ակտիւ աշխատանքն է:

«Կարմիր մահիկ»-ի ընկերակցութեան փրկարարական ծառայութեան ղեկավար Մորթեզա Սալիմիի խօսքով էլ, հաշւի առնելով այն պատմամշակութային անցեալը, որ ունեն երկու երկրները, նաեւ ձեւաւորւած համագործակցութիւնը, որեւէ խնդիր չի լինելու առաւել զարգացնելու նաեւ արտակարգ իրավիճակներում համագործակցելու կապերը: Նա գոհունակութիւն է յայտնել առ այն, որ կապեր են հաստատւել Հայաստանում այն երեք կարեւոր կառոյցների, որոնք ուղղակիօրէն կապ ունեն տարբեր աղէտների դէմ պայքարի հարցում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել կարեւոր նշանակութեան ճանապարհների վրայ առաջին բուժօգնութեան կէտերի տեղակայման մոդելի ներդրման, աղէտների արձագանգման ոլորտում ՀՀ տարբեր մարզերում անդրսահմանային համագործակցութեանը վերաբերող հարցերին: Նախարար Լոքեանը հիւրերին տեղեկացրել է, որ  առաջիկայում Հայաստան-Իրան ամբողջ ճանապարհի հատւածում ձեւաւորւելու են այն հիմնական կէտերը, որտեղ կը լինեն բժշկական սպասարկում եւ շտապ օգնութեան ծառայութիւններ: «Դա ցոյց կը տրւի զբօսաշրջիկներին, ուղեւորին, այցելուին, իսկ համապատասխան ծառայութիւններն էլ պատրաստ կը լինեն այդ օժանդակութիւնը ցուցաբերել»,- ասել է նախարար Լոքեանը:

Հանդիպման աւարտին երկուստեք վստահութիւն է հնչել, որ նաեւ այս ոլորտում Հայաստան-Իրան համագործակցութիւնն արդիւնաւէտ է լինելու:

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։