Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 13 Յուլիսի 2017 10:30

Կարօ Քեպապճեան. «Պատերազմն անխուսափելի է, քանի որ Ադրբեջանը շարունակում է իր ժողովրդի մէջ ատելութիւն սերմանել հայերի նկատմամբ»

Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը պիտի կարգաւորւի միայն բանակցութիւնների միջոցով: Բանակցութիւններին այլընտրանք չկայ: Այս մասին ասել է Մերձաւոր Արեւելքում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ Դատի անդամ Կարօ Քեպապճեանը:

«alikonline.ir» - Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը պիտի կարգաւորւի միայն բանակցութիւնների միջոցով: Բանակցութիւններին այլընտրանք չկայ: «Tert.am»-ի հետ զրոյցում այս մասին ասել է Մերձաւոր Արեւելքում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ Դատի անդամ Կարօ Քեպապճեանը: 

Նա նշել է, որ բանակցային գործընթացին կողմնակից են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Եւրոպան՝ ի դեմս Ֆրանսիայի, բայց Ադրբեջանը 25 տարի շարունակ իր կեցւածքով ցոյց է տւել, որ մերժում է բանակցային ճանապարհը: 

«Ադրբեջանը երբեք իր խօսքը չի կատարել: Նրանք խախտում են բոլոր օրէնքները: Ալիեւի ամբողջ խնդիրը Ադրբեջանի ալիեւեան կլանն է: Նրանք էդ խեղճ ժողովրդին թողեցին թշվառ վիճակի մէջ ու միակ նոխազը, միակ պատրւակը, իրենց թշվառութիւնը արդարացնելու միակ միջոցը Լեռնային Ղարաբաղն է: Առաւօտ, կէսօր, երեկոյեան ադրբեջանական լրատւամիջոցները խօսում են միայն մէկ բանից՝ «ադրբեջանցի ժողովուրդ, թշւառութեան պատճառը Ղարաբաղն է, Հայաստանն է, հայութիւնն է», սերմանում են միայն ատելութիւն հայերի նկատմամբ»,- շեշտել է Կարօ Քեպապճեանը: 

Նման պայմաններում, նրա խօսքով, դիւանագիտական յաղթանակ գրանցելն անհնար է: Մերձաւոր Արեւելքում ԼՂ ներկայացուցիչը նշել է, որ իրականութիւնն այն է, որ հակամարտող կողմերի նախագահները, նախարարները կը հանդիպեն, ճնշումներ կը բանեցւեն, ինչի արդիւնքում «կը մեղմեն պատերազմը, բայց այն անխուսափելի է, որովհետեւ Ադրբեջանը շարունակում է ժողովրդի մէջ ատելութիւն սերմանել, փոքր երեխային պատրաստել հայի արիւն խմել»: 

«Միջազգային հանրութիւնը, միջազգային ընտանիքը պէտք է ճնշի Ալիեւին, բայց չեն ճնշել: Երեւի կը ճնշեն, եթէ շահեր ունենան: Ո՞վ է Ալիեւը, որ ԱՄՆ-ի կամ ՌԴ կամ Ֆրանսիայի դէմ դուրս գայ, պարզապէս շահեր այս պահին չունեն, որ ճնշեն, ամէն մէկն իր պարն է պարում, իր խաղն է խաղում, մենք մեր պարը պիտի չպարենք, մենք մեր ամրոցը պիտի կառուցենք, մենք տնտեսապէս պիտի զօրանանք, զարգանանք: Այս 20 տարիների ընթացքում մենք այնքան հզօրացած պիտի լինեինք, որ Ադրբեջանը նման կապիկութիւններ մեր դիմաց չաներ»,- ընդգծել է Կարօ Քեպապճեանը: 

Հարցին՝ ինչո՞ւ Հայաստանը չի կոշտացնում իր մօտեցումները դիւանագիտական դաշտում, ինչպէս դա եղաւ ռազմական համարժէք պատասխաններ տալու պարագայում, Կ. Քեպապճեանն ասել է, որ դիւանագիտութեան մէջ ամրագրւում են ռազմի դաշտում ունեցած յաղթանակները: 

«Ադրբեջանում հիմա գիտեն, որ եթէ կրակեն, կը ստանան համարժէք պատասխան: Մեր դիւանագիտական ուժն այդքան հզօր չէ, որ կարողանանք տարածել մեր տեսակէտը: Իսրայէլում, Աֆրիկայի որեւէ մի վայրում, Հնդկաստանում կամ Պակիստանում,  եթէ մի զինւոր է զոհւում, «CNN»-ով, «Euronews»-ով աշխարհով մէկ տարածում են: Բայց ո՞ր մի լրատէամիջոցն է հաղորդում, որ Ղարաբաղում զինւոր է զոհւել: Իրենց համար Ղարաբաղը կարծես քարտեզի վրայ գոյութիւն չունենայ: Արդեօք հրահանգ կայ՞, որ այդ լուրերը չդնեն»,- շեշտել է Մերձաւոր Արեւելքում ԼՂ ներկայացուցիչը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։