Հա

Քաղաքական

Կիրակի, 03 Սեպտեմբերի 2017 09:00

Արցախի Հանրապետութեան անկախութեան 26-ամեակը ՀՅԴ-ն տօնեց Եռաբլուրում

Նախ հոգեհանգստեան արարողութեամբ եւս մէկ անգամ յիշատակւեցին պանթեոնում ամփոփւած հայորդիները, որոնց կեանքի գնով այսօր ունենք անկախ ու ազատագրւած հայրենիք:

«alikonline.ir» - Նախ հոգեհանգստեան արարողութեամբ եւս մէկ անգամ յիշատակւեցին պանթեոնում ամփոփւած հայորդիները, որոնց կեանքի գնով այսօր ունենք անկախ ու ազատագրւած հայրենիք: Գրում է «yerkir.am»-ը:

Հայկական երկու հանրապետւթիւնների օրհներգերից յետոյ բացման խօսքով հանդէս եկաւ ՀՅԴ բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի տնօրէն Կիրօ Մանոյեանը:  

«Անհրաժեշտութիւն էր 1991 թւականի սեպտեմբերի 2-ի որոշումը, որովհետեւ մի կողմից բաւարարում էր Արցախի ժողովրդի՝ Ադրբեջանից անկախ ապրելու ձգտումը, միւս կողմից այդ նպատակի իրականացումը դնում էր  օրւայ քաղաքական իրավիճակի փաստերի վրայ, միւս կողմից այդ կամքի դրսեւորումն իրականացնում էր Սովետական միութեան օրւան, օրէնքների տառին ու ոգուն համապատասխան»,- իր խօսքում ասաց Մանոյեանը, ապա նշեց, որ այս օրը տօնական լինելով հանդերձ՝ պատմական քայլ էր: 

Մանոյեանի խօսքով՝ սեպտեմբերի 2-ի որոշումը մարտավարական տակտիկական քայլ էր: «Ինչպէս Արցախում պիտի ասէին՝ Արցախի հանրապետութեան անկախութեան միջազգային ճանաչումը ՀՀ-ի հետ վերամիաւորման ամենակարճ ճանապարհն է: Այս ճանապարհին անհրաժեշտ ենք համարում Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւնների միջեւ ռազմաքաղաքական համագործակցութեան պայմանագրի ստորագրումը: Պայմանագիր, որ պատրաստւել է 2016-ի ապրիլեան քառօրեայ կռիւներից յետոյ»,- շեշետեց նա:

ՀՅԴ-ականն ընդգծեց, որ Արցախի սահմանները ճշտելիս պէտք է առաջնորդւել պատմական իրաւունքի եւ Արցախի ու Հայաստանի անվտանգութեան իրական աշխարհագրական տարածքային երաշխիքների սկզբունքով: «Բանակցային գործընթացում պէտք է առաջնորդւել Արցախի ժողովրդի 1991 թւականի անկախութեան եւ 2006 ու 2017 թթ ԼՂՀ Սահմանադրութեան ընդունման եւ փոփոխութիւնների համաժողովրդական հանրաքւէներով արդէն իսկ կայացած կամարտահայտութեամբ»,- նկատեց նա, ապա եւս մէկ անգամ նշեց, որ ՀՅԴ-ն շարունակում է ԼՂՀ ճանաչման խնդրի հետապնդումը:

Խօսելով զիջումների մասին, Մանոյեանը եւս մէկ անգամ յայտնեց ՀՅԴ դիրքորոշումը:

«ՀՅԴ-ն դէմ է միակողմանի զիջումներին, փոխադարձ զիջումները կարող են լինել միայն համարժէք, միաժամանակեայ եւ փաթեթային լուծման շրջանակներում, ՀՅԴ-ն պաշտպանում է ՀՀ-ի կողմից Արցախի անկախութեան ճանաչման ակտի անհրաժեշտութիւնը՝ բանակցային գործընթացի ձախողման կամ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դէպքում»,- ասաց նա:

Այսօր նաեւ 100-ից աւելի նորագիրներ համալրեցին ՀՅԴ շարքերը: ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը, ով նորագիրների կնքահայրն էր, նշեց՝ երբ դառնում ես դաշնակցական՝ կենսագրութեան մէջ նոր էջ ես բացում:

Նորագիրները երդւեցին իրենց պատւով եւ հայրենիքով միշտ հաւատարիմ մնալ ՀՅԴ ծրագրին, կանոնագրին, որոշումներին, եւ իրենց բոլոր ուժերով, հարկ եղած դէպքում նաեւ կեանքի գնով ծառայել Հայաստանի եւ հայութեան ազատագրութեան դատին: Նրանք մէկ առ մէկ մօտեցան ՀՅԴ դրօշին, կանոնագրին, զինանշանին, զէնքին եւ երդւեցին:

Այնուհետեւ ազգային, յեղափոխական երգերի ներքոյ շարունակեցին տօնել Արցախի անկախութեան 26-ամեակը:

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։