Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 05 Սեպտեմբերի 2017 11:40

Վ. Ոսկանեան. «Սպառազինութեան ոլորտում Իրանի հետ գործակցութիւնը ձեռնտու է թէ՛ Հայաստանին, թէ՛ Իրանին եւ ոչ ոք չի կարող արգելել մեզ զարգացնել այն»

Իրանի պաշտպանութեան նորանշանակ նախարար, գեներալ Ամիր Հաթամիի յայտարարութիւնը, ըստ որի՝ իրենց գերատեսչութեան համար առաջնային նպատակ է իրենց դաշնակից պետութիւններին զէնքի մատակարարումը, իրանագէտ Վարդան Ոսկանեանի խօսքով, առաջին հերթին վերաբերում է Մերձաւոր Արեւելքի երկրներից Սիրիային, Լիբանանին, Աֆղանստանին եւ այլն:

«alikonline.ir» - Իրանի պաշտպանութեան նորանշանակ նախարար, գեներալ Ամիր Հաթամիի յայտարարութիւնը, ըստ որի՝ իրենց գերատեսչութեան համար առաջնային նպատակ է իրենց դաշնակից պետութիւններին զէնքի մատակարարումը, իրանագէտ Վարդան Ոսկանեանի խօսքով, առաջին հերթին վերաբերում է Մերձաւոր Արեւելքի երկրներից Սիրիային, Լիբանանին, Աֆղանստանին եւ այլն:

«Tert.am»-ի հետ զրոյցում, սակայն, նա նշեց, որ չի բացառւում, որ Իրանի ՊՆ-ի ղեկավարը նկատի է ունեցել նաեւ Կովկասի տարածաշրջանում Հայաստանին զէնք մատակարարելը:

«Այստեղ կայ միայն մի նրբութիւն. հայկական բանակն իր սպառազինութիւնը հիմնականում ձեռք է բերում թէ՛ Ռուսաստանի հետ երկկողմ, թէ՛ ՀԱՊԿ-ի հետ համագործակցութեան շրջանակներում՝ գնելով զէնքը աւելի մատչելի գնով: Եւ չեմ կարծում, որ Հայաստանն այս պահին իրանական զէնքի կամ սպառազինութեան կարիքն ունի»,- ասաց նա՝ յաւելելով, որ այնուհանդերձ հնարաւորութիւնը բաց է, եւ իրանցիները Հայաստանը դիտարկում են որպէս վստահելի գործընկեր, երկիր, որի հետ կառուցում են առանձնայատուկ յարաբերութիւններ:

Յիշեցնենք, որ Իրանի պաշտպանութեան նորանշանակ նախարար, գեներալ Ամիր Հաթամին յայտարարել է, որ գերատեսչութեան համար առաջնային նպատակ է երկրի հրթիռային ծրագրի զարգացումը, ինչպէս նաեւ դաշնակից պետութիւններին զէնքի մատակարարումը։

«Երբ երկիրը թուլանում է, միւս պետութիւնները թեւ են առնում ու փորձում ներխուժել: Անհրաժեշտութեան դէպքում մենք զէնք կը մատակարարենք դաշնակից պետութիւններին, որպէսզի ապահովենք տարածաշրջանային անվտանգութիւնն ու կանխենք պատերազմները»,- ասել է Հաթամին:

Վարդան Ոսկանեանի խօսքով՝ եթէ Հայաստանի եւ Իրանի ռազմական ոլորտի պատասխանատուները որոշում կայացնեն, ապա իրանական զէնքը կարող է մատակարարւել նաեւ Հայաստան: «Դրա համար որեւէ քաղաքական խոչընդոտ չկայ, զուտ նպատակայարմարութեան խնդիր կարող է լինել»,- նշեց նա:

Իրանագէտը նկատեց, որ երկու երկրների՝ պաշտպանական եւ անվտանգային ոլորտներում գործակցութիւնը հասել է բաւականին բարձր մակարդակի:

«Այս տարւայ սկզբին մեր պաշտպանութեան նախարարն այցելեց Իրան: Հիմա, իհարկէ փոխւել է Իրանի պաշտպանութեան նախարարը, բայց Իրանն այն երկրներից է, որտեղ անձերի փոփոխութեամբ քաղաքականութիւնը չի փոխւում: Բնական է, որ Հայաստանի՝ այս ոլորտում գործակցութիւնը ձեռնտու է թէ՛ Հայաստանի, թէ՛ նաեւ իրենց համար»,- ասաց նա՝ նշելով, որ այս համատեքստում խօսք է գնում անօդաչու թռչող սարքերի դէմ պայքարի մասին:

Վարդան Ոսկանեանը յաւելեց, որ հաշւի առնելով, որ ոլորտը վերաբերում է անվտանգութեանը՝ նուրբ թեմա, շատ մանրամասներ երկու երկրների նախարարների քննարկումներից չեն հրապարակւի:

«Պաշտպանութեան նախարարի մակարդակով հանդիպում էր, եւ չէին կարող չքննարկւել կարեւոր խնդիրներ, եւ չէին կարող ձեռք չբերւել կարեւոր համաձայնութիւններ»,- նշել է նա:

Վարդան Ոսկանեանը մատնանշեց՝ իսրայէլական արտադրութեան անօդաչու թռչող սարքերն օգտագործւում են Ադրբեջանական Հանրապետութեան կողմից: «Դրանք կիրառւում են մեր դէմ եւ կիրառւում են նաեւ Իրանի դէմ՝ թէ՛ ադրբեջանցիների կողմից ուղղակիօրէն, թէ՛ անուղղակիօրէն՝ Իսրայէլի կառավարողների կողմից: Բնական է, որ այս խնդիրները Հայաստանն ու Իրանը քննարկել են»,- նշեց նա:

Նրա խօսքով՝ բացի վերը նշւածներից՝ իրանցիներն ունեն բաւականին մեծ փորձառութիւն թիկունքի անվտանգութեան պահպանման ոլորտում, եւ նրանց փորձառութիւնը կարող է օգտակար լինել մեզ համար:

«Պէտք է հաշւի առնել մի կարեւոր հանգամանք. Հայաստանը փորձում է կառուցել բազմավեկտոր քաղաքականութիւն նաեւ անվտանգութեան ոլորտում թե ՀԱՊԿ-ի, թէ, ինչո՞ւ չէ, ՆԱՏՕ-ի հետ համագործակցութեան համատեքստում»,- նշեց նա՝ շեշտելով, որ եթէ իրանական կողմից լինի առաջարկ եւ այդ առաջարկը համապատասխանի մեր ստանդարտներին, ապա որեւէ խոչընդոտ չի կարող Հայաստանի՝ Իրանից զէնքի ձեռքբերման ժամանակ:

Անդրադառնալով դիտարկումներին, թէ Ռուսաստանը մշտապէս խոչընդոտում է Հայաստանին Իրանի հետ տարբեր ոլորտներում համագործակցելու հարցում, նա պատասխանեց. «Անշուշտ, Ռուսաստանի ներկայութիւնն այստեղ կայ, անշուշտ այստեղ այդ պետութիւնն ունի շահեր, բայց շատ դէպքերում ռուսական շահերը չեն բախւում մեր շահերին՝ Իրանի հետ համագործակցութեան ոլորտում։ Որեւէ մէկը չի արգելում եւ չի էլ կարող արգելել մեզ Իրանի հետ զարգացնել գործակցութիւն, յատկապէս եթէ հաշւի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանը գտնւում է շրջափակման մէջ, եւ կայ մեր կենսունակութիւնն ապահովելու խնդիր: Որեւէ մէկը չի կարող Իրանի հետ մեր համագործակցութիւնը սահմանափակել, մինչեւ չի լուծել մեր՝ շրջափակումից դուրս գալու հարցը»: 

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։