Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 05 Սեպտեմբերի 2017 15:00

Որոշումը մենք ենք կայացրել ելնելով մեր պետական շահերից

Մենք մեր հերթին պէտք է փորձենք Ադրբեջանին նեղը գցել: Մեզ համար ձեռնտու չէ պատերազմի վերսկսումը, մենք Արցախեան հիմնահարցի լուծումը տեսնում ենք բանակցային սեղանի շուրջ: Բայց դէ ֆակտո պատերազմ է տեղի ունենում մեր սահմաններին, ուրեմն եթէ հարկ լինի, պէտք է դիմացինի ագրեսիան կանխելու համար դիմենք նաեւ յարձակողական քայլերի:

«alikonline.ir» - «Հայոց Աշխարհ» օրաթերթի հարցազրոյցը ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի հետ:

 

- Հաշւի առնելով աշխարհաքաղաքական օրէցօր լարւող իրադրութիւնը, ժամանակը չէ՞, որ Հայաստանը նոր շեշտադրումներ հաղորդի իր արտաքին քաղաքականութեանը. ՀՅԴ-ի հրաւիրած ներկայացուցչական խորհրդաժողովը` «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարութիւնն ու մեր անելիքները» կարգախօսով, պայմանաւորւած էր ա՞յս անհրաժեշտութեամբ:

- Ձեր հարցում տեղ գտած շեշտադրումներն, անշուշտ, գոյութիւն ունեն: Նախ` Ադրբեջանի որդեգրած մարտավարութիւնը դժւարին վիճակ է ստեղծել մեզ համար՝ սահմանային բախումներ, զոհեր, ինչը չի կարող չանհանգստացնել: Հետեւաբար մենք ոչ միայն հակազդողի դերում պէտք է լինենք, այլեւ իրականացնենք նախաձեռնողական քաղաքականութիւն, ամէն ինչ պէտք է անենք, որպէսզի նախաձեռնութիւնը մեր ձեռքը վերցնենք, եւ դա պէտք է լինի տարբեր բնագաւառներում:

Մենք մեր հերթին պէտք է փորձենք Ադրբեջանին նեղը գցել: Մեզ համար ձեռնտու չէ պատերազմի վերսկսումը, մենք Արցախեան հիմնահարցի լուծումը տեսնում ենք բանակցային սեղանի շուրջ: Բայց դէ ֆակտո պատերազմ է տեղի ունենում մեր սահմաններին, ուրեմն եթէ հարկ լինի, պէտք է դիմացինի ագրեսիան կանխելու համար դիմենք նաեւ յարձակողական քայլերի:

Ադրբեջանը, որի նպատակն է ռազմական ճանապարհով լուծել Արցախեան խնդիրը, իր հերթին պէտք է սպասի հայկական կողմից նախայարձակ քայլերին ու գիտակցի, որ հիմնահարցը ռազմական ճանապարհով լուծելու դէպքում ինքն է վատ վիճակում յայտնւելու` կորցնելով նորանոր տարածքներ:

Երկրորդ՝ Արցախեան հարցը շարունակում է մնալ մեր ազգային գերխնդիրը, հետեւաբար հայ քաղաքական միտքը ժամանակ առ ժամանակ պէտք է մղել խնդրի առնչութեամբ նոր գաղափարների, նոր դիրքորոշումների արտայայտման: Իսկ դրան նպաստում է հարցի շուրջ մտքերի փոխանակումը:

Միաժամանակ կար Դաշնակցութեան որոշ դիրքորոշումների ու որոշումների մասին հասարակութեանն իրազեկելու, ինչպէս նաեւ, հասարակական տարբեր շերտերի տեսակէտները լսելու, քննարկելու անհրաժեշտութիւն:

Եւ վերջապէս, Արցախի Հանրապետութեան անկախութեան տարեդարձն է, իսկ Դաշնակցութիւնն ամէն տարի նշում է այն` դա նաեւ առիթ ծառայեցնելով սեփական դիքորոշումներն արծարծելու: Խորհրդաժողովը ծառայեց իր նպատակին, նոր մօտեցումներ, նոր շեշտադրումներ հնչեցին: Կարծում եմ, համապատասխան մարմիները պէտք է ուշադրութիւն դարձնեն այս ամէնի վրայ:

 

- Ապրիլեան պատերազմից յետոյ առաւել քան յստակ դարձաւ, որ «Մադրիդեան սկզբունքներն» այլեւս ժամանակաւրէպ փաստաթուղթ է, եւ ուրեմն, ժամանակը չէ՞ առաջ մղել Արցախի որպէս բանակցային կողմ հանդէս գալու անհրաժեշտութիւնը:

- Իրականում զրոյական վիճակ է` բանակցային սեղանին ոչ կոնկրետ փաստաթուղթ կայ, ոչ էլ որեւէ համաձայնությիւն:

Իսկ «Մադրիդեան սկզբունքներ» ասւածը Դաշնակցութեան համար անընդունելի է: Ադրբեջանի հիմնական ռազմավարութիւնն է հարցը ռազմական ճանապարհով լուծելը: Նա բանակցային գործընթացն օգտագործում է իր այդ ռազմավարութիւնը յաջողեցնելու համար: Այսինքն` բանակցութիւնները Ադրբեջանի ռազմական քաղաքականութեան մաս են կազմում: Այս առումով, այո, մենք պէտք է կարողանանք վերաթարմացնել, վերանորոգել մեր մոտեցումները:

 

- Վերաթարմացում ասելով հասկանանք բանակցութիւններին չմասնակցելն ու Մադրիդեան փաստաթղթից հրաժարւելը:

- Կարծում եմ, չպէտք է դիմել այնպիսի գործողութեան, որը կը նշանակի, թէ մենք դուրս ենք գալիս բանակցութիւններից: Իսկ Մադրիդեան փաստաթղթից հրաժարման տարբեր ձեւեր կան, ամէն դէպքում ինձ համար բանակցութիւններից հրաժարումը չէ այդ ճանապարհը:

Ըստ իս, այսօրւայ գործընթացը մեր օգտին է, որովհետեւ Ադրբեջանն է իր մերժողական կեցւածքով յայտնւել յիմար վիճակում: Պարզապէս մենք պէտք է շեշտադրումները յստակեցնենք, պէտք է նախ հասնենք նրան, որ իրականանան 2016-ին Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած պայմանաւորւածութիւնները միջադէպերի հետաքննութեան մեխանիզմի ներդրման հետ կապւած:

Եթէ անգամ Ադրբեջանը շարունակում է հրաժարւել, հայկական կողմը պէտք է դրանք կիրառի: Դա մեզ հնարաւորութիւն կտայ ի ցոյց դնել Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականութիւնը, ներազդել միջազգային հանրային կարծիքի վրայ, դրանով իսկ ճնշում գործադրել Ադրբեջանի վրայ:

 

- Մերօրեայ հարցադրումներն են «ոչ մի թիզ հող», թէ՞ «զիջումներ Արցախի կարգավիճակի դիմաց». Դաշնակցութեան դիրքորոշումը մնո՞ւմ է նոյնը:

- Իհարկէ, ոչ մի թիզ հող եւ ոչ մի զիջում. սա ինձ համար իմաստ կունենայ այնքան ժամանակ, քանի դեռ ԼՂ անկախութեան փաստը չի ընդունւել բոլորի կողմից: Իսկ ամէն մի երկիր պէտք է իրաւունք ունենայ իր պատմական տարածքների վրայ իր կենսունակութեան ու անվտանգութեան պայմանները ստեղծել: Այդ կենսունակութեան, անվտանգութեան ու պատմական իրաւունքի սկզբունքների հիման վրայ էլ պէտք է ձեւաւորւեն Արցախի վաղւայ պետական սահմանները:

Ազատագրւած տարածքները մեր անվտանգութեան երաշխաւորն են: Արցախը պէտք է իր ամբողջ սահմանի երկայնքով Հայաստանի հետ սահման ունենայ, ինչպէս նաեւ սահման ունենայ երրորդ երկրի հետ: Արցախը պէտք է վերականգնի հողային ամբողջականութիւնը, այսինքն` պէտք է վերամիանան Շահումեանը, Մարտակերտի դաշտային շրջանը: Սա է մեր պատկերացումը: Բայց խնդրի լուծման հիմքը կամ սկիզբը Արցախի անկախութեան ճանաչումն է բոլորի կողմից:

 

- Ինչո՞ւ Հայաստանը որոշեց չմասնակցել Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի «Agile Spiri t 2017» զօրավարժութիւններին:

- Դա շատ բնական քայլ է, Հայաստանն անկախ երկիր է, մենք ենք որոշում` ինչի՞ն մասնակցել, ինչին` ոչ: Այնպէս որ, կարող էինք մասնակցել, կարող էինք նաեւ չմասնակցել: Իսկ չմասնակցութեան պատճառները կարող են տարբեր լինել, օրինակ, կայ պատրաստւածութեան հանգամանքը:

 

- Դա Հայաստանի՞ որոշումն էր, թէ՞ կայ, ինչպէս արեւմտամէտ վերլուծաբաններն են ասում, ռուսական կողմի ճնշումը, կամ էլ գուցէ Ադրբեջանի մասնակցութեան հանգամանքն է իր դերակատարութիւնը ունեցել:

- Կարծում եմ, սա եղել է մեր պետության կայացրած որոշումը: Բայց հնարավոր է, որ հաշվարկի մեջ հաշվի է առնվել Հայաստանի ՀԱՊԿ-ի անդամակցությունը: Ես դրան նորմալ եմ վերաբերվում: Նա, ով Հայաստանի այս քայլից փորձում է խնդիր ստեղծել, դա իր գործն է, իր խնդիրն է: Այս որոշումն ինձ համար քաղաքական որոշում չէ, այլ նպատակահարմարության հարց, ժամանակի ու պահի անհրաժեշտությամբ թելադրված քայլ:

 

- Փաստօրէն որքան էլ մենք կարեւորում ենք «եւ… եւ»-ի քաղաքականութիւնը, այնուհանդերձ գալիս է մի պահ, երբ ծանրութեան նժարը հարկ է լինում թեքել այն կողմը, որտեղ Հայաստանի անվտանգութեան երաշխիքներ են:

- Իհարկէ, ՀԱՊԿ, հայ-ռուսական տարբեր ռազմավարական պայմանագրեր եւ այլն, եւ դա իրողութիւն է: Իւրաքանչիւր երկիր գտնւում է որեւէ ռազմաքաղաքական դաշինքի մէջ: Հայաստանն էլ այս ռազմաքաղաքական ճամբարի մէջ է: Բայց, դրանով հանդերձ, մենք չենք մերժում միւս ճամբարների հետ մեր համագործակցութիւնը, չենք խզում մեր կապերը, չենք հակադրւում:

Սակայն յարաբերութիւններ չխզել չի նշանակում երկու ճամբարները հաւասար հարթութեան վրայ դնել, չէ որ մենք մէկի հետ համագործակցում ենք, բայց միւսի մի մասն ենք կազմում, նրա անդամն ենք: Ի վերջոյ, պէտք է հասկանալ, որ գոյութիւն ունեցող իրողութիւնը մեզանից համապատասխան կեցւածք է պահանջում: Եւ վերջապէս, նման իրավիճակներում պէտք է գիտակցել, որ ամէն մի քայլ արւում է մեր պետական շահերից ելնելով:

Զրոյցը՝ ԱՐՄԻՆԷ ՍԻՄՈՆԵԱՆԻ

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։