Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 05 Սեպտեմբերի 2017 15:00

Որոշումը մենք ենք կայացրել ելնելով մեր պետական շահերից

Մենք մեր հերթին պէտք է փորձենք Ադրբեջանին նեղը գցել: Մեզ համար ձեռնտու չէ պատերազմի վերսկսումը, մենք Արցախեան հիմնահարցի լուծումը տեսնում ենք բանակցային սեղանի շուրջ: Բայց դէ ֆակտո պատերազմ է տեղի ունենում մեր սահմաններին, ուրեմն եթէ հարկ լինի, պէտք է դիմացինի ագրեսիան կանխելու համար դիմենք նաեւ յարձակողական քայլերի:

«alikonline.ir» - «Հայոց Աշխարհ» օրաթերթի հարցազրոյցը ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի հետ:

 

- Հաշւի առնելով աշխարհաքաղաքական օրէցօր լարւող իրադրութիւնը, ժամանակը չէ՞, որ Հայաստանը նոր շեշտադրումներ հաղորդի իր արտաքին քաղաքականութեանը. ՀՅԴ-ի հրաւիրած ներկայացուցչական խորհրդաժողովը` «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարութիւնն ու մեր անելիքները» կարգախօսով, պայմանաւորւած էր ա՞յս անհրաժեշտութեամբ:

- Ձեր հարցում տեղ գտած շեշտադրումներն, անշուշտ, գոյութիւն ունեն: Նախ` Ադրբեջանի որդեգրած մարտավարութիւնը դժւարին վիճակ է ստեղծել մեզ համար՝ սահմանային բախումներ, զոհեր, ինչը չի կարող չանհանգստացնել: Հետեւաբար մենք ոչ միայն հակազդողի դերում պէտք է լինենք, այլեւ իրականացնենք նախաձեռնողական քաղաքականութիւն, ամէն ինչ պէտք է անենք, որպէսզի նախաձեռնութիւնը մեր ձեռքը վերցնենք, եւ դա պէտք է լինի տարբեր բնագաւառներում:

Մենք մեր հերթին պէտք է փորձենք Ադրբեջանին նեղը գցել: Մեզ համար ձեռնտու չէ պատերազմի վերսկսումը, մենք Արցախեան հիմնահարցի լուծումը տեսնում ենք բանակցային սեղանի շուրջ: Բայց դէ ֆակտո պատերազմ է տեղի ունենում մեր սահմաններին, ուրեմն եթէ հարկ լինի, պէտք է դիմացինի ագրեսիան կանխելու համար դիմենք նաեւ յարձակողական քայլերի:

Ադրբեջանը, որի նպատակն է ռազմական ճանապարհով լուծել Արցախեան խնդիրը, իր հերթին պէտք է սպասի հայկական կողմից նախայարձակ քայլերին ու գիտակցի, որ հիմնահարցը ռազմական ճանապարհով լուծելու դէպքում ինքն է վատ վիճակում յայտնւելու` կորցնելով նորանոր տարածքներ:

Երկրորդ՝ Արցախեան հարցը շարունակում է մնալ մեր ազգային գերխնդիրը, հետեւաբար հայ քաղաքական միտքը ժամանակ առ ժամանակ պէտք է մղել խնդրի առնչութեամբ նոր գաղափարների, նոր դիրքորոշումների արտայայտման: Իսկ դրան նպաստում է հարցի շուրջ մտքերի փոխանակումը:

Միաժամանակ կար Դաշնակցութեան որոշ դիրքորոշումների ու որոշումների մասին հասարակութեանն իրազեկելու, ինչպէս նաեւ, հասարակական տարբեր շերտերի տեսակէտները լսելու, քննարկելու անհրաժեշտութիւն:

Եւ վերջապէս, Արցախի Հանրապետութեան անկախութեան տարեդարձն է, իսկ Դաշնակցութիւնն ամէն տարի նշում է այն` դա նաեւ առիթ ծառայեցնելով սեփական դիքորոշումներն արծարծելու: Խորհրդաժողովը ծառայեց իր նպատակին, նոր մօտեցումներ, նոր շեշտադրումներ հնչեցին: Կարծում եմ, համապատասխան մարմիները պէտք է ուշադրութիւն դարձնեն այս ամէնի վրայ:

 

- Ապրիլեան պատերազմից յետոյ առաւել քան յստակ դարձաւ, որ «Մադրիդեան սկզբունքներն» այլեւս ժամանակաւրէպ փաստաթուղթ է, եւ ուրեմն, ժամանակը չէ՞ առաջ մղել Արցախի որպէս բանակցային կողմ հանդէս գալու անհրաժեշտութիւնը:

- Իրականում զրոյական վիճակ է` բանակցային սեղանին ոչ կոնկրետ փաստաթուղթ կայ, ոչ էլ որեւէ համաձայնությիւն:

Իսկ «Մադրիդեան սկզբունքներ» ասւածը Դաշնակցութեան համար անընդունելի է: Ադրբեջանի հիմնական ռազմավարութիւնն է հարցը ռազմական ճանապարհով լուծելը: Նա բանակցային գործընթացն օգտագործում է իր այդ ռազմավարութիւնը յաջողեցնելու համար: Այսինքն` բանակցութիւնները Ադրբեջանի ռազմական քաղաքականութեան մաս են կազմում: Այս առումով, այո, մենք պէտք է կարողանանք վերաթարմացնել, վերանորոգել մեր մոտեցումները:

 

- Վերաթարմացում ասելով հասկանանք բանակցութիւններին չմասնակցելն ու Մադրիդեան փաստաթղթից հրաժարւելը:

- Կարծում եմ, չպէտք է դիմել այնպիսի գործողութեան, որը կը նշանակի, թէ մենք դուրս ենք գալիս բանակցութիւններից: Իսկ Մադրիդեան փաստաթղթից հրաժարման տարբեր ձեւեր կան, ամէն դէպքում ինձ համար բանակցութիւններից հրաժարումը չէ այդ ճանապարհը:

Ըստ իս, այսօրւայ գործընթացը մեր օգտին է, որովհետեւ Ադրբեջանն է իր մերժողական կեցւածքով յայտնւել յիմար վիճակում: Պարզապէս մենք պէտք է շեշտադրումները յստակեցնենք, պէտք է նախ հասնենք նրան, որ իրականանան 2016-ին Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած պայմանաւորւածութիւնները միջադէպերի հետաքննութեան մեխանիզմի ներդրման հետ կապւած:

Եթէ անգամ Ադրբեջանը շարունակում է հրաժարւել, հայկական կողմը պէտք է դրանք կիրառի: Դա մեզ հնարաւորութիւն կտայ ի ցոյց դնել Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականութիւնը, ներազդել միջազգային հանրային կարծիքի վրայ, դրանով իսկ ճնշում գործադրել Ադրբեջանի վրայ:

 

- Մերօրեայ հարցադրումներն են «ոչ մի թիզ հող», թէ՞ «զիջումներ Արցախի կարգավիճակի դիմաց». Դաշնակցութեան դիրքորոշումը մնո՞ւմ է նոյնը:

- Իհարկէ, ոչ մի թիզ հող եւ ոչ մի զիջում. սա ինձ համար իմաստ կունենայ այնքան ժամանակ, քանի դեռ ԼՂ անկախութեան փաստը չի ընդունւել բոլորի կողմից: Իսկ ամէն մի երկիր պէտք է իրաւունք ունենայ իր պատմական տարածքների վրայ իր կենսունակութեան ու անվտանգութեան պայմանները ստեղծել: Այդ կենսունակութեան, անվտանգութեան ու պատմական իրաւունքի սկզբունքների հիման վրայ էլ պէտք է ձեւաւորւեն Արցախի վաղւայ պետական սահմանները:

Ազատագրւած տարածքները մեր անվտանգութեան երաշխաւորն են: Արցախը պէտք է իր ամբողջ սահմանի երկայնքով Հայաստանի հետ սահման ունենայ, ինչպէս նաեւ սահման ունենայ երրորդ երկրի հետ: Արցախը պէտք է վերականգնի հողային ամբողջականութիւնը, այսինքն` պէտք է վերամիանան Շահումեանը, Մարտակերտի դաշտային շրջանը: Սա է մեր պատկերացումը: Բայց խնդրի լուծման հիմքը կամ սկիզբը Արցախի անկախութեան ճանաչումն է բոլորի կողմից:

 

- Ինչո՞ւ Հայաստանը որոշեց չմասնակցել Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի «Agile Spiri t 2017» զօրավարժութիւններին:

- Դա շատ բնական քայլ է, Հայաստանն անկախ երկիր է, մենք ենք որոշում` ինչի՞ն մասնակցել, ինչին` ոչ: Այնպէս որ, կարող էինք մասնակցել, կարող էինք նաեւ չմասնակցել: Իսկ չմասնակցութեան պատճառները կարող են տարբեր լինել, օրինակ, կայ պատրաստւածութեան հանգամանքը:

 

- Դա Հայաստանի՞ որոշումն էր, թէ՞ կայ, ինչպէս արեւմտամէտ վերլուծաբաններն են ասում, ռուսական կողմի ճնշումը, կամ էլ գուցէ Ադրբեջանի մասնակցութեան հանգամանքն է իր դերակատարութիւնը ունեցել:

- Կարծում եմ, սա եղել է մեր պետության կայացրած որոշումը: Բայց հնարավոր է, որ հաշվարկի մեջ հաշվի է առնվել Հայաստանի ՀԱՊԿ-ի անդամակցությունը: Ես դրան նորմալ եմ վերաբերվում: Նա, ով Հայաստանի այս քայլից փորձում է խնդիր ստեղծել, դա իր գործն է, իր խնդիրն է: Այս որոշումն ինձ համար քաղաքական որոշում չէ, այլ նպատակահարմարության հարց, ժամանակի ու պահի անհրաժեշտությամբ թելադրված քայլ:

 

- Փաստօրէն որքան էլ մենք կարեւորում ենք «եւ… եւ»-ի քաղաքականութիւնը, այնուհանդերձ գալիս է մի պահ, երբ ծանրութեան նժարը հարկ է լինում թեքել այն կողմը, որտեղ Հայաստանի անվտանգութեան երաշխիքներ են:

- Իհարկէ, ՀԱՊԿ, հայ-ռուսական տարբեր ռազմավարական պայմանագրեր եւ այլն, եւ դա իրողութիւն է: Իւրաքանչիւր երկիր գտնւում է որեւէ ռազմաքաղաքական դաշինքի մէջ: Հայաստանն էլ այս ռազմաքաղաքական ճամբարի մէջ է: Բայց, դրանով հանդերձ, մենք չենք մերժում միւս ճամբարների հետ մեր համագործակցութիւնը, չենք խզում մեր կապերը, չենք հակադրւում:

Սակայն յարաբերութիւններ չխզել չի նշանակում երկու ճամբարները հաւասար հարթութեան վրայ դնել, չէ որ մենք մէկի հետ համագործակցում ենք, բայց միւսի մի մասն ենք կազմում, նրա անդամն ենք: Ի վերջոյ, պէտք է հասկանալ, որ գոյութիւն ունեցող իրողութիւնը մեզանից համապատասխան կեցւածք է պահանջում: Եւ վերջապէս, նման իրավիճակներում պէտք է գիտակցել, որ ամէն մի քայլ արւում է մեր պետական շահերից ելնելով:

Զրոյցը՝ ԱՐՄԻՆԷ ՍԻՄՈՆԵԱՆԻ

Յարակից Հրապարակումներ

  • Շառլ Ազնաւուր. «Ես յոյս ունեմ երգել մինչեւ 100 տարեկան դառնալս»
    Շառլ Ազնաւուր. «Ես յոյս ունեմ երգել մինչեւ 100 տարեկան դառնալս»

    Ֆրանսահայ լեգենդար շանսոնիէ Շառլ Ազնաւուրը ֆրանսիական «Le Figaro» պարբերականին տւած հարցազրոյցում ասել է, որ յոյս ունի երգել մինչեւ 100 տարեկան դառնալը։ 

    «Յուսով եմ, տեսնենք...»,- ասել է շանսոնիէն լրագրողին։ 

    93-ամեայ լեգենդար երգիչը յայտնել է, որ նա «գործող» ամենածեր երգիչն է աշխարհում։ «Թոնի Բենէթն ընդամենը 91 տարեկան է, երեխայ է դեռ»,- կատակել է շանսոնիէն։

  • Բաքու-Թբիլիսի-Կարս թւաբանութիւնը. ինչպէս Ադրբեջանը ճանապարհ գործարկեց ուրւական-գնացքների համար
    Բաքու-Թբիլիսի-Կարս թւաբանութիւնը. ինչպէս Ադրբեջանը ճանապարհ գործարկեց ուրւական-գնացքների համար

    Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կարելի է համարել 826 կմ. երկարութեամբ ձգւող քաղաքական ատրակցիոն։

    Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի եւ Թուրքիայի առաջնորդները հանդիսաւորութեամբ բացեցին Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս (ԲԹԿ) երկաթգիծը, որի վրայ աւելի քան մէկ միլիարդ դոլար է ծախսւել։

  • Թեհրանական հորիզոններ. Երեւանը գազ կը գնի՞ Իրանից
    Թեհրանական հորիզոններ. Երեւանը գազ կը գնի՞ Իրանից

    Որոշակի պայմանաւորւածութիւններ են ձեռք են բերւել Իրանից Հայաստան գազի գնման գործընթացի կազմակերպման հարցերի շուրջ:

    Հայաստանն ու Իրանն արդեն որոշակի պայմանաւորւածութիւններ ունեն` իրանական գազի գնման հարցի շուրջ։ Պայմանաւորւածութիւնները ձեռք են բերւել ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատւիրակութեան Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակներում: 

  • Վահէ Դաւթեան. «Իրանական գազի գնման շուրջ Հայաստանի հետ տարւող բանակցութիւնները, ենթադրում եմ, որ արդիւնք տւել են, գինը նւազել է»
    Վահէ Դաւթեան. «Իրանական գազի գնման շուրջ Հայաստանի հետ տարւող բանակցութիւնները, ենթադրում եմ, որ արդիւնք տւել են, գինը նւազել է»

    Չնայած նրան, որ ներկայումս Հայաստանի համար իրանական գազը մօտ 30 դոլարով աւելի թանկ է, քան ռուսականը, այն իր որակով չի գերազանցում ՌԴ-ից գնւող գազին, ամէն դէպքում դրական է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ ակտիւացել է երկխօսութիւնը ներկրւող գազի ծաւալների աւելացման շուրջ: 

  • Հայաստան-Եւրոպական Միութիւն համագործակցութեան համաձայնագիրի կտրած ուղին
    Հայաստան-Եւրոպական Միութիւն համագործակցութեան համաձայնագիրի կտրած ուղին

    Երբ Երեքշաբթի, 3 սեպտեմբեր 2013-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեան շրջադարձ կատարեց Մոսկուայէն՝ յայտարարելով, որ պիտի դադրեցնէ Վիլնիւսի (Լիթուանիա) գագաթնաժողովին մէջ Եւրոպական Միութեան հետ 28-29 նոյեմբեր 2013-ին ստորագրուելիք «Համագործակցութեան համաձայնագիր»-ը եւ «Խորունկ եւ համապարփակ ազատ շուկայի գօտի»-ն եւ անոր փոխարէն՝ Հայաստան պիտի միանայ Ռուսիոյ գլխաւորութեամբ՝ Մաքսային եւ Եւրասիական տնտեսական միութեան, Եւրոպական Միութիւնը եւ բոլոր անոնք, որոնք կողմնակից էին այդ համաձայնագիրին, ցնցում մը ապրեցան:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։