Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 07 Սեպտեմբերի 2017 09:30

Ադրբեջանը պէտք է հասկանայ, որ չի կարող պատանդ պահել այս բանակցութիւնները

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի ասածի մէջ իսկապէս նորութիւն չկայ. խօսքը՝ Մադրիդեան փաթեթի մասին է: «tert.am»-ի հետ զրոյցում ասել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրօ Մանոյեանը:

«alikonline.ir» - ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի ասածի մէջ իսկապէս նորութիւն չկայ. խօսքը՝ Մադրիդեան փաթեթի մասին է: «tert.am»-ի հետ զրոյցում ասել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրօ Մանոյեանը: Վերջինս նշեց, որ անկախ նրանից՝ Հոգլանդն ինչ է ասել, ինչ չի ասել, գաղտնիք չէ, որ սեղանին դրւած փաստաթուղթը իրականում Մադրիդեան փաթեթն է, գուցէ այլ անունով, բայց դա է, որտեղ կան միջազգային իրաւունքի սկզբունքներն ու դրանց հիման վրայ առաջարկւող բաղադրիչները:

 

- Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովը յայտարարել էր այն մասին, որ Ղարաբաղեան հակամարտութիւնը լուծւած կը լինէր, եթէ Արեւմուտքն ընդուներ իրենց առաջարկները: Ի՞նչ առաջարկների մասին է խօսքը:

- Գուշակութեամբ չեմ ուզում զբաղւել: Ասուլիսին ներկայ լրագրողներից մէկը լաւ կը լինէր, որ հարցներ Լաւրովին այս մասին, որովհետեւ հետաքրքիր է, թէ այդ ինչ առաջարկներ են արել, որից Արեւմուտքը հրաժարվւել է:

 

- Սա չի՞ վկայում արդեօք այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարբեր դիրքորոշումներ ունեն ԼՂ հիմնահարցի կարգաւորման վերաբերեալ:

- Պարզ է, որ տարբեր պետութիւններ տարբեր մօտեցումներ կարող են ունենալ, բայց իրականութիւնն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, հանդէս են եկել համատեղ, ներկայացրել են իրենց միասնական դիրքորոշումը: Իրենց տեսակէտը արտայայտւում է համատեղ յայտարարութիւններով:

 

- ՄԽ ամերիկացի նախկին նախագահ Ռիչարդ Հոգլանդի առաջ քաշած կէտերը, մասնաւորապէս փոխզիջումների վերաբերեալ, մեծ աղմուկ հանեցին՝ չնայած ՀՀ իշխանութիւններն ասում են, որ այդտեղ նորութիւն չկայ: Ձեր կարծիքով՝ հնարաւո՞ր է ներկայումս փոխզիջումներով լուծել հակամարտութիւնը:

- Ինձ իսկապէս նեղացնում է մեր լրատւամիջոցներ մօտեցումն այս հարցին: Բացատրեմ՝ ինչ նկատի ունեմ: Հոգլանդն այս յայտարարութիւնն արեց իր պաշտօնավարման ժամկէտի աւարտից երկու օր առաջ, արդէն որպէս նախկին միջնորդ: Հոգլանդը, պարզապէս, յայտարարեց, որ ազդարարի՝ ես գնում եմ, ուրիշն է գալիս: Այդ յայտարարութիւնից յետոյ ԱՄՆ պետքարտուղարութիւնը հանդէս եկաւ պաշտօնական յայտարարութեամբ, որտեղ յղում էր արւում յունիսին ու յուլիսին կատարւած իրենց յայտարարութիւններին, որտեղ ասւում էր, որ հարցը պէտք է լուծւի խաղաղ ճանապարհով՝ բացառելով ուժի կիրառումը, տարածքային ամբողջականութեան եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքներով:

Մեր լրատւամիջոցներն անտեսում են պետքարտուղարութեան պաշտօնական յայտարարութիւնն ու ընկնում են Հոգլանդի ասած մի բանի հետեւից: Հոգլանդի ասածի մէջ իսկապէս նորութիւն չկայ, այդ երկուսը միասին Մադրիդեան փաթեթն է: Անկախ նրանից՝ Հոգլանդը ինչ է ասել, ինչ չի ասել, գաղտնիք չէ, որ սեղանին դրւած փաստաթուղթը իրականում Մադրիդեան փաթեթն է, գուցէ այլ անունով, բայց դա է, որտեղ կան միջազգային իրաւունքի սկզբունքներն ու դրանց հիման վրայ առաջրկւող բաղադրիչները:

Իրավիճակն այսօր այնպիսին չէ, որ հարցի կարգաւորման մասին խօսւի: Հիմա սեպտեմբերին Նիւ Եօրքում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները երբ հանդիպեն, չեն խօսելու այն մասին, թէ ինչպէս կարգաւորել ղարաբաղեան հակամարտութիւնը, ոչ, խօսելու են նրա մասին, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանաւորւածութիւնները կատարւեն: Ակնկալել, վախենալ, որ վաղը մեզ համար անընդունելի բաղադրիչներ կը գործադրւեն, անհիմն է:

 

- Ադրբեջանի ԱԳ նախարարն ասում է, որ եթէ Հայաստանի համար նորութիւն չէ փոխզիջումային քաղաքականութիւնն, ապա ինչո՞ւ առարկայական բանակցութիւններ չեն վարւում:

- Ի՞նչ իմաստ ունի առարկայական բանակցութիւն վարել մէկի հետ, որն ուրիշների ներկայութեամբ պայմանաւորւում է, համաձայնում է, դահլիճից դուրս է գալիս, ասում է նման համաձայնութիւններ չեն եղել: Չի կարելի նման պետութեան, մարդու հետ խօսել: Ադրբեջանը դժգոհ է 3 սկզբունքներից, յատկապէս՝ ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի սկզբունքը կիրառելուց: Դրա համար պէտք է թափ տալ ԼՂ միջազգային ճանաչման գործընթացին: Ադրբեջանը պէտք է հասկանայ, որ չի կարող պատանդ պահել այս բանակցութիւնները:

 

- Կարծիքներ կան, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրդի պայմանաւորւածութիւնները Ադրբեջանի կողմից չի էլ կատարելու, այնինչ հայկական կողմը պնդում է, որ առանց դրա հնարաւոր չէ բանակցութիւնները սկսել: Համաձա՞յն էք:

- Պայմանաւորւածութիւնները իրականան են, մեր պահանջը իրական է: Դրա համար ՀՅԴ-ն առաջարկում է, որ Հայաստանը միակողմանի պէտք է կատարի Վիեննայի պայմանաւորւածութիւնները, ասի, որ եկէք տեղադրէք այդ հետաքննական սարքերը մեր կողմը, որ վերահսկէք զինադադարը: Ադրբեջանը կը մերժի, թող մերժի, եթէ կասեն, որ միակողմանի, ուրեմն թող թոյլ տան, որ իրենց մօտ էլ տեղադրեն: Հայաստանը պէտք է յայտարարի, որ միակողմանի կատարում է Վիեննայում ձեռքբերւած պայմանաւորւածութիւնները: Դրանից յետոյ էլ Կասպրչիկը չի ասի, թէ չգիտեմ՝ որ կողմից էին մեզ վրայ կրակում, ընդհանուր բարոյական կոչեր չեն արւի, յայտարարութիւնները հասցէական կը լինեն:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։