Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 07 Սեպտեմբերի 2017 11:10

Ռ. Աբրահամեան. ««Սօսէ» մանկապարտէզը դառնալու է իւրօրինակ եկեղեցի, որի քահանան հայ կինն է լինելու»

Արցախի ազատագրական պատերազմի օրերին հիմնւած ՀՕՄ-ի Ստեփանակերտի «Սօսէ» մանկապարտէզն երէկ իր նոր շէնքի դռները բացեց հարիւրաւոր սաների առջեւ:

«alikonline.ir» - Արցախի ազատագրական պատերազմի օրերին հիմնւած ՀՕՄ-ի Ստեփանակերտի «Սօսէ» մանկապարտէզն երէկ իր նոր շէնքի դռները բացեց հարիւրաւոր սաների առջեւ: Տեղեկացնում է «aparaj.am»-ը:

ԱՀ նախագահ Բակօ Սահակեանը երախտագիտութիւն է  յայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են այս հայրենանւէր նախաձեռնութեան իրականացմանը՝ մեր ժողովրդի հոգսերով ապրելու, հայրենիքին միշտ օգտակար լինելու պատրաստակամութեան համար:

«Արցախի նախադպրոցական հաստատութիւնների շարքում կարեւոր դերակատարութիւն ունի «Սօսէ» մանկապարտէզների ցանցը, որը հիմնադրւել է Սփիւռքի մեր հայրենակիցների ջանքերով եւ հանդիսանում է Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան իւրայատուկ մի խորհրդանիշ»,- ասել է Բակօ Սահակեանը:

Հազարաւոր հայեր աշխարհի ամենատարբեր անկիւններից մեկտեղւել են ընդհանուր նպատակի շուրջ՝ ստեփանակերտցի երեխաներին հարմարաւէտ ու գեղեցիկ մանկապարտէզ նւիրելով: Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը օրհնել է նորակառոյց մանկապարտէզը եւ հանդէս եկել ելույթով.

«Այս նորակառոյց շինութիւնը պէտք է դառնայ մեր մանուկների համար օջախ, որտեղ նրանք պէտք է  ստանան հայեցի դաստիրակութիւն եւ հասակ առնեն հաւատքի եւ հայրենասիուրթեան մէջ: Մեր ազնիւ ու նւիրեալ ՀՕՄ-ուհիները կեանքի կոչեցին այս գեղեցիկ ծրագիրը, որը նման է եւս մի ռազմավարական բարձունքի նւաճմանը: Աստւած յաւերժ օրհնի ՀՕՄ-ուհիներին, մեր մանուկներին ու դաստիարակներին, մեր հայրենիքն ու ազգին»,-ասել է Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը:

մանկապարտէզի նոր շէնքի բացման արարողութեան ժամանակ ՀՕՄ-ի Կենտրոնական վարչութեան ատենապետուհի Կարոլին Շմաւոնեանն իր ելոյթում նշել է, որ մանկապարտէզի նոր շէնքի կառուցումը հիմնաքար է հայոց պատմութեան էջերում եւ իր դռներն է բացում իբրեւ կոթող:

«Հայ ազգի ամենաթանկագին գանձերը մեր մանուկներն են՝ մեր պատմութեան, մշակոյթի եւ ինքնութեան գոյատեւման իրականացումը երաշխաւորող անփոխարինելի գրաւականը: Այս խոր համոզումով եւ նւիրումով առաջնորդւած ՀՕՄ-ը 107 տարի շարունակ մայրական հոգատարութեամբ  նւիրւած է մատաղ սերնդի հայեցի դաստիրակութեանը»,- ասել է Կարոլին Շմաւոնեանը:

ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՕՄ-ի պատասխանատու Յակոբ Տէր-Խաչատրեանը, դիմելով աշխարհի տասնեակ երկրներից Արցախ ժամանած ՀՕՄ-ուհիններին, նշել է, որ ՀՕՄ-ը իր գործունէութիւնը սկսել է հայոց պատմութեան ամենաճակատագրական պահին եւ ստանձնել է օգնութեան խաչ լինելու պատասխանատւութիւնը:

«Որպէս ՀՅ Դաշնակցութեան քոյր կառոյց, ՀՕՄ-ը թիկունք է կանգնել հայ ժողովրդին եւ պատւով կատարել իր գործը: Արցախի գոյամարտի առաջին օրերից ներկայ էիք Արցախում՝ տարբեր ծրագրերով, որի արգասիքն է այսօր «Սօսէ» մանկապարտէզների ցանցը: Արցախը ոչ միայն պէտք է գոյատեւի, այլ բարգաւաճի, ընդարձակւի եւ միանայ Հայաստանին»,- ասել է Յակոբ Տէր-Խաչատրեանը եւ յաղթական երթ մաղթել ՀՕՄ-ի կառոյցին:

Օրինակելի իր մտայղացմամբ, թանկ՝ բովանդակութեամբ ու անունով ՀՕՄ-ի Ստեփանակերտի «Սօսէ» մանկապարտէզն այսուհետ քաղաքի զարդերից մէկն է լինելու: մանկապարտէզի վերաշինութեան յանձնախմբի ատենապետուհի Անժէլ Մանուկեանը դիմելով միջոցառման ներկաներին նշել է, որ ՀՕՄ-ը յաւիտեան կապւած կը մնայ հայրենի հողի եւ հայ ժողովրդի հետ.

«Որպես հայ մայր, որպէս ՀՕՄ-ուհի, բարոյական պարտականութիւն ունեմ ծառայելու հայրենիքին եւ նրա զաւակներին: Արցախն իր ազատագրւած տարածքներով յաւիտեան պէտք է մնայ միաձուլ»,- շեշտել է Անժէլ Մանուկեանը:

ՀՕՄ-ի Արցախի միաւորի ատենապետուհու պարտականութիւնները ստանձնած Ռուզաննա Աբրահամեանը, դիմելով ներկաներին, շեշտել է.

«Սօսէ» մանկապարտէզը դառնալու է իւրօրինակ եկեղեցի, որի քահանան հայ կինն է լինելու: Եթէ հայ կինը կարող  է այսպիսի շքեղութիւն  կերտել, ապա ինչեր կարող են անել մեր այրերը»,- նշել է Ռ. Աբրահամեանը եւ ընդգծել, որ այս շէնքից դուրս են գալու նպատակասլաց եւ գիտութեանն ու աշխատանքին նւիրւած սերունդներ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։