Հա

Քաղաքական

Կիրակի, 10 Սեպտեմբերի 2017 13:00

Ռուս քաղաքագէտ. «Չինաստանից զէնք գնելու հետաքրքրւածութեան մասին յայտարարութեամբ Հայաստանն ուզում է ցոյց տալ, որ մտահոգւած է ՌԴ-ի՝ Ադրբեջանին զէնք մատակարարելու փաստով»

ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանի յայտարարութիւնը՝ Չինաստանից սպառազինութիւն գնելու Հայաստանի հետաքրքրւածութեան վերաբերեալ, աւելի շուտ քաղաքական բնոյթ ունի, քան՝ ռազմատեխնիկական: Նման կարծիք է յայտնել ռուս փորձագէտ Արկադի Դուբնովը:

«alikonline.ir» - ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանի յայտարարութիւնը՝ Չինաստանից սպառազինութիւն գնելու Հայաստանի հետաքրքրւածութեան վերաբերեալ, աւելի շուտ քաղաքական բնոյթ ունի, քան՝ ռազմատեխնիկական: «tert.am»-ի հետ զրոյցում ասաց քաղաքագէտ, Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով փորձագէտ Արկադի Դուբնովը:

Քաղաքագէտի խօսքով՝ Վիգէն Սարգսեանը, հաւանաբար, նման յայտարարութեամբ ուզում էր ցոյց տալ, որ Հայաստանն անհանգստացած է, անգամ ջղաձգւած, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զէնք մատակարարելու փաստից:

«Պաշտօնական Երեւանը ուզում էր ցոյց տալ, որ կարող է գտնել սպառազինութեան մէկ այլ աղբիւր: Չեմ կարծում, թէ Հայաստանը Չինաստանի համար սպառազինութեան ոլորտում հետաքրքիր գնորդ է, որովհետեւ զէնքի այն քանակութիւնը, որը կարող է իրեն թոյլ տալ Հայաստանը, չեն գայթակղում վաճառողներին իրենց մասշտաբներով»,- ասաց Դուբնովը:

Ռուսաստանցի փորձագէտը նկատեց, որ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ, Ռուսաստանից սպառազինութիւն է ձեռքբերում ներքին գներով, ուստի Ռուսաստանում կարող են տարակուսանքով ընդունել Չինաստանից զէնք ձեռքբերելու պաշտօնական Երեւանի հետաքրքրութեանը: 

Գուցէ սա է, ըստ Արկադի Դուբնովի, այն պատճառը, որ «ՌԻԱ Նովոստի» ռուսական պետական գործակալութեան կայքից հանւել է Վիգէն Սարգսեանի յայտարարութեան վերաբերեալ արւած վերլուծութիւնը, որովհետեւ կողմերը չեն ցանկացել սկանդալային բնոյթ հաղորդել դրան:

Յիշեցնենք, որ յօդւածում, որը վերնագրւած է «Չինաստան՝ զէնքի համար. Հայաստանին քիչ են ռուսական «Սմերչերն» ու «Իսկանդերները»», նւիրւած է Վիգէն Սարգսեանի Չինաստան կատարած այցին, ՀՀ-ի՝ չինական սպառազինութեամբ հետաքրքրւելու մասին լուրերի ֆոնին յիշեցւում է երկու տարի առաջ ՌԴ-ն  Հայաստանին 200 մլն. դոլար էր տրամադրել՝ ՌԴ–ից սպառազինութիւն ձեռք բերելու նպատակով: Այդ վարկով Հայաստանը ձեռք բերեց այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են «Սմերչ», «ՏՕՍ-1Ա», «Սոլնցեպյոկ», «Իգլա-Ս» հրթիռային համակարգեր եւ զրահամեքենաներ:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զէնք վաճառելու քաղաքականութեանը, ապա Արկադի Դուբնովն ասաց, թէ քիչ հաւանական է, որ ՌԴ-ն հրաժարւի դրանից:

«Ռուսաստանը չի դադարի Ադրբեջանին զէնք վաճառել, որովհետեւ Ռուսաստանն օգտագործում է ցանկացած հնարաւորութիւն, որ դուրս չթողնի Ադրբեջանին իր ազդեցութեան գօտուց: Ադրբեջանն էլ իր հերթին արհեստականօրէն նեարդայնացնում է իր պահւածքով՝ դիստանցիա պահելով թէ՛ Ռուսաստանից, թէ՛ Արեւմուտքից:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Ռուսաստանը ՀՀ անվտանգութեան երաշխաւորն է, Հայաստանը վստահելի գործընկեր է ՌԴ-ի համար, Հայաստանում է ռուսական ռազմաբազան տեղակայւած: Այնպէս որ, չեմ կարծում, որ … Այս հարցի վերաբերեալ շատ կարելի է խօսել, բայց եթէ Հայաստանից փորձեն այս հարցին աւելի լայն նայել, ապա Ռուսաստանը չի հրաժարւի հնարաւորութիւնից ազդել ԽՍՀՄ նախկին բոլոր պետութիւնների վրայ»,- շեշտեց Արկադի Դուբնովը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։