Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2017 12:10

Արմէն Ռուստամեան. «ԵԱՏՄ-ն ապահովում է ՀՀ անվտանգութիւնը, ՀՅԴ-ն դէմ կը քւէարկի ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի առաջարկութեանը»

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը դէմ է քւէարկելու «Ելք» խմբակցութեան կողմից Ազգային ժողովին ներկայացրած Եւրասիական տնտեսական միութիւնից դուրս գալու մասին նախագծին:

«alikonline.ir» - Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը դէմ է քւէարկելու «Ելք» խմբակցութեան կողմից Ազգային ժողովին ներկայացրած Եւրասիական տնտեսական միութիւնից դուրս գալու մասին նախագծին: «tert.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը:

«Խաղ ու պար չի՝ այսօր մտնել վաղը դուրս գալ... Հայաստանը լուրջ քայլ է կատարել, ԵԱՏՄ-ն ապահովել է մեզ համար կայուն, խաղաղ զարգանալու հնարաւորութիւն ու միջավայր: Մենք ուրիշ այլընտրանք՝ մեր անվտանգութեան հետ կապւած հարցերն ապահովելու համար, դժբախտաբար, չունենք»,- ասաց Արմէն Ռուստամեանը:

Ըստ պատգամաւորի՝ Հայաստանը յաջողել է «ե՛ւ-ե՛ւ» քաղաքականութեան մէջ՝ լինելով ԵԱՏՄ անդամ հնարաւորութիւն ունի Եւրոմիութեան հետ համապարփակ համագործակցութեան:

«Անգամ Եւրոմիութիւնն է հասկացել, որ այդպիսի պահանջներ դնելը յանգեցրել է շատ լուրջ պրոբլեմների, անգամ Եւրոմիութեան հեղինակութեան խնդիրն է առաջացրել: Մենք տեսանք, թէ իրենց քաղաքականութիւնը Ուկրայինայում եւ այլ տեղերում ինչի յանգեցրեց: Հիմա, երբ Եւրոմիութիւնը վերանայել է իր մօտեցումը, մենք պէտք է դրանից օգտւենք: Այն, ինչ չենք կարողանում լուծել Եւրոմիութեան հետ կապւած, պէտք է լուծենք ԵԱՏՄ-ում, իսկ այն, ինչ չենք կարողանում լուծել ԵԱՏՄ-ում, պիտի լուծենք՝ ԵՄ-ում»,- ասաց ՀՅԴ-ական պատգամաւորը:

Հարցին՝ ի՞նչն է Հայաստանն այս տարիների ընթացքում կարողացել լուծել ԵԱՏՄ-ում, Արմէն Ռուստամեանը պատասխանեց, որ ինքն այս ոլորտում մասնագէտ չէ, հարկաւոր է հաշւետւութիւն ներկայացնել, քննարկել այն տող առ տող:

Դիտարկմանը, թէ «Ելք»-ն իր ներկայացրած նախագծում թւարկել է ձախողումները, Արմէն Ռուստամեանն ասաց, որ դա իրեն բաւարար չէ, թէպէտ ընդունում է՝ կան հարցեր, որոնք Հայաստանը լիարժէք օգտագործել չի կարողացել:

«Հարցը պէտք է նորից դիտարկւի, հասկանանք, թէ Եւրոմիութեան կողմից տրամադրւած նոր հնարաւորութիւնն ինչ դռներ է մեզ համար բացում, լիարժէք օգտագործենք ի շահ մեր պետութեան»,- նշեց նա:

Հարցին՝ ԵԱՏՄ-ն ի՞նչ է տւել Հայաստանին անվտանգութեան ապահովման ոլորտում, Արմէն Ռուստամեանը պատասխանեց. «Պարզ չէ՞, որ մեր անվտանգութեան դիրքերն ամրապնդւել են: Մենք պատերազմ ենք յաղթել, որը բոլորովին վերջերս պարտադրւել էր մեզ Ադրբեջանի կողմից: Փաստը մնում է փաստ չէ՞, թէ մենք ինչ ռեսուրսով ենք կարողացել յաղթել այդ պատերազմը: Դա ակնյայտ փաստ է չէ՞»:

Ճշտող հարցին՝ նկատի ունեք, որ ռուսական աջակցութեա՞մբ ենք յաղթել ապրիլեան պատերազմը, ապա Արմէն Ռուստամեանը պատասխանեց. «Բա ինչո՞վ են կռւել մեր զինւորները: Դուք պարզապէս տեղեակ չէք հարցից: Դուք երեւի տեղեակ չէք, թէ ինչ է նշանակում պաշտպանութիւն ասւածը: Պաշտպանութիւնն ամբողջական համալիր է, ոչ միայն մարդիկ են կարեւոր, այլեւ՝ դա զէնք զինամթերք ունենալու խնդիր է: Ռեսուրս պէտք է ունենաս: Սրա մասին է խօսքը»:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։